Նախագահը վերընտրվեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 2, 2011 14:29
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համաժողովը նշանակալի իրադարձություն է, թեկուզ այն առումով, որ շախմատը մեր երկրում թիվ 1 մարզաձև է համարվում: Եվ կարևոր նշամնակություն ունի, երբ իմի են բերվում վերջին տարիների կատարված աշխատանքների արդյունքները, անցկացվում է այդ կազմակերպության նախագահի ընտրություն: Ուշագրավ է նաև, որ ֆեդերացիան գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած կազմակերպության համաժողովում միաձայն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ս. Սարգսյանը: Այսպիսով, նա կշարունակի ղեկավարել կազմակերպության աշխատանքներն առաջիկա երկու տարիներին: Ընտրվեց նաև 64 անդամից բաղկացած Ֆեդերացիայի նախագահության կազմ: Համաժողովից հետո տեղի ունեցավ ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը հաստատեց նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածուներին, ովքեր, ֆեդերացիայի կանոնադրությամբ, ընդգրկվում են Ֆեդերացիայի խորհրդի կազմում: Կրկին Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը վստահվեց Սմբատ Լպուտյանին: Ֆեդերացիայի նախագահի տեղակալներն են` Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրենն է` Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղարը` Գագիկ Հովհաննիսյանը: Համաժողովում լսվեց նաև Սմբատ Լպուտյանի հաշվետվությունը: Ներկայացվեցին շախմատային ձեռքբերումները, նաև անդրադարձ եղավ այն աշխատաններին, որոնք նախատեսված են իրականացնել առաջիկայում: Ներկայումս Հայաստանում գործում են 46 շախմատային օջախներ, որոնցից 4-ը բացվել են վերջին ժամանահատվածում: Ընդ որում, դրանք հիմնվել են Հայաստանի տարբեր մարզերում` Արագածոտնում, Գեղարքինուքում, Արարատում և Կոտայքում: Մեր շախմատիստները վերջին երկու տարիներին հաղթել են 25 մրցաշարերում: Այդ հաղթանակներում նշանակալի է մեր առաջատար Լևոն Արոնյանի դերը, ով առաջիկայում հավակնորդների մրցամարտերում պայքարելու է աշխարհի չեմպիոնի թագի համար: Այսպիսով, հաղթանակներից 8-ը բաժին է հասնում Լևոն Արոնյանին: Նրա նշանակալի հաջողություններից են 2009-ի արագ շախմատի եւ 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնների տիտղոսները, «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցանակը, 2010-ի Տալի հուշամրցաշարի հաղթողի կոչումը: 2009-ին Լիլիթ Մկրտչյանը ճանաչվել է Եվրոպայի փոխչեմպիոն: Նշվեց, որ Սամվել Տեր-Սահակյանը 2009-ին դարձել է մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, իսկ անցած տարի ճանաչվել է այս տարիքային խմբի աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն: Ֆեդերացիայի փոխնախագահը ներկայացրեց նաև մեր հավաքականների թիմային ելույթները, որոնցում նույնպես գրանցվել են հաջողություններ: Այդուհանդերձ, հայտնվեց, որ տղամարդկանց թիմային առաջնություններում մեր հավաքականը որոշ չափով զիջել է դիրքերը: Այդուհանդերձ, հույս հայտնվեց, որ Հայաստանի ազգային հավաքականում Սերգեյ Մովսիսյանի ընդգրկումը հնարավորություն կտա կրկին հաջողությունների հասնելու միջազգային մրցաշարերում: Հրապարակվեց, որ Սերգեյ Մովսիսյանի տեղափոխման համար որպես փոխհատուցում շախմատի Հայաստանի ֆեդերացիան շախմատի Սլովակիայի ֆեդերացիային 30 հազար եվրո է տրամադրել: Ինչևէ, համաժողովի մասնակիցները շախմատի ֆեդերացիայի աշխատանքը գնահատեցին բավարար: Իսկ Սերժ Սարգսյանը վերջում ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ ու դրամական պարգևներ հանձնեց շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության մրցանակակիրներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին ու Զավեն Անդրիասյանին և անձամբ շնորհավորեց երիտասարդ գրոսմայստերներին հաջողության հասնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
