Էժանության ետևից գնալով`մարդիկ առևտուր են անում ճանճերի կանգառի վերածված խանութներում

Օրվա լուր | | August 4, 2009 17:06
«Արշալույս» խանութը, որի ցուցահանակն «Անկախ»-ի թղթակիցը գաղտնի է լուսանկարել

«Արշալույս» խանութը, որի ցուցահանակն «Անկախ»-ի թղթակիցը գաղտնի է լուսանկարել

Էրեբունիի «Արշալույս» խանութում խմորեղենը դրված է մսի խցիկում`մածունի կողքին, հավը`կարագի, հալվան`ալյուրի ու արևածաղկի պարկերի մոտ:  Միսն էլ իր հերթին արյունոտ տարրայի մեջ է: Խանութում օդափոխում չկա, հազար տեսակ ճանճեր և այլն:

Ապրանքների մեծ մասը ժամկետից դուրս է` խմորեղենը 5 օրվա, թեպետ վաճառողուհին վստահեցնում է, որ «5 օրվա մեջ խմորեղենը չի հնանում».

Էրեբունի 8 հասցեում դեռևս խորհրդային տարիներից է գործում  «Արշալույս» խանութը: Այն շատ այցելուներ ունի, չնայած սանիտարահիգենիկ սարսափելի վիճակին:

Էրեբունի համայնքի հիգենիկ համաճարակային կենտրոնից, սակայն, «Անկախ»-ին  ասացին, որ «խանութի սանիտարահիգենիկ վիճակը գնահատվում է բավարար»:

Համեմատած մայրաքաղաքի մի շարք խանութների հետ, «Արշալույս»-ում գները ցածր են. շաքարավազի, ձեթի, բանջարեղենի, մակարոնեղենի, ալյուրի և հատկապես խմորեղենի գները 20-50դրամով ցածր են մյուս խանութներից:

«Կայարանից ոտով կես ժամվա ճանապարհ եմ անցնում, գալիս, «Արշալույս»-ից առևտուր եմ անում. այստեղ ամեն ինչ կա, գները լավ են, պայմաններն ի՞նչ կարևոր ա, ինչ իմանաս` էն մեծ սուպերմարկետներում ապրանքի որակը ոնց ա, աղքատ մարդու համար գինն ա կարևոր»,-ասում է Թագուհի Ենոքյանը:

Խանութի առաջ հավաքված տղամարդիկ ասում են, որ Թագուհին Կայարանից գալիս Է,  «Արշալույս»-ից էժան ապրանքը տանում, Կայարանի տոնավաճառում վերավաճառում:

«Անկախ»-ի թղթակիցը  փորձեց վաճառողուհուց տեղեկանալ`երբվանից և ինչ պայմաններում է գործում խանութը, օրական միջինը քանի հաճախորդ է ունենում: Բայց վերջինս բարկությամբ  զանգահարեց խանութի տնօրենին, ով հարցուփորձը վերածեց կռվի`ասելով «դուրս արի խանութից, դա քո գործը չի»:

Հայաստանի «Սպառողների ասոցացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ  խանութների սանիտարահիգիենիկ վատ վիճակն իրենց հայտնի է, սակայն դրա առաջին պատասխանատուն համայնքների   հիգենիկ համաճարակային կենտրոններն են. «Եթե գնորդն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմում է մեզ` կոնկրետ այս դեպքում սանիտարահիգենիկ պայմանների համար, մենք ահազանգում են տվյալ համայնքի հիգենիկ համաճարակային կենտրոն: Եթե կենտրոնն ասում է, որ պայմանները բավարար են, մենք միասին ենք գնում` ստուգելու խանութի սանիտարահիգենիկ պայմանները»:

Պողոսյանի խոսքով`«Արշալույս»-ը միակը չէ, որ հակահիգիենիկ պայմաններում է աշխատում. նման վիճակում են հատկապես քաղաքի ծայրամասային խանութները, որտեղ գները համեմատաբար էժան են: «Բայց ընդհանուր առմամբ, վերջին տարներին սպասարկման ոլորտում դրական դինամիկա կա»,-ասում է Պողոսյանը:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply