Հորդանանում ցուցարարները պահանջում են կառավարության պաշտոնանկությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2011 22:51

Հորդանանում ընդդիմությունը և արհմիություններն այսօր անցկացրին հերթական “Ցասումի օրը” ամբողջ երկրում` պահանջելով մերժված կառավարության հրաժարականը` Սամիր ար Ռաֆաիի ղեկավարությամբ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով “Ալ Ջազիրա” հեռուստաալիքին, այս անգամ ցույցերն ու երթերն ընդգրկել են ոչ միայն Ամմանը, այլև թագավորության ուրիշ քաղաքներ` Իրբիդը, Ակաբուն, Զարկուն, Նաֆրակը, Մաանը, Կարնակը և Աջալյունը:

Մայրաքաղաքի հանրահավաքում հորդանանյան “եղբայր մուսուլմանների” հոգևոր հովիվը` շեյխ Համմամ Սաիդը, կոչ է արել “ստեղծել ազգային փրկության կառավարություն, որը հաշվետու լինի ընտրովի խորհրդարանին”: Նրա խոսքով` “հարկ է վերջ դնել արիստոկրատների, հարուստների ու բիզնեսմենների իշխանությանը, իշխանության պետք է գա մի կաբինետ, որը կլսի զանգվածների ձայնը”:

Թագավոր Աբդալլա II-ը պատգամավորների ու նախարարների առջև ունեցած իր ելույթում կոչ է արել “ուղղել սխալները և շտապել բարեփոխումների հարցում, որպեսզի վերականգնվի ժողովրդի վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ”:

Ինչպես արդեն հաղորդել է “Ռոսբալտը”, Հորդանանը գնում է ընդվզող Թունիսի հետքերով: Հունվարի 21-ին Հորդանանում  ընդդիմության հազարավոր կողմնակիցներ դուրս եկան մայրաքաղաք Ամմանի և ուրիշ քաղաքների փողոցներ` ի նշան ընդվզման սննդամթերքի գների թանկացման և բարձր ինֆլյացիայի դեմ: Իրենց իսկ ընդվզողների խոսքով` իրենց ոգեշնչել է Թունիսի ապստամբությունը: Նրանք պահանջում էին վարչապետ Սամիր Ռաֆաիի և նրա կառավարության հրաժարականը:

Ի թիվս այլոց, ընդդիմադիրները պահանջում են վարչապետի ընտրություն ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ոչ թե թագավոր Աբդալլայի նշանակմամբ:

Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 14-ին Թունիսում պետական հեղաշրջում տեղի ունեցավ: Թունիսի նախագահը փախավ երկրից Սաուդյան Արաբիա: Մինչ այդ նախագահը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել, արձակել էր կառավարությունը և հայտարարել խորհրդարանի արտահերթ ընտրությունների ժամկետը: Նախագահի փախուստից հետո  գերագույն իշխանությունը նախ անցավ վարչապետ Գաննուշիին, ավելի ուշ` հունվարի 15-ին, որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  երդում տվեց խորհրդարանի խոսնակ Ֆուադ Մեբազան:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply