ԵԽԽՎ-ում տարածվել է «ԼՂՀ ժողովրդավարական կառուցում» հռչակագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 29, 2011 11:39

ԵԽԽՎ-ում  հունվարի 27-ին տարածվել է հայ խորհրդարանական, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պատրաստած`«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական կառուցում» վերտառությամբ հռչակագիրը:

Հռչակագրի տեքստում նշվում է. «Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թթ գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել այդ հանրապետության մասը, և միայն քեմալականների և բոլշևիկների միջև տեղի ունեցած «գործարքի» արդյունքում է, որ Արցախը դարձել է Խորհրդային Ադրբեջանի մաս։ 1991 թվականին Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի միջոցով, ինչին հետևել են բազմաթիվ միջազգային դիտորդներ, կողմ է քվեարկել անկախանալուն։ Սակայն, հրաժարվելով ընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնք ավարտվել են 1994 թվականին կնքված հրադադարի մասին պայմանագրով։ Թեև Ադրբեջանը դեռևս խախտում է հրադադարի ռեժիմը, Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ժողովրդավարական երկիր կառուցելու գործընթացը, ղեկավարվելով միջազգային նորմերով և չափանիշներով, որոնցից ամենակարևորը 2006 թվականին Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի անցկացումն էր: Վերոնշյալ հանրաքվեն, ինչպես նաև մի շարք նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ շատ միջազգային դիտորդների, փորձագետների ու լրագրողների կողմից ճանաչվել են որպես ժողովրդավարական, ազատ և արդար։

Արցախում գործում են տասնյակ քաղաքական կուսակցություններ, ԶԼՄ-ներ և ոչ կառավարական կազմակերպություններ, շուկայական տնտեսությունը և ազգային օրենսդրությունը համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է և արժանի է միջազգային ճանաչման ու միջազգային կազմակերություններին անդամակցության»:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հռչակագրի տակ ստորագրել են պատգամավորներ աշխարհի տասնյակ երկրներից` Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Հունգարիայից, Շվեյցարիայից, Շվեցիայից, Սան Մարինոյից և այլն:

Հատկանշական է, որ հռչակագրում հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացած պետականության փաստը, և միջազգային ճանաչում ստանալու ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու Արցախի իրավունքը:

Դիտվել է 2001 անգամ:
Print Friendly

Leave a Reply