ԼՂՀ-ում աշխատում են հեռուստահեռարձակման թվայնացման ծրագրի ապահովման ուղղությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 2, 2011 10:51

ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության` 2010թ. կատարած աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը երեկ  լրագրողներին  է ներկայացրել  վարչության պետ Կառլեն Պետրոսյանը:

Ըստ Կ.Պետրոսյանի` վարչության ենթակայությամբ գործող էներգետիկայի, գազաֆիկացման, տրանսպորտի, կապի եւ փոստային ծառայությունների ոլորտներում ընթացող բարեփոխումները շարունակվում են: Կարեւորելով էներգետիկայի բնագավառը` իբրեւ տնտեսական աճի ապահովման կարեւոր պայման, նշվեց, որ հանրապետության ջրային ռեսուրսները ուղղվելու են էլեկտրաէներգիայի արտադրմանը: Ոլորտում մեծածավալ աշխատանքներ են ընթանում գործող հէկ-երի շարքը նորերով համալրելու ուղղությամբ: Կ.Պետրոսյանի խոսքով` այս տարվա հունիսին կշահագործվեն Թրղե – 2, իսկ աշնանը` Մատաղիս – 1 եւ – 2 հէկ-երը: Կսկսվեն նաեւ Թրղե – 3-ի շինարարական, ինչպես նաեւ` Թրղե – 4-ի նախագծման աշխատանքները: Փոքր հէկ-եր կկառուցվեն նաեւ Իշխանագետի եւ Կարկառի վրա: Արդյունքում` նոր աշխատատեղեր, եւ Արցախը էներգիա ներկրողից կվերածվի էներգիա արտահանող երկրի: Աշխատանքներ են տարվում նաեւ բաշխիչ ցանցերի արդիականացման ուղղությամբ` էներգիայի կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Պատասխանելով լրագրողների` ոլորտին առնչվող հարցերին` Կ.Պետրոսյանը պարզաբանեց հատկապես «Արցախէներգո»-ի /«Արցախգազ» ընկերության հետ մեկտեղ/ կառավարումը «Էյ-Ի-ՋԻ» մասնավոր ընկերությանը հանձնելու հարցը: Վարչության պետը նշեց, որ այդ քայլը կնվազեցնի անխուսափելի կորուստները եւ կբարձրացնի կառավարման արդյունավետությունը: Սակագների պահով Կ.Պետրոսյանը լրագրողներին խորհուրդ տվեց չանհանգստանալ, որովհետեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի լինի:

Տրանսպորտի բնագավառում, իբրեւ նորություն, վարչության պետը նշեց մայրաքաղաքից հանրապետության տարբեր բնակավայրեր եւ Ստեփանակերտ-Երեւան երթուղիները փաթեթային տարբերակով սպասարկելու օրինակը: Շուտով Ստեփանակերտ-Երեւան երթուղին ապահովելու համար կներմուծվեն 25 տեղանոց 5 ավտոբուսներ: Շրջկենտրոններում կվերանորոգվեն եւ կկառուցվեն ավտոկայաններ: Այս ամենով հանդերձ` միջազգային չափանիշներին հասնելու համար, Կ.Պետրոսյանի կարծիքով, խնդիրներ կան` ուղեւորահոսքերի քանակի եւ ճանապարհների վիճակի հետ կապված: Արձագանքելով լրագրողների մտահոգությանը` Կ.Պետրոսյանը խոստացավ մայրաքաղաքում ուժեղացնել երթուղային տաքսիների ժամանակացույցի պահպանման վերհսկողությունը:

Կապի ոլորտում աշխատանքներ են տարվում հեռուստահեռարձակման թվայնացման ծրագրի ապահովման ուղղությամբ: Հանրապետության 80 տոկոսն մտնելու է այդ ծածկույթի տակ: «Արցախկապ» ՓԲԸ կողմից հանրապետության տարածքում կհեռարձակվեն անվարձահատույց 10, եւս 56 ծրագիր` վճարովի հիմունքներով: Պետությունը 15 հազար անվճար ալեհավաք է նախատեսում սոցիալապես անապահով ընտանքիների համար: Ոլորտի ձեռքբերումներից առանձնացվեց «Ղարաբաղ Տելեկոմի» կողմից մալուխային գծի անցկացումը:

Անդրադառնալով փոստային ծառայությանը` արտադրական ենթակառուցվածքների վարչության պետը նշեց, որ հանրապետության տարածքում չկա մի բնակավայր, որտեղ չիրականացվի փոստային ծառայություն: Բոլոր համայնքներում գործում են բաժանմունքներ` համալրված ժամանակակից սարքավորումներով:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ    Կ.Պետրոսյանը անդրադարձել է  նաեւ հանրապետությունում ընթացող գազաֆիկացման աշխատանքներին, Վերահսկիչ պալատի կողմից «Արցախէներգո» ընկերությունում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացմանը, հանրապետությունում բիոէներգիայի, ինչպես նաեւ ժամանակակից այլ տեսակի էներգիա արտադրելու խնդիրներին, Արցախի հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ծրագրերը սեփական ալիքով հեռարձակելու հնարավորությանը եւ այլ հարցերի: Նա ավելացրեց նաեւ, որ այս տարի Արցախում կթողարկվեն արցախյան թեմաներով նամականիշեր. արդեն պատվերներ կան Հոլանդիայից եւ այլ երկրներից:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply