«Անկախ» թերթը Նա/Նե լրագրողական մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 31, 2011 21:59
ձախից աջ՝ Աննա Մուրադյան, Արտակ Ալեքսանյան, Ծովինար Հարությունյան

ձախից աջ՝ Աննա Մուրադյան, Արտակ Ալեքսանյան, Նաիրա Սուլթանյան

Երրորդ ամենամյա Նա/Նե-2010լրագրողական մրցանակաբաշխության «Առցանց կամ բլոգի հոդված» անվանակարգի առաջին մրցանակին արժանացել է «Անկախ» թերթի լրագրող Աննա Մուրադյանը` «Պարզապես կույր հավատ. Մարիամ Սուխուդյանը Ժաննա դ’Արկը չէ» նյութի համար:

Մրցույթի նպատակը` քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնության թեմաներով անդրադարձների խրախուսումն է:

Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլը` մրցանակաբաշխությանը նախորդող ասուլիսում կարևորելով կնոջ դերը քաղաքականության մեջ և հասարակությունում ասաց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերն իր գործունեությամբ արմատապես փոխեց կնոջ դերի ընկալումը:

Նա մեջբերեց Թեթչերի հայտնի խոսքերը. «Եթե քաղաքականության մեջ ինչ –որ բան ես ուզում փոխել, ուրեմն  դիմիր տղամարդուն, եթե ուզում ես, որ այն կատարվի` դիմիր կնոջը կամ ուրիշ խոսքով` աղմուկ բարձրացնելը աքլորի գործն է, իսկ ձու ածելը` հավի»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հորդորեց հայ կանանց դուրս գալ խոհանոցից ու հասարակական կյանքում գրավել գրավել իրենց հաստատուն տեղը տղամարդու կողքին: Յիրիկյանն ասաց, որ իր կազմակերպությունում դա առավելագույնս արտահայտված է:  «Մեր աշխատակիցների կեսը կանայք են,- ասաց նա,- կանգնեք հայ տղամարդկանց կողքին և ապացուցեք ձեր կարողությունները»:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր ավելի քան 100 լրագրողական աշխատանք` 7 անվանակարգում: Մրցանակաբաշխության ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական և առևտրային գովազդ,  անվանակարգերին այս տարի ավելացել էր նաև նոր`  «Ուսանողական աշխատանք» անվանակարգը:

«Տպագիր հոդված» անվանակարգում ներկայացված 15 աշխատանքից  առաջին մրցանակը ստացավ  Գոհար Հակոբյանը, «Առավոտ» օրաթերթ, «Ուսանողական աշխատանք» անվանակարգի 16 աշխատանքից առաջին մրցանակը տրվեց Սեդա Ստեփանյանին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:

«Առևտրային գովազդ» անվանակարգում հաղթել էր  Status Holding ընկերությունը:

«Ռադիո նյութ» անվանակարգի 12 աշխատանքներից գլխավոր մրցանակակիրը Արմինե Գևորգյանն էր, Ռադիո Հայ, իսկ «Հեռուստատեսային նյութ» անվանակարգում ներկայացված 29 աշխատանքից ժյուրին առաջին մրցանակ չէր շնորհել:

«Լուսանկարչական աշխատանք» անվանակարգի 7 աշխատանքից տրվեց մեկ մրցանակ, որը հասավ  Իննա Մխիթարյանին, www.medialab.am:

«Առցանց կամ բլոգի հոդված» անվանակարգը, որում առաջին մրցանակը տրվել էր «Անկախ» թերթի լրագրողին` ներկայացված հոդվածների թվով առավելագույնն էր. 43 աշխատանք:

Բոլոր անվանակարգերի առաջին մրցանակակիրներին` դրամական պարգևներից բացի, շնորհվեց Նա/Նե  արձանիկ:

Նա/Նե արձանիկը պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։

Մրցույթի աջակիցներն են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

2010թ. լրագրողական գործունեության ընթացքում սա Աննա Մուրադյանի երկրորդ առաջին մրցանակն էր: Առաջինը նա ստացել էր  «People in Need»  չեխական կազմակերպության  «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարված լրագրողական մրցույթում՝ այս հոդվածի համար:

Դիտվել է 3323 անգամ:
Print Friendly

Leave a Reply