Իսպանիան թոշակի տարիքը բարձրացրել է մինչև 67 տարեկան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 29, 2011 0:11
Ինչպես հաղորդում է AFP-ն, Իսպանիայի կառավարությունը որոշում ընդունեց թոշակի անցնելու տարիքը 65-ից բարձրացնել մինչև 67 տարեկան: Այսպիսով Իսպանիան փորձում է բարելավել պետության ֆինանսական դրությունը և հանգստացնել ներդրողներին, որոնք տեսանելի ապագայում սպասում են երկրի դեֆոլտին:
Հունվարի 28-ի առավոտյան կառավարությանը հաջողվեց համաձայնություն կնքել թոշակների մասին երկու առաջատար արհմիությունների` UGT-ի և CCOO-ի հետ: Փոխվարչապետ Ալֆրեդո Պերես Ռուբալկաբիի խոսքով` պայմանագրի նշանակությունը դժվար է գերագնահատել:
Ըստ պայմանավորվածության` թոշակի տարիքը կբարձրացվի աստիճանաբար, սակայն օրենքում բացառություններ կլինեն այն կանանց համար, ովքեր աշխատանքը դադարեցրել են երեխաներին խնամելու համար, վտանգավոր կամ վնասկար տեղերում աշխատողների, ինչպես նաև 38,5 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար:
Այս բարեփոխման նպատակը պետության պարքի բեռը թեթևացնելն է, որը ճգնաժամի պայմաններում սրընթաց աճում է: Պարտքի արագ մեծացման պատճառով համաշխարհային շուկաներում ներդրողների շրջանում կասկած է առաջացել հեռանկարում Իսպանիայի վճարունակության կապակցությամբ:
Ավելի վաղ նման բարեփոխումներ են իրականացրել նաև մայրցամաքի այլ երկրներ: Այսպես, Ֆրանսիայում թոշակի անցնելու նվազագույն տարիքը 60-ից դարձել է 62, իսկ պարտադիր թոշակային տարիքը դարձյալ սահմանվել է 67-ը 65-ի փոխարեն:
Եվրոպական շատ երկրներ ներկայումս բախվում են բնակչության արագ ծերացման և թոշակառուների թվի մեծացման պատճառով բյուջեի բեռի մեծացման խնդրին: Այնպիսի երկրներում, ինչպիսին Իսպանիան է, որտեղ զուգահեռ ֆինանսական համակարգի դժվարություններ կան, այս հիմնախնդիրներն առանձնապես սուր են զգացվում:






Facebook
Tweet This
Email This Post
