Կաթողիկոսն ու ՀԲԸՄ նախագահը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 31, 2011 10:44

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 29-ին  ընդունել է  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է  կատարվել  ՀԲԸՄ լայնածավալ ազգանպաստ գործունեությանը Սփյուռքի հայ համայնքներում եւ Հայրենիքում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ սերտ համագործակցությանը,  քննարկվել է  համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը:

Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, գոհունակություն է  հայտնել ՀԲԸՄ անդամների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ դրսեւորվող նվիրումի եւ աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռը առավել բարեզարդվում է, ինչպես նաեւ շարունակում է իրականացնել մի շարք կրթական եւ սոցիալական ծրագրեր: Հայապահպանության եւ հայորդիների քրիստոնեական, հայեցի դաստիարակության գործում Վեհափառ Հայրապետը մեծապես կարեւորել է  ՀԲԸՄ գործակցությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հետ:

Իր խոսքում Նորին Սրբությունը նաեւ մասնավոր գնահատանք է  հայտնել  ՀԲԸՄ նախագահին եւ իր տիկին Վերա Սեդրակյանին, ում ազնիվ բարերարությամբ Մայր Աթոռում ներկայիս ընթանում են Հին Վեհարանի հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքները:

Իր հերթին ՀԲԸՄ նախագահը Նորին Սրբությանը ներկայացրել է  Միության բազմաթիվ ծրագրերը, այդ թվում նաեւ Երեւան քաղաքում ՀԲԸՄ կենտրոնի կառուցման ընթացքը` վստահություն հայտնելով, որ այն մեծապես պիտի նպաստի գործունեության ընդլայնմանը: Տիար Պերճ Սեդրակյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է  Սփյուռքի տարբեր համայնքների վիճակի եւ թեմական կառույցների հետ ձեւավորված գործակցության մասին: Նա նաեւ ընդգծել է, որ ՀԲԸՄ ներկայիս գործունեության մեջ հիմնականում ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդին, նրա հայրենասիրական ոգու կերտմանը, ազգային ինքնության ամրապնդմանը, որով հայ համայնքներում իրականացվում են բազմաբնույթ ծրագրեր, ինչպես օրինակ` համացանցի միջոցով հայոց լեզվի ուսուցում եւ բազում այլ նախաձեռնություններ, նաեւ կազմակերպվում են ամառային ճամբարներ եւ Հայրենիք այցելություններ: ՀԲԸՄ նախագահը վստահեցչել է, որ Միությունը շարունակելու է նպաստել Հայ Եկեղեցու առաքելության իրագործմանը հայ ժողովրդի կյանքում:

Մայր Աթոռի մամլո դիվանից տեղեկացնում են, որ հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահին մաղթել է  արդյունավետ գործունեություն հանուն Հայաստանի եւ Արցախի բարգավաճման, Սփյուռքի հայ համայնքների ազգային կյանքի զորացման, մեր ժողովրդի բարօրրության եւ նվիրական իղձերի իրականացման:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply