Տիգրան Սարգսյան. «Հերթեր այլևս չպետք է լինեն»
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 3, 2011 13:13
Այսօր կառավարության նիստից առաջ ներածական ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հարց է ուղղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` խնդրելով ներկայացնել արդեն երեք օր ընթացող թոշակների վճարման իրավիճակը:
Արթուր Գրիգորյանը նշել է, որ հունվար ամսին թոշակներն վճարումը սկսվել էր հունվարի 5-6-ից, իսկ փետրվար ամսվա վճարումն սկսվել է փետրվարի 2-ից և միայն երեկ` հենց առաջին օրը, վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ: «Դա կենսաթոշակ ստացողների մոտավորապես 25 տոկոսն է կազմում Երևան քաղաքում և կապված հերթերի հետ պետք է ասեմ, որ արդեն իսկ կանոնակարգվել է: Երեկվա դրությամբ նախարարությունից կազմվել են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք պտտվել են փոստային բաժանմունքներում, արձանագրել են իրավիճակը և ցուցակների կազմման այն նոր ձևաչափը, որ մենք սահմանեցինք, հնարավորություն տվեց ավելի արդյունավետ բաժանել թոշակները: Ընթացքում եղել են խնդիրներ, որոնք հիմնականում կապված են եղել այն հանգամանքի հետ, որ երբեմն փոստային բաժանմունք գալիս են կենսաթոշակ ստանալու քաղաքացիներ, որոնք այդ իրավունքը չունեն: Այսինքն` չունեն կամ լիազորագիր, կամ նախկինում ստացվել է, որ կենսաթոշակը կանխիկ ձևով ստացել է հարազատը կամ բարեկամը: Ներկայումս այդ հարցը հստակ կարգավորված է, և բոլորին արդեն իսկ ծանուցվել է, որ եթե լիազորագրով պետք է կենսաթոշակ ստանա, ապա լիազորագիրը պետք է ներկայացնի ոչ թե փոստային բաժանմունք, այլ սոցապ համապատասխան տարածքային բաժին, որպեսզի ընդգրկվի ցուցակներում: Երեկվա դրությամբ, պետք է ասեմ, որ ամեն ինչ նորմալ է եղել, թոշակները նորմալ բաժանվել են: Եվ հավելեմ նաև մեկ բան, պարոն վարչապետ, որ, լուծարված վճարային ծառայության աշխատակիցների հետ կապված շուրջ 31 մարդ արդեն «Հայփոստ»-ի կողմից ընդունվել է աշխատանքի, 121 մարդ հրաժարվել է աշխատանքից, և այս ընթացքում, երբ այլ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ նախարարությունը կնքեց պայմանագրեր, արդեն այդ վճարահաշվարկային կազմակերպություններում են ընդունվել աշխատանքի, և այս առումով երեկվա տվյալներով 122 աշխատակիցներ ընդգրկվել են արդեն այլ վճարահաշվարկային կազմակերպություններում աշխատանքի»:
Վարչապետը նշել է, որ արդեն մարտ ամսին պետք է բացառվեն հերթերը.«Եթե այդ մեկ տասնյակ վճարահաշվարկային բանկեր և ընկերություններ արդեն սպասարկում են թոշակառուներին, նշանակում է, որ հերթեր այլևս չպետք է լինեն»:






Facebook
Tweet This
Email This Post
