Հայաստան-Սփյուռք. նոր առաջադրանք

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 3, 2011 10:26

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարին հայտարարությունը՝ սփյուռքահայության ներկայացուցչության հայրենիքի պետական որոշումներուն գործընթացին մասնակցելու առումով, խլած է ոչ միայն սփյուռաքահայ, այլ նաև հայրենի լրատվամիջոցներուն ուշադրությունը։

Հայտնապես նախագահական մակարդակով որոշված է հատուկ կանոնակարգում ապահովել Հայաստանի Հանրապետության պետական կառավարումի համակարգին ներգրավելու սփյուռքահայության ներկայացուցիչները։  Կխոսվի արդեն օրենսդիր դաշտը երկպալատ դրության վերածելու և սենատի հառաջացումի հնարավորության մասին։

Տակավին պարզ չէ անշուշտ, թե սփյուռքահայության ներկայացուցիչներն ի՞նչ հիմունքով պիտի ճշտվին և անդամակցին համապատասխան ժողովին։ Հստակեցնելի է, թե ընտրության պարագային յուրաքանչյուր գաղութի մեջ ո՞վ, ի՞նչպես և ի՞նչ ժամկետներու համար պիտի կազմակերպե ընտրությունները։

Հստակ է, որ այս թեման բավական ժամանակ իր վրա կենտրոնացած պիտի պահե հասարակական տարբեր շրջանակներու ուշադրությունը։ Հարցի քննարկման միջավայրերու ձևավորումը, մեքենականություններու ճշտումը և առհասարակ այս նոր ուղիին հարթեցման միջոցները կրնան տարակարծություններ ստեղծել՝ ներկայացուցչական հանգամանքի ապահովումեն մինչև լիազորություններու ճշտումի հիմնական խնդիրներուն շուրջ։ Եվ ասիկա արտասովոր չէ. առաջադրանքը նոր է և տակավին գեթ հրապարակային քննարկումի ենթակա չէ դարձած։

Սփյուռքահայությունը ներգործուն իրավիճակի վերածելու առաջադրանքը, սակայն, նոր չէ։ Երկար ատենե ի վեր սփյուռքահայ հրապարակագրության մեջ երևցած թեմա է այս մեկը, որ անհրաժեշտ արձագանքումը չէր ապահոված, մանավանդ որևէ գործնական քայլի դիմելու լուրջ փորձ չէր կատարված։ Պահանջատիրական խնդիրներու վերաբերյալ զանազան քննարկումներու ընթացքին նման մտածողություն զարգացած էր , սակայն գործնական ուրվագծումները նույնիսկ բացակայած էին այս ուղղությամբ։

Այս հիմնախնդիրը Հայաստանի վերանկախացումեն ետք ևս մնաց պարագայական քննարկումներու շրջածիրին մեջ։ Համահայկական մարմիններ, խորհուրդներ, հանձնախմբեր գործեցին անշուշտ, սակայն ոչ իբրև  հստակեցված լիազորություններով կառույց, որոնք առաջին հերթին պիտի ներկայացնեին իրենց գաղութը և ապա ամբողջ Սփյուռքը։ Խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կամ Ցեղասպանության ոգեկոչական գաղութային մարմիններուն կը վերաբերի, ուր ներկայացված կ՛ըլլան թե՛ կուսակցությունները, թե՛ հարանվանությունները և թե՛ միությունները, այսուհանդերձ չեն ունենար ամբողջ գաղութին խնդիրները քննարկելու և այս պարագային գաղութին և ավելի ուշ Սփյուռքի խնդիրները Հայաստանի պետության հետ քննարկելու լիազորություն։ Իսկ այժմյան տրամաբանությամբ` ոչ ալ հայրենական խնդիրներու քննարկումին սփյուռքահայության մասնակցությունը ապահովելու։

Թեման համեմատաբար թեժ կրակի վրայ դրվեցաւ վերջին շրջանին։ Թեև պաշտոնապես չհայտարարվեցավ այդ մասին, սակայն սփյուռքյան շրջանակներ ներկայացուցչական մարմիններ հառաջացնելու քննարկումներն աշխուժացուցին, երբ Երևան-Անկարա արձանագրություններուն տակ հայկական կողմի ստորագրության ի տես՝ իրավացի տագնապը ապրեցան համասփյուռքյան տարողությամբ և ներկայացուցչությամբ   հայոց պատմական իրավունքներուն տեր կանգնելու։

 Մտահան չընենք այն փաստը, որ այսօր դասական Սփյուռքին առընթեր նոր Սփյուռք կայ ձևավորված, որ նկատառելի համրանք է, որ եթե չունի դասական Սփյուռքին կազմակերպվածությունը, այսուհանդերձ ունի իր յուրահատկությունները։ Նոր Սփյուռքը որ ի՛ր ձևերով հաղորդակցության մեջ է հայրենիքին հետ և մանավանդ որուն քաղաքացին ալ է։

Անպայման  պետք է վերհիշել նաև թրքական Սփյուռքը, զոր կառավարելու համար պաշտոնական Անկարան հոխորտաց, թե հառաջացուցած է նախարարության լիազորություններով օժտված վարչություն, որուն գործառույթները թուրք ազգաբնակչություններու իրավունքներու պաշտպանությունն ու Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարիլն են։ Այս բոլորը հայտարարվեցան, երբ կազմվեցավ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը։

Արագ դատումներ պետք չէ կատարել առաջադրվածին նկատմամբ։ Հստակ է, որ առնված քայլը կը միտի Հայաստան-Սփյուռք համագործակցության դաշտը կանոնակարգելու և այդ ճամփով հայրենական հարցերուն Սփյուռքի ներգրավվածությունը հաստատության հիմերու վրա դնելու։ Կմնա հստակեցնել նաև այդ բոլոր մեքենականություններու ճշտման և ուղիներու հարթեցման աշխատանքներուն այժմեն իսկ սփյուռքյան կառույցներու ներկայացուցիչներուն խիստ անհրաժեշտ մասնակցության եղանակը։

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply