«Հայ-վրացական դարավոր բարեկամությունը»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 2, 2011 11:00

Այս օրերին Երևանում էր Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Տարբեր ատյաններից, անգամ կառավարական մակարդակով «կենացներ» հնչեցին հայ-վրացական դարավոր բարեկամության վերաբերյալ:

Իրոք, հայը միշտ բարեկամ ու եղբայր է համարել իր դրկից վրացիներին: Հայ ժողովուրդը քաղաքական, ռազմական, մշակութային և բոլոր այլ ասպարեզներում դոնորի դեր է կատարել վրաց ազգի համար: Դարերի ընթացքում Հայաստանը միշտ առաջինն է հարվածն իր վրա վերցրել օտար արշավանքների ժամանակ: XII-XIII դարերում հենց հայկական զինուժի շնորհիվ Վրաստանը կարողացավ ոչ միայն թոթափել սելջուկյան լուծը, այլև դառնալ Առաջավոր Ասիայի հզորագույն երկրներից մեկը, հայերը կառուցեցին ու շենացրին Թիֆլիսը… Օրինակները բազում են:

Բայց արդյոք այդ հարաբերություններն իրո՞ք եղել են բարեկամական, կամ, ավելի ճիշտ, մի՞շտ են եղել բարեկամական: Եվ փոխարենն ի՞նչ է տվել մեզ Վրաստանը: Սկսենք ամենասկզբից:

Ըստ միջնադարյան վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու` Նոյի թոռ Թորգոմն ուներ ինը ուստր, որոնցից ավագը Հայոսն էր, երկրորդը` Քարթլոսը: Թորգոմն իր որդիների մեջ բաժանում է իր երկիրը, մեծ մասը տալիս է ավագին` հայերի նահապետ Հայոսին: Այսինքն` վրաց առասպելը հավաստում է, որ հայերի ու վրացիների եղբայրությունը գալիս է վաղ անցյալից` դեռ Նոյի ժամանակներից:

Եվ ի՞նչ զարգացումներ ունեցավ հայ- վրացական եղբայրությունը:

Մ.թ. I դարում վրաց թագավոր Փարսմանը, օգտվելով Հայաստանի անպաշտպան վիճակից, Հռոմի դրդմամբ հարձակվեց մեր երկրի վրա և նույնիսկ կարճ ժամանակով կարողացավ գրավել այն:

451 թ. Հայաստանն ու Աղվանքը ապստամբում են պարսից տիրապետության դեմ, բայց նրանց հետ Վրաստանում շարժում չի ծավալվում:

481 թ. Վահան Մամիկոնյանը ապստամբում է Պարսկաստանի դեմ: Վրաց Վախթանգ թագավորը, որ նույնպես ապստամբության դրոշ էր բարձրացրել, օգնություն է խնդրում հայերից: Վահան Մամիկոնյանը շտապում է օգնության, բայց 482 թ. Ճարմանայի ճակատամարտում նույն վրացիների դավաճանության պատճառով հայերը պարտվում են, և ապստամբության առաջնորդներից մի քանիսը զոհվում են: Դրանից հետո վրաց երկրում ապստամբությունը մարում է, իսկ հայերը շարունակում են հաղթական պատերազմը:

IX դար. Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը Վրաստանում թագադրում է Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր և… վերջինս շատ չանցած դավաճանում է նրան: Սակայն հայոց արքան դավադրության բացահայտումից հետո մեծահոգաբար ներում է վրացուն:

1064 թ. վրաց Բագարատ Դ արքան պայքար է սկսում Կյուրիկյան թագավորության դեմ: Նա միջոցների մեջ խտրականություն չի դնում. Քվեշի անտառում դարանակալում է Լոռու Կյուրիկյան թագավոր Կյուրիկե Բ-ին, գերեվարում, գամում խաչափայտին և տանջահար արքային խաչին գամած կանգնեցնում մայրաքաղաք Սամշուլդեում, որպեսզի քաղաքը պաշտպանող Ատրներսեհ արքաեղբայրն անձնատուր լինի:

1118 թ. վրաց Դավիթ Դ Շինարար արքան գրավում է Լոռու թագավորությունը` վերացնելով Բագրատունյաց պետության վերջին միավորը Հայաստանում…

1918 թ. Վրաստանի կառավարությունը ուղղակի գրավում է Լոռին և հայտարարում Վրաստանի տարածք: ՀՀ զորքերն ազատագրում են Լոռին, սակայն մեկ տարի անց վրացիները կրկին օկուպացնում են Լոռու չեզոք գոտու տարածքը:

Հայ-վրացական պատերազմի ժամանակ Թիֆլիսում և Վրաստանի այլ տարածքներում վրացական կառավարությունն ամենուր ճնշումներ էր իրականացնում հայ ազգաբնակչության նկատմամբ:

Խորհրդային կարգերի օրոք Վրաստանը յուրացրեց հայկական Ջավախքը, Թբիլիսիի իշխանությունները վարում էին ընդգծված ազգային խտրականության քաղաքականություն: Ուժեղ ճնշումներ էին ընթանում բոլոր բնագավառներում. մարդկանց ստիպում էին անգամ իրենց ազգանունը փոխել… Տասնյակհազարավոր հայեր ձուլվեցին. հայկական Թիֆլիսը դարձավ վրացական…

Պետական մակարդակով ուրացման քաղաքականություն է ընթանում. Թբիլիսիում չեն սիրում հիշել, թե ովքեր են եղել քաղաքի տերերն ու իսկական կառուցողները: Այսօր Վրաստանի մայրաքաղաքում մի հուշատախտակ չես գտնի քաղաքի երախտավորների մասին գրությամբ, բայց կենտրոնում կարող ես տեսնել երիտթուրք առաջնորդների մասին հերոսապատում հուշատախտակ` վրաց ժողովրդի մեծ բարեկամ ամպագոռգոռ արտահայտություններով: Ոչ մի հիշատակություն չես գտնի Թիֆլիսի հայ երախտավորների` Արամյանցի, Մանթաշովի, Եվանգուլովի, Մելիք-Ազարյանների, Թումանովների մասին, բայց քաղաքի կենտրոնում կտեսնես «Վրաց ժողովրդի մեծ բարեկամ» Հեյդար Ալիևի արձանը:

Նորանկախ շրջան. Վրաստանի իշխանությունները միջազգային տարբեր ատյաններում բացեիբաց պաշտպանում են Ադրբեջանի շահերը: Թբիլիսիում հայկական եկեղեցիներն են սեփականացնում: Վրաստանում հայկական եկեղեցիներին իրավական կարգավիճակ չեն տալիս, վրացիներն այսօր աչք են դրել ոչ միայն Թբիլիսիի, այլև Արևմտյան Հայաստանի շատ պատմական հուշարձանների վրա: Թբիլիսիում և Ջավախքում հայկական դպրոցներ են փակվում, իսկ Վրաստանի կառավարությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ հնարավոր է` Ռուսաստան-Հայաստան գազատարը վաճառի Ադրբեջանին…

Այո, շատ ամուր են հայ-վրացական բարեկամության հիմքերը:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2029 անգամ:
Print Friendly

Leave a Reply