Եմենում նախագահի հրաժարականը պահանջողները բախվել են ոստիկաններին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 30, 2011 18:53
Եմենի մայրաքաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունենում` երկրի ղեկավար Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականի պահանջով: Սանայի հրապարակում տեղի ունեցող ցույցը վերաճել է իշխանությունների կողմնակիցների և ոստիկանության հետ բախումների: Ինչպես հայտնում է “Ալ Ջազիրան”, հակակառավարական ցույցերի մասնակիցները Եգիպտոսի դեսպանատան ճանապարհին գրոհի են ենթարկվել քաղաքացիական հագուստներով ոստիկանների կողմից: Զոհեր չկան: Ցուցարարները բացականչում էին “Ալի, հեռացիր, հեռացիր” և “Թունիսը հետևում է, հաջորդը Եգիպտոսն է, մոտ ապագայում` Եմենը”:
Հուզումները Եմենում` արաբական աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում, շարունակվում են հունվարի կեսերից: Փետրվարի 3-ին ընդդիմադիր ուժերը մտադիր են “Ցասումի օր” հայտարարել: Նախօրեին մայրաքաղաքում ոստիկանության ուժերով ցույցը ցրվեց, որին մասնակցում էր 16 հազար մարդ:
Ալի Աբդալլա Սալեհը Եմենի նախագահն է 1978-ից, 2006 թ. նա վերընտրվել է հերթական յոթնամյա ժամկետով: Երկրի խորհրդարանում այժմ քննարկվում է սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը հնարավորություն է տալիս գործող նախագահին այդ պաշտոնը զբաղեցնելու ցմահ:






Facebook
Tweet This
Email This Post
