Հայ ընտանիքների երկընտրանքը. երջանկությո՞ւն, թե՞ օրվա ապրուստ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | May 10, 2011 10:00

«Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ես թույլ չէի տա, որ ամուսինս արտագնա աշխատանքի մեկներ և  ընտանիքս այս ճահիճը խրվեր: Թող մի օր էլ կիսասոված մնայինք, երեխաներս թող բարձրագույն կրթություն չստանային, բայց ընտանիքս չմասնատվեր»,- ասում է 59-ամյա Անահիտ Ավետիսյանը` իր ամուսնու` 18 տարի առաջ արտագնա աշխատանքի մեկնելու որոշումը համարելով ճակատագրական սխալ, որի համար իր ընտանիքը վճարում է մինչ օրս:

Տիկին Անահիտի չորրորդ` կրտսեր երեխան 1993-ին 9 տարեկան էր, երբ նրա ամուսինը` Մարտունու գորգարտելի նախկին բաժնի վարիչը, մեկնեց Ռուսաստան` այնտեղ  փող վաստակելու, ընտանիքը պահելու համար: Մի քանի տարի նաև Անահիտն է ամուսնու հետ արտագնա աշխատանքի մեկնել. ամուսինը պարտքեր ուներ, որոնք մարել էր պետք:

«Միգրացիայի դեպքում ընտանեկան երջանկության մասին խոսք լինել չի կարող: Երջանկությունն այն է, երբ կյանքիդ ամեն  օրը վայելում ես ընտանիքիդ անդամների հետ: Երբ տան տղամարդը արտագնա աշխատանքի է մեկնում, դրանով վերջ է դրվում երջանկությանը: Դրան փոխարինելու է գալիս հավատարմությունը, ընտանիքի պատիվը և արժանապատվությունը բարձր պահելու ձգտումը, և ապագայում ընտանիքը վերամիավորելու հույսը»,- ասում է Անահիտը` հավելելով, որ միգրացիան ընտանիքը խեղում է թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես:

Մասնագիտությամբ մանկավարժ տիկին Անահիտը պատմում է, որ երեխաներին դաստիարակելիս խնդիրներ չի ունեցել մինչև տղաների պատանեկան հասակը. «Այդ տարիքում հոր կարիքը խիստ զգացվում էր, իմ խորհուրդներն այլևս բավարար չէին արտաքին աշխարհի հետ շփումներում: Պակասը փորձել ենք լրացնել հոր և զավակների հեռախոսային խոսակցություններով»: Նա պատմում է, որ անգամ տղան 20 տարեկան հասակում, հորը տարիներ շարունակ չտեսնելով, կարոտախտով է հիվանդացել. «Դժվար է եղել առանց հոր: Բայց երեխաներս հասկանում էին, թե հայրն ինչ զոհաբերության է գնացել հանուն իրենց»:

Տիկին Անահիտի խոսքով` «խոպանչիների» ընտանիքները թերի են. այստեղ ծնողները զոհաբերում են  իրենց երիտասարդությունը, անձնական կյանքը և երջանկությունը հանուն երեխաների բարեկեցության և ապագայի: «Մեր կյանքից անիմաստ 17 տարի ենք վատնել, կյանքն այնքան կարճ է, իսկ մենք դեն նետեցինք մեր կյանքի ծաղկուն հասակի երկու տասնամյակ: Վայելելու փոխարեն ունեցանք տառապանքի 17 տարի»:

