ԵԱՀԿ ԳՎ ձմեռային նստաշրջանում կնշանակվի Լեռնային Ղարաբաղի հարցով նոր հատուկ ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 10:03

ԵԱՀԿ Գլխավոր վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում, որը տեղի է ունենալու փետրվարի 24-25-ը Վիեննայում, նշանակվելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԳՎ հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԵԱՀԿ ԳՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Նա հիշեցրել է, որ ԼՂ եւ Վրաստանի հարցերով ԵԱՀԿ ԳՎ նախկին հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը չի վերընտրվել 2010-ի սեպտեմբերին Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում, եւ դրա հետ կապված արդեն ԵԱՀԿ ԳՎ պատգամավոր չէ: «ԵԱՀԿ ԳՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն պետք է հայտնի նոր ներկայացուցչի անունը, եւ հիմա քննարկվում են կոնկրետ առաջարկներ: Հայկական պատվիրակությունը կցանկանար, որպեսզի այդ պաշտոնում նշանակվեր հեղինակավոր քաղաքական գործիչ, օբյեկտիվ մարդ եւ ազնիվ միջնորդ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը բավական փաստարկներ ունի Ադրբեջանին պատասխանելու համար»,- ասել է Սաֆարյանը:

Միաժամանակ նա նշել է, որ 2011-ի սկզբին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հավանաբար ԵԱՀԿ ՄԽ համաձայնությամբ, հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում ՄԽ գործունեությունը հասարակական բանավեճերին: «Ես ըմբռնումով եմ մոտենում այդ հայտարարությանը, բայց եթե ադրբեջանական կողմը կրկին սկսի ԵԱՀԿ ԳՎ-ում թեժացնել կրքերը, ապա հայկական պատվիրակությունն համարժեք պատասխան եւ մոտեցում կցուցաբերի»,- ասել է Սաֆարյանը:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply