Ձյունը կաթվածահար է արել երևանյան տրանսպորտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2011 11:54

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքով երթևեկության և հետիոտնի համար հնարավոր անհարմարությունները վերացնելու նպատակով վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքներ:

Քաղաքապետարանի  տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ աշխատանքներում  ներգրավված են ձյան մաքրման համար նախատեսված 270 միավոր  հատուկ տեխնիկայից 35-ը` այդ թվում ինչպես ձյուն մաքրող, այնպես էլ աղ և ավազ ցանող մեքենաներ: Անհրաժեշտության դեպքում կավելացվի հատուկ տեխնիկայի քանակը:

Նշենք, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պահեստավորված է անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ (1300 տոննա աղ, 2200 խմ ավազ): Նշված քանակությունն անընդհատ լրացվում է:

Այս պահի դրությամբ փողոցների և մայթերի մաքրման համար օգտագործվել է շուրջ 70 տոննա աղ և մոտ 160 խմ ավազ:
Բոլոր վարչական շրջաններում, հատկապես մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում, ներկա պահին ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են:
Չնայած ձեռնարկվող միջոցառումներին` տրանսպորտային միջոցները մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում կաթվածահար վիճակում են: Ճանապարհների վատ անցանելիության պատճառով կանգառներում մարդկանց մեծ կուտակումներ են, Մյասնիկյան պողոտայում էլ` անանցանելի խցանումներ:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply