«Ես բավարարված չեմ». Պաշտպանը ամփոփել է 5 տարին ու պատրաստվում մեկնել Բիշքեկ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2011 16:46

«

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր պաշտոնավարման հինգ տարիների «մեծ արդյունք» է համարում այն, որ այդ ժամանակամիջոցում իր ղեկավարած գրասենյակը չի ձուլվել ոչ ընդդիմությանը և ոչ էլ իշխանությանը: «Եթե հիշում եք, մեզ շատ են քննադատել և իշխանական, և ընդդիմադիր թևից, բայց ես մեծ արդյունք եմ համարում այն, որ մենք չձուլվեցինք ոչ մեկին: Բայց եթե հարցենք` ես բավարարվա՞ծ եմ դրանով, ես կարող եմ փաստել, որ մենք կարողացանք չձուլվել ոչ մի կողմի հետ, բայց ես բավարարված չեմ», -այսօր իր գործունեության ամփոփիչ և վերջին ասուլիսում հայտարարեց ՄԻՊ Արմեն Հարությունյանը:

Նա հստակեցրեց, որ կասկած չպետք է լինի, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ինչ-որ թևին ձուլված է: «Ամբողջությամբ այդ կասկածները փարատել մեզ չհաջողվեց, և ես այդ իմաստով բավարարված չեմ: Բայց այն, որ մենք կարողացանք մեր հարաբերական անկախությունը պահպանել, հաջողություն էր», -հավելեց Հարությունյանը: Այս իմաստով, ըստ նրա, հաջորդ պաշտպանը պետք է ուժեղ լինի ու պատրաստ մամուլի միջոցով քաղաքական շանտաժին:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, 2006-ի փետրվարի 20-ից մինչև 2010-ի դեկտեմբերի 31-ը, պաշտպան Արմեն Հարությունյանն ստացել է ավելի քան 18 հազար 346 դիմում-բողոք` 28 հազար 41 անձանցից: Այսօրվա ասուլիսում նա տեղեկացրեց, որ ստացված դիմում-բողոքներից դրական լուծում են ստացել 530-ը, ինչի արդյունքում, ըստ պաշտպանի, վերականգնվել է 8703 անձանց իրավունք:

Հարցին, թե ո՞րն է ամենակարևոր իրավունքը, որ պաշտպանի գրասենյակին հաջողվել է վերականգնել, Հարությունյանը պատասխանեց, որ իրավունքների մեջ ոչ կարևոր իրավունք չկա ու հավելեց. «Մենք կարողացել ենք 8703 մարդու իրավունք վերականգնել այս հինգ տարիների ընթացքում: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական երկիր չէ, և շատ ժամանակ օմբուդսմենը իրավունքը վերականգնում է այն պաշտոնյայի միջոցով, որը հենց այդ խախտումներն արել է: Դա շատ դժվար է, հետևաբար արվածը համարում ենք մեծ հաջողություն: Բայց մյուս կողմից կարծում ենք, որ սա բավարար չէ»:

Հինգ տարում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հինգ տարեկան և ավելի քան տասը արտահերթ զեկույցներ է ներկայացրել: Նրա դիմումի համաձայն, Սահմանադրական դատարանում մի շարք օրենքներ հակասահմանադրական են ճանաչվել:

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Առաջիկա շաբաթվա ընթացքում խորհրդարանի աշխատանքներն սկսելուն պես, ԱԺ նախագահը կհայտարարի այդ մասին և պաշտպանը հայտարարելուց երեք օր հետո կհաստատի իր հրաժարականը: Նա ստանձնելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը: Նրա նստավայրը լինելու է Բիշքեկում:

Ներկայացնելով ապագա աշխատանքի ժամկետները, նա հստակեցրեց, որ ՄԱԿ-ի համակարգում մրցույթով անցած կադրը մեկ կամ երկու տարվա պայմանագրով է աշխատում: Բայց այդ համակարգում մնացողը, ըստ Հարությունյանի, մնում է միշտ, բայց տարբեր աշխատատեղերում: «Ես մտադրություն ունեմ մնալ այդ համակարգում ու շարունակել աշխատանքը: Ես մտադրություն ունեմ միջազգային մարդու իրավունքների համակարգից այլևս դուրս չգալ», -իր հեռահար ծրագրերը ներկայացրեց պաշտպանը:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply