Պարզաբանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 3, 2011 13:20
Վերջին օրերին տարաբնույթ խոսակցությունները շատ են, որ մարտի 26-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հադիպման արդյունքը կանխորոշված է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները արդեն լեզու են գտել, լուծել են բոլոր հարցերը և հյուրերի հաղթանակն «ապահովված է»: Ընդ որում այդ, մասին հրապարակումներ կան ռուսական և հայկական լրատվամիջոցներում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում անդրադարձավ այդ հարցին: «Ասուլիսը հրավիրել եմ մի պարզ պատճառով, քանի որ մեծ աղմուկ է բարձրացրել այն մասին, որ Հայաստան – Ռուսաստան խաղը մենք վաճառել ենք։ Փորձել են մեր երկիրը, մեր ֆեդերացիան հնարավորինս խայտառակել ու վարկաբեկել։ Առաջին անգամ հնարավորություն ունենք մասնակցել «Եվրո2012»-ին։ Դրա համար ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է։ Մենք միայն զբաղված ենք հավաքականը ուժեղացնելով՝ ոչ խաղեր ծախելով։ Ոմանք չեն հասկանում, որ երբ հոդվածներ են գրում այն մասին, որ Հայրապետյանը զենքի ու թմրադեղերի վաճառքով է զբաղվում, նրանք վարկաբեկում են Հայաստանի անունը` միջազգային բանակցությունների ժամանակ։ Այնքան պետք է խելամիտ լինել, որ երկրի իմիջին չխփել։ Դուք կարող եք ինձ չսիրել, բայց… Ո՞վ լուրջ կընդունի նարկոտրաֆիկով զբաղվող մարդուն։ Հասկացեք, որ հիմա ֆեդերացիայում չկա Տեր-Պետրոսյան ազգանունով մարդ, չկա Սուրեն Աբրահամյան։ Այս ամենը ընդդիմության պատվեր է։ Սուտի գողականները, որ նախկինում բանտի կլյուչնիկ են եղել, հիմա ինչ-որ բաներ են գրում։ Նույն մարդիկ, որ մեծ-մեծ խոսում են, դեմքս որ տեսնեն ինսուլտ կստանան։ Վախում են իրենց անունը գրել հոդվածի տակ։Լևոն Տեր-Պետրոսյանական ոհմակի հերթական խարդավանքն է։ Ի՞նչ է նշանակում, որ վաճառվող եմ։ Ներողություն եմ խնդրում դահլիճում ներկա կանանցից. հոդվածը գրողի հետ կամուսնանամ։ Ի՞նչքան կարող ենք կուլ տալ այս վիրավորանքները։ Մի օր ուղղակի ականջից կբռնեմ ու հարց կտամ։ Միայն այդ հարցն իրեն շատ վատ վիճակի մեջ կդնի։ Ռուսաստանի ֆեդերացիայում իրար են խառնվել։ Ռուսաստանի հավաքականը թույլ հավաքակա՞ն է, որ մեզանից խաղ գնի։ Մե՞նք, ես նման բան կանե՞մ։ Դուք պատկերացնու՞մ եք, ինչ եք արել ինձ ու հավաքականի տղաների հետ։ Դա մարմնավաճառություն է կոչվում։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչում եք ինձ մեղադրում։ Այդ հոդվածի արդյունքում տղաները կարող են լարվել, շտապել։ Դուք ֆուտբոլի մեջ չեք ու չեք հասկանում, թե ինչ է նշանակում հոգեբանական ճնշումը»,- ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։






Facebook
Tweet This
Email This Post
