Քարահունջ. «Անկախի» մի հրապարակման առթիվ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 29, 2011 10:36

«Անկախ» շաբաթաթերթի հոկտեմբերյան համարներում (թիվ 30 և 32) անդրադարձ կա Քարահունջի առեղծվածին: Սեպտեմբերին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  Օքսֆորդի համալսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախմբի ղեկավար Միհրան Վարդանյանը հայտարարեց, որ  սեպտեմբերի 6-27-ը  պատմա-հնագիտական հուշարձանում հետազոտություններ է կատարելու:

Քարահունջ կամ Զորաց քարեր հուշարձանախումբը գտնվում է Սիսիանից դեպի հյուսիս-արևելք մոտ 3 կմ հեռավորության վրա: Դրա մասին Հայաստանում քչերը գիտեն: Հուշարձանախմբի տարիքը  հաշվվում է 6000-8000 տարվա սահմաններում: Այն դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ:  Հայտնի են Պարիս Հերունու հետազոտությունները, որոնց համաձայն` այն 7500 տարի առաջ եղել է սրբավայր և ծառայել է որպես աստղադիտարան:

«Քարահունջի առեղծվածն ու մարդկային գործոնը» վերտառությամբ հոդվածին արձագանքեց Սլավոնական համալսարանի դասախոս, դոցենտ Վաչագան Վահրադյանը:  Նա «Անկախին» ասաց, որ Միհրան Վարդանյանն իր ուսանողն է, որը գողացել է Քարահունջի մասին իր գիտական ուսումնասիրության հիմքում ընկած գաղափարը:

Օքսֆորդից եկած արշավախումբը որոշ բարդությունների է հանդիպել ուսումնասիրությունների ընթացքում: Ըստ էության՝ արշավախումբը Քարահունջում եղել է մեկ անգամ:  Վերոհիշյալ հոդվածներում մանրամասն տեղեկություններ կան արշավախմբի աշխատանքի, հուշարձանախմբի և բանավեճի մասին:

«Բորբոքված կրքեր Քարահունջի շուրջ» հոդվածում ներկայացված է մի հատված  Վահրադյանի և Վարդանյանի 2007 թ. մարտի 1-ի էլեկտրոնային   նամակագրությունից, որում Միհրանը նրան դիմում է հետևյալ կերպ. «Логически я ваш дипломник, так как вы были моим руководителем в течении этих 2-3 лет»: Նամակը «Անկախին» տրամադրել է Վաչագան Վահրադյանի քույրը՝ Մարինե Վահրադյանը, որ «Վասպուրականի նոր սերունդ» ՀԿ-ի նախագահն է:

Երեք ամիս անց «Անկախի» հրապարակումներին արձագանքել է Տիգրան Պապիկյանը, որը հղում է անում Միհրանի` «Ամերիկայի ձայն» հեռուստահաղորդումների կայքում զետեղված նամակին, որտեղ գրված է. «Ցանկանում եմ հայտնել, որ Քարահունջի և Սիգնուս համաստեղության միջև ուղղակի կապի հայտնագործության հեղինակը գիտնական Վաչագան Վահրադյանն է, և այդ հայտնագործությունը մեկն է այն տեսություններից, որը պետք է ստուգվի սեպտեմբերին (2010 թ.) Հայաստան կատարելիք մեր գիտարշավի ընթացքում։ Վաչագան Վահրադյանն այժմ ուսումնասիրություններ է կատարում Հայաստանի Քարահունջ հուշարձանի շուրջ և առաջարկել է բազմաթիվ հետաքրքիր տեսություններ, որոնք արժանացել են գիտնականների միջազգային համայնքի ուշադրությանը»:

Տիգրան Պապիկյանը ներկայացել է որպես լրագրող, որ աշխատում է հայկական Սփյուռքի հետ:  Նա գրում է, որ Վաչագան Վահրադյանը սիոնիստ է, միտումնավոր խանգարեց Քարահունջի հետազոտությունը, որպեսզի Քարահունջը չդառնա համաշխարհային ժառանգություն: «Դա միտումնավոր ստրատեգիա է, որը կազմակերպվել է նրա սեկտայի կողմից»,- գրում է նա:

Անդրադառնալով այն պատճառներին, թե ինչի հետևանքով են սրվել Վահրադյանի ու Վարդանյանի հարաբերությունները, Պապիկյանը գրում է, որ Միհրանը իրեն հրավիրել է հանդիպելու Վաչագանի հետ, հետո եկել է Վաչագանի քուրը և սկանդալ սարքել:

Մարինե Վահրադյանը «Անկախին» ասաց, որ չի ճանաչում Տիգրան Պապիկյանին և երբևէ չի հանադիպել նրան: «Սիոնիստ գրելով՝ իրենց վիճակն են բարդացնելու,- ասաց նա,- ամեն մի վարկաբեկիչ բան պետք է հիմնավորվի  ու ապացուցվի, հակառակ դեպքում նրան դատ է հասնում»:

Անդրադառնալով «Ամերիկայի ձայն» հեռուստահաղորդումների կայքում զետեղված Միհրանի հերքմանը՝ Մարինե Վահրադյանն ասաց, որ այդ հերքումը  չի հեռարձակվել եթերում, և ոչ ոք դա չի լսել. «Մինչդեռ ժամանակին, երբ դա եթեր է գնացել, հազարավոր մարդիկ են այն լսել»:

Այս «բազարներին» արձագանքել է Ֆրանսիայում ապրող ֆանտաստ գրող Կարեն Սիմոնյանը:  Նա «Անկախին» գրեց, որ լրջորեն անհանգստանում է այս աղմուկով, որը բացահայտում է  Հայաստանի մեջ գետտոյական սահմանափակ գիտելիքներն ու մտածողությունը, որն արժանանում է օտար լրատվամիջոցների և նույնիսկ հանրամատչելի գիտության շրջանակների կատարյալ անտարբերության:

«Քարահունջի շուրջ ստեղծված այս ամոթալի պատմությունը հասավ մինչև այնտեղ, որ անգլիացի գիտնականների մասնակցությունը հայտարարվեց ռազմա□քաղաքական հետախուզության միտում։ Կարծես թե ժամանակակից Հայաստանի իրականությունը հետախուզելու գաղտնի հնարավորություններ չեն ստեղծել և դրանց չեն տիրապետում իրենք՝ անգլիացիները,- գրել է նա:- Ավելացնեմ նաև, որ Քարահունջ-Սթոունհենջի տարիքային մրցակցությունը որևէ առավելություն չի տալիս հայ ժողովրդի, առավել ևս հայ ազգի «գիտական մտքին», քանի որ այն ժամանակներում այդպիսի ժողովուրդ կամ ազգ դեռ չէր կազմավորվել։ Եվ այս հանգամանքը բնավ էլ նվաստացուցիչ չէ»:

Դիտվել է 2086 անգամ:
Print Friendly

Leave a Reply