Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. դպրոցներում կուսուցանեն, թե ինչպես պաշտպանվել երկրաշարժից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 4, 2009 14:09

earthquakeՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը սեպտեմբերից հանրապետության դպրոցներում կիրականացնի ուսումնական վարժանքներ` գործնական ու տեսական պարապմունքներով:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` ուսումնական պարապմունքներին մասնակցել են 8 հազար 655 աշակերտներ և ուսանողներ, 716 ուսուցիչներ ու դասախոսներ, 648 նախադպրոցականներ, դաստիարակներ:

«Արմենպրես»-ը գրում է, որ սեյսմիկ ծառայությունը մշակել է վարքականոններ, թե ինչպես պետք է վարվի յուրաքանչյուր մարդ երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո: «Հայկական Կարմիր Խաչ»-ի հետ տպագրվել են նաև տեղեկագրեր, բուկլետներ, որոնք տարածվում են ոչ միայն դպրոցներում, այլև հիմնարկ-ձեռնարկություններում, թաղապետարաններում, կազմակերպվում են զրույցներ, վարժանքներ: Ծառայության աշխատակիցները սովորեցնում են, թե ինչպես պետք է առաջնորդվել աղետների, մասնավորապես` երկրաշարժի ժամանակ:

Խորհուրդներ` ԱԻՎ նախարարության «Արտակարգ ալիք» թերթից.

Երկրաշարժի ժամանակ, եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚ իսկ 3-րդ և ավելի բարձր հարկերում գտնվելու դեպքում շենքից դուրս մի եկեք. աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար աստիճաններն ու սանդղակավանդակներն են փլվում։

Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

Հարկավոր է շենքից դուրս գալուց զգուշանալ ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚շնչելիս օգտագործել թաշկինակ‚ գլխաշոր կամ թեկուզ հագուստից պոկված կտոր։

Երկրաշարժի ժամանակ, երբ գտնվում եք փողոցում, պետք է հեռանալ շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից` դեպի անվտանգ տարածություն:

Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար, դա շատ վտանգավոր է։Մնացեք դրսում և միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ:

Դիտվել է 3228 անգամ:
Print Friendly

Leave a Reply