Հոգեբան Անահիտ Ղազարոսյանի խոսքով` ընտանիքը արհեստականորեն պառակտվում է: «Չնայած ասում են, որ հեռավորությունը ամրացնում է սերը, սակայն երկարատև բաժանումը սպանում է սերը»,- ասում է նա: Միգրացիան ազդում է նաև ծնող-զավակ հարաբերությունների ու երեխաների հոգեբանության վրա. «Երեխան գիտի, որ ծնողներ ունի և ենթագիտակցորեն իրեն պաշտպանված է զգում, սակայն իրականում ծնողը կողքին չէ, որ երեխային աջակցի, հոգևոր սնունդ տա: Չկա նաև օրինակը, որի հիման վրա երեխան պիտի դաստիարակվի ու կյանք մտնի»: Ըստ հոգեբանի` երեխաների մոտ հոգեկան տրավմաներ կարող է առաջացնել նաև կարոտը. «Միգրացիան բացասական երևույթ է, բայց ուզած-չուզած այդ հոսանքի մեջ ենք»:

Մարտունու տարածաշրջանում հունվար-փետրվար ամիսներին են տեղի ունենում գրեթե բոլոր հարսանիքները: Արտագնա աշխատանքից վերադարձած երիտասարդները շտապում են ամուսնանալ ու մի քանի ամիս հետո հայրենիքում թողնելով արդեն հղի կնոջը` մեկնել արտագնա աշխատանքի: 2008-ի հունվարյան մի օր էլ տեղի ունեցավ Գոհարի և Արտակի հարսանիքը:

22-ամյա Գոհարն իր ամուսնական կյանքի երեք տարիների ուղիղ կեսն անցկացրել է ամուսնուց հեռու` Հայաստանում: Ամուսնանալիս գիտեր, որ իր ընտրյալը «խոպանչի» է, ավելին` Հայաստան վերադառնալու մտադրություն չունի: «Վախ չեմ ունեցել, սիրում էի, ու ինձ համար կարևորն այն էր, որ միասին լինենք. թե աշխարհի որ ծայրում կլինենք, կարևոր չէ»:

Գոհարը պատմում է, որ ամուսնուց հեռու գտնվելը հատկապես ծանր է տարել հղիության ամիսներին. «Ուզում էի, որ ամուսինս կողքիս լիներ, պետք եղած դեպքում օգներ, հուսադրեր»: Գոհարի խոսքով` շատ ավելի դժվար էր, երբ երեխան ծնվեց ու ամուսինը կողքին չէր:  Վերջին մեկ տարին  Գոհարն էլի Հայաստանում է` արդեն իր 2-ամյա որդու հետ: «Այս անգամ ոչ միայն ինձ համար էր դժվար, այլև երեխայի: Սկզբում անընդհատ լացում էր, հորն էր ուզում»: Գոհարը նշում է, որ ամուսնուց հեռու ընտանիքը լիարժեք չէ. «Էս կյանքում միակ ցանկությունս լիարժեք ընտանիք ունենալն է, փող ու հարստություն ինձ պետք չեն: Երբ տեսնում եմ, թե ինչպես են ուրիշ երեխաները խաղում իրենց հոր հետ, սիրտս կտոր-կտոր է լինում, որ իմ երեխան զրկված է այդ ամենից»: Գոհարի ամուսինն ամանորի նախօրեին Հայաստան էր եկել` ընտանիքին տեսակցելու: Այս անգամ, սակայն, մինչ այդ հորը կանչող փոքրիկը չի ճանաչել նրան: «Մինչ մեր Հայաստան գալը հայր ու տղա խաղում էին, սիրում իրար, բայց այստեղ մոռացել էր հորը, մոտ չէր գնում, անունով էր դիմում,- ասում է Գոհարը:- Հազիվ էր հարմարվել հորը, նորից գնաց: Արդեն երեք ամիս է, հրաժարվում է հոր հետ հեռախոսով խոսելուց, նեղացել է, որ հայրը մեզ թողել ու գնացել է»:

Գոհարի կարծիքով` հեռավորությունն ավելի է ամրացնում ամուսինների սերը. «Բաժանման սկզբում է դժվար, երբ մի քանի ամիս շարունակ մտքով իր հետ եմ, մտածում եմ`  ինչ եղավ, տաք շոր հագավ, հաց կերավ, թե չէ: Հետո վարժվում եմ: Բայց դա արդեն ապրել չէ, ուղղակի անիմաստ գոյություն եմ քարշ տալիս մինչև նորից ամուսնուս կողքին լինելը»:

