Մրցույթ Բուլղարիայի ուսումնական հաստատություններում սովորելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2011 11:26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն /4 կրթաթոշակ/  ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն, ռուսերեն կամ բուլղարերեն լեզուներին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•անձնագրի պատճեն,
•բժշկական տեղեկանք արտերկիր մեկնելու համար՝ նոտարի կողմից անգլերեն  թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•3×4 չափի 2 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2010 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:

Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փ.4)  մարտի 10-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք.Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64,52-52-07) մինչև  մարտի 1-ը ներառյալ:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply