Հայկականը որոնող հայը. Ստեփան Փարթամեանի հինգ ծրագրերը Մեծ Եղեռնի 100-ամյակի շեմին
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | February 5, 2011 14:05
Հայտնի հեռուստահաղորդավար Ստեփան Փարթամեանը Հայաստան է եկել մեկընդմիշտ հայրենիքում մնալու և հայկական ապրելակերպի առավելություններն ու թերություններն իր մաշկի վրա զգալու համար: Նա լոսանջելեսյան հայ հեռուստադիտողին 11 տարի շարունակ հնարավորություն է տվել արտահայտելու իր տեսակետը «Ձեր կարծիքը» հեռուստածրագրի շրջանակներում, ապա կեսգիշերին «Բարի լույս» է մաղթել:
Ընդդիմադիր և ոչ սովորական կեցվածքով հեռուստալրագրողի հաղորդումներն ամենաբարձր վարկանիշ ունեցողներից են եղել, սակայն նա փակել է իր հեռուստածրագրերն ու եկել Հայաստան:
Տարիներ շարունակ Փարթամեանը խոսել է հայերի թերություններից, ներկայացրել հայի խոցելի, բացասական կողմերը, սակայն միայն հայկական միջավայրում, իսկ օտարներին ներկայացրել է միայն հայկականության լավագույն օրինակները:
Իր հեռուստածրագրերում հնչեցրած անաչառ ու անկեղծ տեսակետների, քննադատության պատճառով շատ թշնամիներ է ձեռք բերել: Շատերն են նրան ատում` կարծելով, թե նա ծաղրում ու վարկաբեկում է հայ ժողովրդին, սակայն երբ մեկ առ մեկ բոլորին բացատրում է, թե ինչի համար է այդ ամենն ասում, հասկանում են, և թշնամիների մեծ բանակը կամաց-կամաց վերափոխվում է դաշնակիցների բանակի:
«Ես չեմ կարող ականատես լինել մեր ազգային տգիտությանը, ականջս փակեմ, աչքս փակեմ, բերանս փակեմ ու մտածեմ, որ սա ես եմ»,- ասում է նա,- մենք սիրում ենք կրկնել, որ լավն ենք, լավն ենք, իսկ ես ասում եմ` մենք ժամանակին լավն էինք, բայց այսօր վատն ենք: Հպարտանում ենք, որ երկրագնդի ամենահին ազգերից ենք, բայց ուրիշները, որ մեզնից են բխել, այսօր 50-60 միլիոն են, իսկ մենք` ընդամենը 7-8 միլիոն»:
Ըստ Փարթամեանի, հայը նախընտրում է աչքը փակել, որ չտեսնի ժողովրդի դժվարությունները, ականջը փակել, որ չլսի ժողովրդի դժվարությունների մասին, և բերանը փակել, որ չխոսի ժողովրդի դժվարություններից: «Այն ժառանգությունը, որ մեզ հասել է, աշխարհի ամենահարուստ մարդու թողած ժառանգությունից ավելի մեծ է, բայց հայի աչքը միշտ դրսում է, օտարի ունեցածին,- ասում է Փարթամեանը,- այդ ամենը պետք է փոխել, և դա պետք է անել ինքներս մեզ հետ անկեղծ լինելու և մեզ ճանաչելու միջոցով»:
Երեք տարի առաջ առաջին անգամ Ամերիկայում` լոսանջելեսյան «Hollywood Bowl» 18 հազար տեղանոց հայտնի դահլիճում, որտեղ տարեկան 70 համերգ է տեղի ունենում, Ստեփան Փարթամեանի համառ ջանքերի շնորհիվ անցկացվեց հայկական երեքժամանոց համերգային մեծ երեկո: 15 հազար հանդիսատեսից մոտ 10 հազարը օտարերկրացիներ էին, որոնցից շատերը հենց այդ դահլիճում զգացին հայկական ելևէջների յուրահատկությունը: «Լոսանջելես թայմզի» թղթակիցը, որ հայտնի է իր քննադատական մոտեցումներով և ամեն տեղ կարողանում է բացասական բան գտնել, այդ համերգը ներկայացրել է իբրև «Hollywood Bowl»-ի 70 համերգներից լավագույնը:
Փարթամեանն իր բոլոր քննադատությունների դիմաց առաջարկներ է դրել: Սակայն նրա առաջարկները հաճախ են սվիններով ընդունվել, քանի որ առաջին հայացքից թվացել է, թե դրանք հայանպաստ չեն: Օրինակ` նա կարծում է, որ ամերիկահայերը պետք է իրենց շահերը ներկայացնեն որպես ամերիկացի, ոչ թե անընդհատ խոսեն հայի անունից: Նրա կարծիքով` չպետք է ջանքեր գործադրել, որ աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանության փաստը, քանի որ դրանով մենք վարկաբեկում ենք ինքներս մեզ և կասկածի տակ դնում ցեղասպանության փաստը: «Նմանատիպ հարցերում զգացմունքներով առաջնորդվելը ոչ մի օգուտ չի բերում, պետք է տրամաբանությամբ գործել»:
