2010-ի ՀՀ բյուջեն. ամփոփ կատարողական

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 31, 2011 10:09

2010 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 755.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 856.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6%-ով և 97.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.7%-ով կամ 79.4 մլրդ դրամով: Ընդ որում, 11.9%-ով (74.2 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 17%-ով կամ 7.3 մլրդ դրամով` այլ եկամուտները, միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 25.5%-ով կամ 2.1 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 92.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.7%-ը` այլ եկամուտների, 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 19.3 մլրդ դրամ կամ ծրագրված մուտքերի 97%-ը:

2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 594.1 մլրդ դրամ և ապահովել տարեկան ծրագրի 99.8%-ը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 13.7%-ով կամ 71.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի մուտքերի աճով:

Հարկերի և տուրքերի 50.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 301.7 մլրդ դրամ և 18.7%-ով կամ 47.6 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 186 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 115.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ մուտքերի աճ է արձանագրվել և ՀՀ սահմանին հարկումից, և ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից ստացվող մուտքերի գծով, ընդ որում, վերջիններիս աճի տեմպը գերազանցել է ներմուծումից ստացվող եկամուտների աճի տեմպը:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 8.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 48.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 33.5 մլրդ դրամ, որից 14.3 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 13.7 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 14.7 մլրդ դրամ, որից 8.3 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի, 6.4 մլրդ դրամը` ոգելից խմիչքների օտարումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 12.6%‑ով կամ 5.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված ակցիզային հարկի մուտքերի 17.4% աճով:

2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 13.1%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 77.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3.7%-ով կամ 3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, քանի որ տնտեսավարողները 2010 թվականի շահութահարկի կանխավճարները վճարել են` հիմք ընդունելով 2009 թվականի շահութահարկի ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 73.9 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.4%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 22.8%-ով կամ 13.7 մլրդ դրամով:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 29.4 մլրդ դրամ` 16.9%-ով կամ 4.3 մլրդ դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը:

2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 20 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 96.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 5.3%-ով կամ 1 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 22 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.7%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.7%-ով կամ 1.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր ռեժիմի անցնելու հանգամանքով:

2010 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 9.1 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 48.7%-ով կամ 3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև ամրակայված աղբյուրներից և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել 12 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես` շուրջ 3.9 մլրդ դրամ է կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 3.1 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 2.2 մլրդ դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 221.1 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, շուրջ 1.1 մլրդ դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, շուրջ 16 մլն դրամ` արտոնագրային վճարները, 93 մլն դրամ` հարկային մարմինների կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունների մարման համար պետական բյուջեից իրականացվող վճարումները և 1.6 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն ավելացել է 15.9%-ով կամ 1.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ռոյալթիի գծով մուտքերի աճով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 105.3 մլրդ դրամ` 100.1%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 2.4%-ով կամ 2.4 մլրդ դրամով:

2010 թվականի ընթացքում  արտաքին աղբյուրներից ստացվել են շուրջ 6.1 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 52.6%-ը: Շեղումը հիմնականում առաջացել է Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով կրթության ոլորտում նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով տրամադրվող դրամաշնորհի գծով, որը նախատեսված 8 մլրդ դրամի փոխարեն կազմել է 3.4 մլրդ դրամ: 285.6 մլն դրամ է մուտքագրվել «Պարենային արտադրության աճ»ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից: Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 2.3 մլրդ դրամ մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար, որոնց տարեկան ծրագրի կատարողականը կազմել է 75.6%:

2010 թվականի ընթացքում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են ավելի քան 50.3 մլրդ դրամ և 27.1%-ով գերազանցել տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 15.4 մլրդ դրամը կազմել են պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 102.9%-ով: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 17%-ով կամ 7.3 մլրդ դրամով: Նման բարձր ցուցանիշներն ապահովվել են հիմնականում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների հաշվին, որոնք կազմել են ավելի քան 14.4 մլրդ դրամ և համապատասխանաբար 2.4 անգամ (8.5 մլրդ դրամով) և 1.4 անգամ (4.3 մլրդ դրամով) գերազանցել ծրագրային և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշները: Ծրագրի 8%-ով (1.6 մլրդ դրամով) գերազանցում է արձանագրվել նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, 13.6%-ով (719.4 մլն դրամով)` իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գծով, որոնք կազմել են համապատասխանաբար 21.7 մլրդ դրամ և 6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.7 անգամ կամ շուրջ 3.9 մլրդ դրամով աճ է արձանագրվել ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման դիմաց ստացված տոկոսավճարների գծով, որոնք կազմել են 6.2 մլրդ դրամ:

