Հետևողական և կանոնակարգված աշխատանքի արդյունքները նկատելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2011 22:46

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գնահատելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և Ճանապարհային ոստիկանության ավտոշուկաների հարակից փողոցների տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածությունը և խցանումները վերացնելու ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքը, ինչպես նաև առևտրի և սպասարկումների վարչության կողմից նախորդ շաբաթ բացօթյա անօրինական առևտրի կանոնակարգումը, շեշտեց, որ այդ աշխատաոճը լինելու է խիստ հետևողական:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել այդ վայրերում սանիտարահիգիենիկ պայմաններին. <<Շուկաներում պետք է ապահովվեն բոլոր ներքին պայմաններն ու մաքրությունը>>,- ընդգծեց քաղաքապետը:
Բացի այդ, գարնանը առևտրի բավականին ակտիվ շրջան է, և առևտրականների համար հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով պետք է ուսումնասիրել նոր մինի շուկաների կազմակերպման պահանջարկի անհրաժեշտությունը:
Խիստ և հետևողական է լինելու նաև ապօրինի շինությունների և հողազավթումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքը:
Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության և ուղևորահոսքը կառավարելի դարձնելու նպատակով զեկուցվեց, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն արդեն իսկ մշակվել է տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգի նախագիծը: Մայրաքաղաքում տրանսպորտի աշխատանքների կանոնակարգման շրջանակում մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրվեց ավտոկայանատեղերի գույքագրման, երթևեկության նոր ժամային գրաֆիկների մշակման, ինչպես նաև հասարակական տրանսպորտի կանգառների աշխատանքը կանոնակարգելու հարցերին:
Կարեն Կարապետյանը շեշտադրեց բյուջետային ապառքների, ինչպես նաև գույքահարկի ու հողի հարկի հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը` առաջարկելով ճշտել և գնահատական տալ գույքային հարկերի բազային տվյալների մասով:

Հանձնարարականների շրջանակում անդրադարձ եղավ Երևանի կանաչապատման խնդրին. <<Մայրաքաղաքում կանաչապատման մշակույթը պետք է սկզբունքորեն փոխվի>>,- հայտարարեց քաղաքապետը: Ներկայացվեց, որ ներկայում մշակվում է ֆունկցիոնալ կանաչապատման համար նախատեսված ծրագիր, որը քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, համաձայն որի` Երևանի այգիներն ու պուրակները պետք է համալրվեն տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխանող ծառատեսակներով ու բուսատեսակներով, ինչի արդյունքում ակնկալվում է նվազեցնել փոշու և տրանսպորտային արտանետումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Անդրադառնալով կրթության ոլորտին` նշվեց, որ հանրակրթական դպրոցներում անհրաժեշտ է հրատապ լուծում տալ մի շարք խնդիրների։ Ի մասնավորի կարևորվեց հոգաբարձուների խորհրդի ձևավորումը` առանձնակի կարևորելով բարերարների կողմից կատարված հանգանակությունների և իրականացված ծախսերի թափանցիկության ապահովումը, նույն սկզբունքը ապահովելով նաև կրթական գործընթացում հավաստագրերի ստացման և տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում:
Մեկ անգամ ևս անդրադառնալով մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում սննդի որակի և չափաբաժնի ուսումնասիրության հարցին` քաղաքապետը կարևորեց երեխաների սննդակարգի մեջ անհրաժեշտ կալորիականության ապահովումը: Քաղաքապետը հատուկ ուշադրություն հրավիրեց այդ հաստատություններում վարձավճարների գանձման մասով առկա տարբերակված մոտեցումներին. <<Մենք ունենք տարբեր վարչական շրջաններում տարբեր մոտեցում` մի երեխայի համար 0-ից մինչև 8000 դրամ գումարի գանձում: Ավանում զրո է: Ավանի օրինակը պետք է ուսումնասիրենք>>,- նշեց Կարեն Կարապետյանը:
Աշակերտ-մշակութային օջախներ կապն ամրապնդելու նպատակով մայրաքաղաքի դպրոցներում այսուհետ կներդրվի աբոնեմենտային համակարգ: Այս հարցում քաղաքապետը կարևորեց նաև <<Կանազ>> մշակույթի տան վերակառուցման և տեղում կինոթատրոնի ստեղծման անհրաժեշտությունը. <<Կանազ կինոթատրոնը կարող է դառնալ սոցիալական կինոթատրոն, որտեղ տոմս չի վաճառվելու, և որտեղ երեխաների համար կցուցադրվեն միայն հայրենասիրական, ճանաչողական ֆիլմեր>>,- առաջարկեց քաղաքապետը:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply