Բնապահպան. «Եթե գազը թանկանա, անտառներն անվերադարձ կկորցնենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 2, 2011 15:42

Եթե գազի գինը նորից բարձրանա, ապա մեր անտառներն անվերադարձ  կկորցնենք. այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց «Հայաստանի անտառներ» հկ նախագահ Նազելի Վարդանյանը:

Բնապահպանը նշում է, որ 2003-ին, օրինակ, անօրինական անտառհատումների ծավալը տարեկան կազմում էր 800 հազար խմ: «Անօրինական անտառհատումների ծավալը վերջին տարիներին նվազել էր մինչև 400-500 հազար խմ, սակայն արդեն իսկ նկատվում է աճ` պայմանավորված գազի բարձր գնով»,- ասում է Վարդանյանը: Նա նշում է, որ անգամ ընտանիքները, ոոնք մեծ ծախսեր են կատարել ու գազի կաթսա տեղադրել, այս տարի վառելափայտ են օգտագործում:

«Էկոլուր» հկ տնօրեն Ինգա Զառաֆյանը նշում է, որ  միայն Տավուշի մարզում 15 հազար ընտանիք փայտով է տունը ջեռուցում: Ամեն ընտանիք տարեկան նվազագույնը 10-15 խմ փայտ կօգտագործի: Արդյունքում անտառհատումների ծավալը ահռելի թվերի կհասնի` բազմակի գերազանցելով այս տարվա համար թույլատրված  սանհատումների 35 հազար խմ ծավալը:

Անդրադառնալով սանհատումների ծավալին` Զառաֆյանը նշում է, որ անտառների վերջին ուսումնասիրությունը տեղի է ունեցել 90-ականների սկզբին. «Եթե չգիտես, թե ինչքան անտառ ունես, ինչպե՞ս կարելի է հատումների պլան մշակել»:

Վարդանյանը նշում է, որ Հայաստանի անտառների մեծ մասն այնքան է կրճատվել, որ կորցրել է ինքնավերականգնման ունակությունը: «Բազմիցս առաջարկել ենք գոնե 5-10 տարով ընդհանրապես արգելել սանիտարական հատումները: Առաջարկ է եղել նաև դոտացիաներով գազի գինը հանրությանը մատչելի դարձնել, սանհատումների հումքը մատչելի գներով տրամադրել բնակիչներին, բայց անարդյունք»,- ասում է Վարդանյանը` նշելով, որ անտառների պահպանությունը նույնքան կարևոր է, որքան սպորտ և մշակույթ ունենալը. «Կորցնելով անտառները կկորցնենք նաև մեր հայրենիքը, քանի որ այն անդառնալիորեն կվերածվի անապատի»:

Վարդանյանի խոսքով` Հայաստանի անտառները հիմնականում ունեն կուլիսային բնույթ. արտաքինից անտառ է թվում, սակայն իրականում մացառուտներ են ու ցածրորակ ծառեր. «որակյալ ու արժեքավոր ծառերը վաղուց հատվել ու վաճառվել են»:

Բնապահպաններ նշում են, որ ներկայումս անօրինական ծառհատումները 10 անգամ ավել են, քան օրենքով թույլատրված սանիտարական հատումների ծավալն է: «Հատվում են ոչ միայն անտառները, այլև ձեռքի տակ եղած բոլոր ծառերը»,- ասում է Զառաֆյանը: Նա նշում է, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում ծառհատումների մասին ու տեղյակ պահում նաև բնապահպանական պետական տեսչությունը, որը միշտ պատասխանում է, որ իրենք կուսումնասիրեն: «Բնապահպանական պետական տեսչությունը երբեք ոչնչից տեղյակ չէ, դրա համար էլ ծիծաղելի թվեր է միշտ ներկայացնում»:

Զառաֆյանի կարծիքով` վերահսկողություն պարզապես չի իրականացվում, քանի որ «մեծ բիզնես է և մեծ փողեր»:

Խնդրի լուծման համար, ըստ Զառաֆյանի,  անհրաժեշտ է «քաղաքական կամք և լուրջ փոփոխություններ»:

Դիտվել է 2162 անգամ:
Print Friendly

Leave a Reply