2010 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 856.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով տարեկան ծրագրի 97.4%-ը: Մասնավորապես` 750.6 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 106.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու տարում 18.8 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի, որոնք ներառվել են պետական բյուջեի ծախսերում` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի: 2009 թվականի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.9%-ով կամ 32.1 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու տարում կազմել են 750.6 մլրդ դրամ` 97.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 5.8%-ով կամ 41.1 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 73.1 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 5.3 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 98.1%-ը և 95.5%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 3.3%-ով և 0.4%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 160 մլրդ դրամ, որի տարեկան ծրագիրը կատարվել է 98.2%-ով, իսկ փաստացի ցուցանիշը` 4.8%-ով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: Հաշվետու տարում 30.2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 88.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 15.8 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 14.4 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Հարկ է նշել, որ և ներքին, և արտաքին պարտքի սպասարկման ծախսերում արձանագրվել են տնտեսումներ: 2009 թվականի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 86.5%‑ով կամ 14 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով:

Անցած տարում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 17.9 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 98.6%-ը և 6.2%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Շուրջ 94.5 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 92.9 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.5 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին, 116.8 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 32.4 մլրդ դրամի դոտացիաներ` 100%-ով կատարելով տարեկան ծրագիրը և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 97.1%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 18.6%-ով:

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 32.5%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 244 մլրդ դրամ, 99.6%-ով ապահովել տարեկան ծրագրի կատարումը և 1.6%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Մասնավորապես` 178.9 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 65.2 մլրդ դրամ` նպաստները: 2009 թվականի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն ավելացել են 1.7%-ով, իսկ նպաստների ծախսերը` 1.4%-ով:

2010 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներից 125.6 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` 96%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նշված ծախսերը նախորդ տարվա համեմատ գրեթե չեն փոփոխվել:

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 106.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 95.3%-ը: Մասնավորապես` 106.8 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնք 15.1%-ով կամ 19.1 մլրդ դրամով զիջել են 2009 թվականի ցուցանիշը: Հաշվետու տարում 564.5 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախորդ տարվա 10.7 մլրդ դրամի դիմաց:

2010 թվականին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 101 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշի 78.8%-ը և 2009 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշի 68.1%-ը: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 109.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է  -8.7 մլրդ դրամ:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 26.7 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից մուտքերը: Մասնավորապես` 30.2 մլրդ դրամ է մուտքագրվել գանձապետական պարտատոմսերի թողարկումից` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 100.6%-ը: Մուրհակների մարման նպատակով ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 100%-ով: Այդ նպատակով պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 2 մլրդ դրամ: 1.5 մլրդ դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը, որը նույնպես ամբողջությամբ հատկացվել է: Անցած ժամանակահատվածում ներքին ֆինանսական ակտիվների հաշվին պակասուրդի ֆինանսավորումը կազմել է 83 մլրդ դրամ կամ նախատեսվածի 104.3%-ը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձի բարձր ցուցանիշով: Նշված աղբյուրից պետական բյուջե է մուտքագրվել 19.9 մլրդ դրամ` ավելի քան 3 անգամ գերազանցելով ծրագրված ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 13.8 մլրդ դրամը ստացվել է ՌԴ վարկային միջոցներից տրամադրված վարկերի գծով, որից 12.2 մլրդ դրամը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից, 1.3 մլրդ դրամը` «Ագարակի ՊՄԿ» կողմից և 232.7 մլն դրամը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից: Հաշվետու  ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 6.3 մլրդ դրամի վարկեր: Նշված գումարից 5.8 մլրդ դրամը տրամադրվել է ՌԴ կողմից 2009 թվականին Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկի միջոցներից, որից 5 մլրդ դրամը հատկացվել է տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով, 417 մլն դրամը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը, 414.2 մլն դրամը` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓՄՁ-ին: 175 մլն դրամ ուղղվել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարկային ծրագրին` որպես կառավարության համաֆինանսավորում: Ավելի քան 168.2 մլն դրամ արտոնյալ պայմաններով տրամադրվել է բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարության վարկավորման նպատակով: 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է 69.4 մլրդ դրամ` նախատեսված 80 մլրդ դրամի փոխարեն:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -8.7 մլրդ դրամ` տարեկան ծրագրով նախատեսված 22 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` 25.9 մլրդ դրամ է կազմել փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորումը, -34.6 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները:

Հաշվետու ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվել են շուրջ 35.6 մլրդ դրամի վարկային միջոցներ` նախատեսված 65.2 մլրդ դրամի դիմաց: Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 9.7 մլրդ դրամ, որից 6.8 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 293.2 մլն դրամը` ԳԶՄՀ, 88.7 մլն դրամը` ՎԶԵԲ, 128.8 մլն դրամը` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 1.1 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 667.6 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 50.4 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և 571.4 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 33.2 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 93.6 մլն դրամի վճարում, որից 44.8 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է, և Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվար ամսին: Նույն կերպ 2010 թվականի պարտավորության մի մասը` 49.1 մլն դրամի չափով, պետական բյուջե է մուտքագրվել 2011 թվականի հունվարին: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն  ուղղվել է 753.8 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 755.8 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Դիտվել է 2384 անգամ:
Print Friendly

Leave a Reply