Ո՞վ է վճարելու «Հանրապետական» ու «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունների ՙբարեգործության» համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2011 18:24

2010 թվականի դեկտեմբերի 9-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ գրավոր հարցում էր ուղղել Կառավարությանը: Նամակում բարձրացված էր նաեւ այն հարցը, թե ով է վճարում «Հանրապետական՚ եւ «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունների կողմից իրականացվող ՙբարեգործական՚ անվճար բժշկական օգնության համար նախատեսված արտագնա ծառայությունների բժշկական սպասարկման ծախսերը եւ բժիշկների աշխատավարձը: Ի պատասխան այդ հարցի` Առողջապահության նախարարն առաջարկել է հարցն ուղղել համապատասխան կուսակցությունների գրասենյակներին: Վերջապես ակնկալելով ստանալ վերոնշյալ հարցի պատասխանը` Անահիտ Բախշյանը նույնաբովանդակ նամակներ է ուղղել «Հանրապետական՚ եւ «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունների նախագահներին, որն էլ ստորեւ ներկայացնում ենք ձեզ:

«ՀՀ «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդածի 2–րդ կետի համաձայն` օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական, որակում եւ գրանցում է լիազորված մարմինը, իսկ 4-րդ կետի համաձայն` բարեգործական ծրագրում նկարագրվում են ծրագրի նպատակները, նախատեսվող միջոցառումները, նշվում են դրանց կատարողները եւ ստացողները: Ծրագիրը պետք է ներառի նաեւ կանխատեսվող մուտքերի եւ ծախսերի նախահաշիվը, սահմանի ծրագրի իրականացման փուլերը եւ ժամկետները:

Հեռուստատեսային բոլոր լրատվամիջոցներով հաճախ գովազդում են «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից հանրապետության տարբեր մարզերում, Արցախում եւ Երեւանում անվճար բուժօգնություն իրականացնելու փաստերը` դրանք ներկայացնելով որպես բարեգործություն:

2010 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետին ուղղած նամակում բարձրացված` «Ո՞վ է վճարում «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից իրականացվող բարեգործական անվճար բժշկական օգնության համար» հարցին պատասխանել է Առողջապահության նախարար պարոն Քուշկյանը եւ առաջարկել հարցն ուղղել վերոհիշյալ կուսակցությունների գրասենյակներին:

Ընդունելով պարոն նախարարի խորհուրդը` պատգամավորը երկու կուսակցությունների նախագահներին է ուղղել հետեւյալ հարցերը.

1. Արդյո՞ք կուսակցության կողմից «բարեգործական» հայտարարվող անվճար բուժօգնության ծրագիրն օրենքի պահանջած կերպով լիազոր մարմնի կողմից ստացել է այդ կարգավիճակի մասին փաստաթուղթ, որտեղ նկարագրվել են ծրագրի նպատակները, ֆինանսական համապատասխան մուտքերն ու ծախսերի նախահաշիվը: Արդյո՞ք կատարված ծախսերի մասին լիազոր մարմնին ներկայացվել են հաշվետվություններ: Ո՞վ է վճարել արտագնա բժշկական անվճար ծառայությունների, բժշկական սպասարկման ծախսերի համար, իրենց արտագնա գործունեության համար բժիշկները ստացե՞լ են արդյոք աշխատավարձ, եթե այո, ապա ո՞ւմ կողմից:

2. Որքանո՞վ են օրինական Ձեր կուսակցության կողմից իրականացվող «բարեգործական» կոչվող գործողությունները: Չե՞ք կարծում, որ այդ գործողությունները պարունակում են ընտրակաշառք բաժանելու տարրեր, ինչը քաղաքական կոռուպցիայի ցայտուն օրինակ է եւ հակասում է ՀՀ օրենքներին:

3. Որքանո՞վ են կոռուպցիան հաղթահարելու մասին Ձեր ելույթներում հնչող մտքերը համատեղելի «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հաըաստան» կուսակցության կողմից իրականացվող «բարեգործական» գործունեության հետ:

4. Ձեր կարծիքով պետական իշխանություն կազմող կուսակցությունները արդյո՞ք ի պաշտոնե պարտավոր չեն հոգալ Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության առողջապահական կարիքները, այլ ոչ միայն այն հատվածի, ով պատրաստակամ է օգտվել նույն այդ կուսակցությունների պետական գործառույթներից դուրս իրականացվող «բարեգործություններից» կամ «նվերներից»:

«Բարեգործությամբ» զբաղվող կոալիցիոն կուսակցությունների ուղիղ պարտականությունը եւ գործառույթն իրենց ձեռքում գտնվող պետական լծակներն իրապես կոռուպցիայի եւ տնտեսական «ստվերի» դեմ օգտագործելը պետք է լինի, այլ ոչ թե խոսքերը: Ըստ տարբեր փորձագիտական գնահատականների` ստվերը, անգամ կիսով չափ նվազեցնելու շնորհիվ հնարավոր կլինի բյուջեում մուտքագրել այնքան գումար, որը բավարարի սոցիալապես խոցելի խմբերի թոշակները եւ նպաստներն առնվազն կրկնապատկելուն, որպեսզի նրանք այլեւս հույսը չդնեն որեւէ մեկի ողորածությանը` այդ թվում իրենց առողջության հետ կապված կարիքները հոգալու համար:»:

Դիտվել է 1535 անգամ:
Print Friendly

Leave a Reply