Փարթամեանին հետաքրքրում է այն ամենը, ինչ հայկական է: Նա ամեն տեղ հայկականություն է փնտրում: Շատ ծրագրեր ունի, որոնց մի մասն արդեն իրականացրել է, մնացածն էլ պատրաստվում է իրականացնել:
Ծրագրերից մեկը Ամերիկայի տարածքում ամենայն հայկականը հայտնաբերելն ու վավերագրելն էր, ինչը նա իրականացրեց 2009-ին շուրջ 50 օր տևած շրջագայության ընթացքում. «Շատերին ասացի այս ծրագրի մասին, բայց, ցավոք, ինձ ոչ ոք չաջակցեց,-պատմում է նա,- և ես իմ ուժերով, 6 հարյուր դոլար գրպանումս, իմ մեքենայով դուրս եկա շրջագայության Ամերիկայով մեկ»:
Փաստորեն, Փարթամեանն առաջինն էր, որ ողջ Միացյալ Նահանգների տարածքում շրջագայելով` հայտնաբերեց և լուսանկարելով ու գրառումներ կատարելով վավերագրեց կառույցներ, փողոցներ, քաղաքներ, նշաններ և այլ պարագաներ, որոնք առնչություն ունեն հայկականի հետ: Օրինակ` այդ շրջագայության ժամանակ նա զարմանքով հայտնաբերեց Արմենիա անվանումով երեք ամերիկյան փոքրիկ քաղաք:
Մեծ եղեռնի հարյուրամյակի շեմին Փարթամեանը 5 ծրագիր ունի: Այդ ծրագրերն ընդգրկելու են աննախադեպ հրատարակություններ ու նախաձեռնություններ:
Փարթամեանի առաջին ծրագիրը մեկուկես միլիոն հայերի լուսանկարներ հավաքելն է, որոնց արմատները Արևմտյան Հայաստանից են: Այդ լուսանկարների մի մասը կհրապարակվի գրքի տեսքով, մնացածը կդրվի համացանցի համապատասխան կայքում: Ծրագրի նպատակն այն է, որ Եղեռնի զոհ դարձած նահատակների դեմքերն արտացոլվեն նրանց շառավիղների դիմանկարների միջոցով և ցույց տան սերունդների կապը: Լուսանկարների հետ մեկտեղ կներառվեն նաև զոհերի և նրանց սերունդների կապը ցույց տվող նկարագրություններ:
Հաջորդ կարևոր ծրագիրն այն է, որ մինչև 2015 թվականը առնվազն մեկուկես միլիոն հայ Հայաստանի քաղաքացի դառնա. «Բոլորս մեծ հուզումով սպասում ենք, թե երբ է ամբողջ աշխարհը ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը, բայց որքան հազվագյուտ են այն սփյուռքահայերը, որոնք պատրաստ են սեփական հայրենիքի քաղաքացի դառնալ: Հայկական յուրահատուկ կեղծիք է սա»,-ասում է Փարթամեանը` կոչ անելով բոլոր սփյուռքահայերին ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և վերադառնալ հայրենիք»:
Փարթամեանի հաջորդ ծրագիրը կոչվում է «Gifts to the World» («Պարգևներ աշխարհին»), որը բաղկացած է երկու մասից. առաջինը Հայաստանում այդ անվանումով թանգարանի հիմնումն է, իսկ երկրորդը` նույն անվանումով գրքի հրատարակումը, որում կներկայացվեն արվեստի, գիտության, տեխնիկայի և այլ բնագավառներում հայերի համաշխարհային նշանակություն ունեցող գործերը:
Իր չորրորդ ծրագրով Փարթամեանը պիտի ընդլայնի 2009-ին ամերիկյան շրջագայության արդյունքում կատարած վավերագրումը. այս անգամ նրա շրջագայությունը պետք է ներառի ողջ երկրագունդը և կրի «Հայկականը աշխարհում» խորագիրը:
Փարթամեանի հինգերորդ ծրագիրը «Yes we have» գրքի թուրքական տարբերակի հրատարակումն է: Այս գրքում կներկայացվեն հայերի գործերն ի նպաստ Թուրքիայի զարգացման: Գիրքն, ըստ Փարթամեանի, Թուրքիայում կվաճառվի խորհրդանշական գնով կամ կբաժանվի անվճար, որպեսզի հնարավորինս շատ թուրք ընթերցողներ այն կարդալու հնարավորություն ունենան:
Երբ հարցրի, թե նրան ինչ մասնագիտությամբ ներկայացնեմ, ասաց. «Ես մասնագիտությամբ հայ եմ, աշխարհքի հայն եմ, անկիրթի մեկն եմ, շնորհք չունիմ, բայց անկեղծ մոտեցում ունիմ հայկականի հանդեպ»:
Փարթամեանը դեմ է նաև «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան հայտնի արտահայտությանը: Նա ասում է. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո անհատական ուժի մեջ է, երբ այն ծառայում է ազգիդ»,- և օրինակ է բերում այն անհատներին, ովքեր մեծ նպաստ են բերել Հայաստանին` հենց իրենց անհատականության շնորհիվ. Կոմիտաս, Խաչատուրյան, Մինաս Ավետիսյան, Վիկտոր Համբարձումյան, Պարույր Սևակ…






Facebook
Tweet This
Email This Post