Ի տարբերություն Գոհարի` 50-ամյա Սիրվարդ Սամվելյանը, որ «խոպանչու» կին լինելու 20-ամյա փորձ ունի, կտրականապես դեմ է խոպանչու հետ ընտանիք կազմելուն. իր կյանքի փորձն է այդպես հուշում:

Տիկին Սիրվարդի ամուսինը դեռևս խորհրդային տարիներից ընտանիքը պահել է արտագնա աշխատանքով. «Երբեք չեմ մոռանա. տղաս նոր էր քայլում, հարևանի երեխայի ձեռքին սալոր էր տեսել,  լացում ուզում էր, իսկ ես սալոր գնելու հնարավորություն չունեի: Զրկանքներով ողջ տարին երեխաներին պահում էի, մինչև ձմռանն ամուսինս գալիս էր: Եթե ամուսինս կողքիս լիներ, զրկանքներն այդքան ծանր չէի տանի: Խոպանչու կինը ստիպված է երեխայի համար լինել և՛ հայր, և՛ մայր, լինել տան թե՛ կինը, թե՛ տղամարդը: Ամուսինը փաստորեն դառնում է միայն ֆինանսական միջոցներ ապահովող, որ տարվա մեջ երեք-չորս ամիս հյուր է գալիս ընտանիքին»:

Նա  համարում է, որ  ավելի լավ է` տան տղամարդն աշխատի հայրենիքում և քիչ վաստակի, միայն թե իր ընտանիքի հետ լինի: Ցանկությունն ու իրականությունը սակայն, տարբեր են. Սիրվարդի ամուսինը և որդին արդեն ՌԴ են մեկնել. տանն անգործ նստելով ընտանիք չես պահի:

2010-ին,  ըստ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալների, միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը Հայաստան ժամանողների թվին) կազմել է 29 860 մարդ:  2009-ի  համեմատությամբ Հայաստանիցից հեռացողների թիվն ավելացել է  4882-ով:

Սովորաբար, ամեն տարի Հայաստանից արտագնա աշխատանքի է մեկնում է 50-70 հազար մարդ: Ճգնաժամային 2009-ին շուրջ 35 հազար հայաստանցի աշխատանք չլինելու պատճառով արտերկիր  չի մեկնել:

Ըստ ԿԲ տվյալների` 2009-ին արտերկրից բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Հայաստան է ուղարկվել 1 մլրդ 124 մլն  119 հազար  դոլար: 2010-ին տրանսֆերտների ծավալը կազմել է մոտ  1 մլրդ 300 մլն  դոլար:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` արտագնա աշխատանքի մեկնողների 78%-ը տղամարդիկ են, 22%-ը` կանայք: Միգրանտների 91,7%-ը 15-59 տարեկան մարդիկ են: Ըստ «Արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության զեկույցի»` արտագնա աշխատանքի մեկնողների գերակշիռ մասն իր քայլը պայմանավորում է «Հայաստանում աշխատատեղերի բացակայությամբ» և «ընտանիքի համար բավարար կենսամակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ»:  Հայ միգրանտների ավելի քան 70%-ը ապրուստը վաստակում է ՌԴ-ում, հաջորդում են եվրոպական երկրները, ԱՄՆ-ն և ԱՊՀ մյուս երկրները:

Արտերկրում գտնվողների 18%-ը Հայաստան վերադառնալու մտադրություն չունի:

Չնայած արտերկիր մեկնողների  16,6%-ը բարձրագույն կրթություն ունի, հայ միգրանտներն արտերկրում հիմնականում աշխատում են շինարարության ոլորտում, մի մասն էլ` առևտրի և սպասարկման:

Դիտվել է 2622 անգամ:
Print Friendly

Leave a Reply