Խոշոր հրդեհ Երեւանի կենտրոնում. Մեկ զոհ, երկու վիրավոր
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | February 3, 2011 9:50
Երեւանի Վարդանանց փողոցի 5/ա շենքի 44 բնակարանում փետրվարի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 5 հրշեջ մեքենաներ, որպեսզի մարեն 10 հարկանի շենքի 6-րդ հարկում բռնկված հրդեհը:
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել նաեւ Հայաստանի փրկարար ծառայության հատուկ ջոկատի փրկարարները: Բնակարանի դուռը կոտրելու միջոցով հրշեջներին հաջողվել է մուտք գործել եւ մեկ ժամ տեւած աշխատանքներից հետո մարել կրակը: Բնակարանում գտնվել է 90-ամյա Սեդա Թամրազյանի այրված դին:
Մարման աշխատանքի ընթացքում տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել նաեւ 2 հրշեջներ` Դավիթ Միրզոյանն ու Վիտալի Միրզոեւը: Նրանք տեղափոխվել են ռադիոլոգիայի եւ այրվածքաբանության կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԻՆ փրկարար ծառայության պետ Սերգեյ Ազարյանը, Երեւանի ոստիկանության կենտրոնականի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, կենտրոնականի բաժնին կից Նորք-Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանը: Այս պահին հրշեջները մեկնել են դեպքի վայրից հրշեջ մաս: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի քննիչները փորձագետ հրշեջների հետ քննչական աշխատանքներ են կատարում: Քննիչների ցուցումով դեպքի վայր է մեկնել դիակ տեղափոխող մեքենան` այրվածի դին տեղափոխելու: Շամշյանի փոխանցմամբ, հրդեհը չի հասցրել տարածվել հարեւան բնակարաններ:






Facebook
Tweet This
Email This Post
