Ադրբեջանում նոր սերնդին պատրաստում են «հայրենիքի ազատագրմանը», իսկ Հայաստանում սովորեցնում են հաշվի առնել անգամ թշնամու շահերը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 1, 2011 0:57

Հայերը դեռևս 1980-ականների սկզբից ծրագրել են իրենց ջարդերը Բաքվում և Սումգայիթում: Այդ ծրագրի իրականացման համար Միխայիլ Գորբաչովին օգնել են իշխանության հասնել: Իսկ Սփյուռքից տրվող գաղտնի առաջադրանքներն էլ Ադրբեջանում բնակվող հայերը ստանում էին Ղազախստանից ներկրվող պլոմբիր պաղպաղակների միջոցով. պինգվինի մարմնի ամեն մի մասը որոշակի նշանակություն ուներ: Այս ամենի նպատակն էր ադրբեջանցիներից խլել Արցախը: Ադրբեջանցիներն էլ հայերին կոտորելուց բացի այլ ելք չունեին: Սա ոչ թե ցնդաբանություն է, այլ  Ադրբեջանի կողմից պաշտոնապես իրականացվող հակահայկական քարոզչություն, որին հավատում է ադրբեջանցիների աճող սերունդը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ եթե նախկինում նման կարգի քարոզչությունն իրականացվում էր անհատների մակարդակով, ապա այժմ ներգրավված են նաև պետական կառույցները: Մարտիրոսյանը նշում է, որ Ադրբեջանում հայերի ջարդարարներին սպիտակեցնելու քաղաքականություն են վարում` տեղի ունեցածը ներկայացնելով որպես ճարահատյալ քայլ. «Մտահոգիչ է, որ հարևան երկրում ջարդարարի ոգով հասարակություն է դաստիարակվում»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը Ադրբեջանի` ներքին հանրության համար իրականացվող քարոզչության երկու ճյուղ է առանձնացնում` նացիոնալիստական և հակահայկական:

Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին հանրությանը փորձում է ներկայանալ  որպես մեծատիրական ու հզոր երկիր, փորձում է ստեղծել հզոր Ադրբեջանի կերպար: Փորձագետը նշում է` քանի որ ադրբեջանցիներն իրենց պատմությունը, հետևաբար նաև հզոր երկրի իրենց կերպարը չունեն, մրցապայքար է ընթանում, թե ով ավելի ճոխ պատմություն ու անցյալ կհորինի երկրի համար: Պատմությունը հորինելու ջանքերը հաճախ զավեշտի են հասնում: Բազմաքանակ գրքեր են հրատարակում, որոնցում Հայաստանի տարածքը, անգամ Երևանը համարում են ադրբեջանական տարածք, գրքերում Գառնու տաճարը և Էջմիածնի մայր տաճարն էլ ներկայացնում են որպես ադրբեջանական պատմական հուշարձաններ: «Սրան գումարվում է հակահայկական քարոզչությունը: Եվ աճում է սերունդ, որը մի օր պիտի գա «ազատագրելու» իր նախնիների, հետևաբար նաև իր «հայրենիքը»,- ասում է Միրաքյանը:

Վահրամ Միրաքյան.«Քարոզչության մեջ կարևոր է ոչ թե ճշմարտությունը, այլ հավատը»

Նա նշում է, որ քարոզչության մեջ ճշմարտությունը կարևոր չէ, կարևոր է, որ հավատան դրան, իսկ Ադրբեջանում  կարծես թե հավատում են: Հայկական կողմի համար էլ դժվար է որևէ կերպ ազդել ադրբեջանական հանրության վրա, քանի որ այնտեղ գրաքննությունը խիստ է, վերահսկվում է հանրությանը հասանելի ողջ ինֆորմացիան:

Անդրադառնալով հայկական կողմի ներքին քարոզչությանը` Միրաքյանը նշում է, որ Հայաստանում Ադրբեջանին վերաբերող  քարոզչությունը հախուռն է, առանց նախանշված ծրագրի: Հայկական կողմը հաճախ կրկնօրինակում է ադրբեջանական կողմի քարոզչական հնարքները, ինչի պատճառով միշտ հետ է մնում: «Ադրբեջանում ամբողջ համակարգ է զբաղվում քարոզչությամբ, իսկ Հայաստանում այդ գործընթացը կանոնակարգված չէ, ուստի միշտ հետ ենք Ադրբեջանից»:

Միրաքյանը նշում է, որ ներքին հանրության մեջ ադրբեջանցու կերպար ձևավորելիս հակասական քայլերի են դիմում. մի կողմից ադրբեջանցին ներկայանում է որպես վայրենի, բարբարոս, հակահայ, մյուս կողմից, սակայն, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ են հնչում տարածքներ հանձնելու և զիջումների մասին: «Ինչպե՞ս կարելի է զիջումների մասին խոսել մի երկրի հետ, որը պատրաստ է քեզ ոչնչացնել»:

Միրաքյանը հայկական քարոզչության թերի կողմերից է համարում այն, որ հախուռն լինելու պատճառով չի ձևավորվում նաև թշնամու կերպար: «Ադրբեջանական ֆիլմերում թշնամի հայի կերպարը հստակ է, մինչդեռ հայկական բանակի մասին միակ ֆիլմում` «Բանակում» սերիալում, անգամ թշնամու կերպարը բացակայում է»:

Միրաքյանը կարևորում է իրադրությունը ճիշտ հասկանալը. «Մի ողջ պետական ապարատ աշխատում է հենց Հայաստանի, ոչ թե միայն Արցախի ոչնչացման համար: Հայկական կողմի քաղաքականությունը պետք է լինի ադեկվատ. նացիոնալիզմին հանդուրժողականությամբ դիմագրավելու դեպքում կպարտվենք»: Որպես ասվածի ապացույց` Միրաքյանը մատնանշում է Բաքուն ու Սումգայիթը` դրանք համարելով ԽՍՀՄ-ի կողմից պարտադրված ժամանակավոր հանդուրժողականության տրամաբանական ավարտը:

Ալբերտ Նալչաջյան.«Երբ գործ ունենք ագրեսիվ հարևանի հետ, մեր խաղաղասիրությունը կարող է ընկալվել որպես թուլության նշան»

Միրաքյանի համոզմամբ` հայկական կողմի քարոզչությունը պետք է հայությանը պատրաստի ցանկացած պահի հայրենիքի համար պայքարելուն:

Մասնագետը նշում է, որ արդյունավետ  քարոզչության համար պետք է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները. երիտասարդ սերնդին կրթելու համար պետք է որակյալ ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, երգերի տեսահոլովակներ նկարահանվեն, տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ասելիքը միայն դասագրքերով տեղ հասցնելն անարդյունավետ է:

Նա կարևորում է նաև հայրենիքի վիզուալ պատկերացումը. «Հայաստանը վերջապես կարողացել է ազատագրել իր հայրենիքի մի փոքր մասը, սակայն այդ էլ չի ցուցադրվում քարտեզների վրա: Սա ցույց է տալիս տիրող մտքի տգիտությունը, ազգային գաղափարախոսության և քաղաքականության, նաև հայրենիքի սահմանների գիտակցության բացակայությունը: Հայրենիքի վիզուալ պատկերացումից է սկսվում  հայրենասիրությունը, հայրենաճանաչությունը, դրանից է կախված երկրի ապագան ու պետության կառուցումը»:

Միրաքյանը մատնանշում է 2011-ի սկզբին տեղի ունեցած ռուս-էստոնական դիվանագիտական խառնաշփոթը, երբ, ըստ ռուս մասնագետների, Էստոնիան նոր թողարկած մետաղադրամների վրա իր պետական սահմանը մի փոքր ավելի էր ներկայացրել` ընդգրկելով ռուս-էստոնական վիճելի տարածքներից մի փոքր հատված: «Ռուսաստանը, որ աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիրն է, պայքարում է քարտեզների վրա իր տարածքի մի փոքր հատվածի համար անգամ, իսկ մենք ազատագրված տարածքները քարտեզի վրա ցույց չենք տալիս»:

Էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը նշում է, որ հարևան երկրում դաստիարակվում է մի սերունդ, որը ագրեսիվ է և ատելությամբ լեցուն միջէթնիկական հարաբերություններում: Սոցիալական անհավասարությամբ և խնդիրներով պայմանավորված` ներէթնիկական հարաբերությունները նույնպես լարված են: Ուստի հայերս  ունենք հարևան, որի հանրությունը վտանգավոր է, քաղաքացիները` շահամոլ ու ագրեսիվ: Ադրբեջանցիները, նաև թուրքերը, ըստ Նալչաջյանի,  վատ են ընկալում այնպիսի բարձր արժեքները, ինչպիսիք են արդարությունը, ազնվությունը, ճշմարտությունը:

Մինչդեռ հայ հանրությունում` ընտանիքներում, դպրոցներում ու բուհերում, դաստիարակում են  արդար և  ազնիվ քաղաքացիներ, սովորեցնում են հաշվի առնել անգամ թշնամու շահերը. «Հայաստանում ազգայնականությունը թույլ է, շատ են լիբերալները»: Նալչաջյանը նշում է, որ ներկայումս բազմաթիվ են լիբերալ-դեմոկրատ գործիչները Հայաստանում, ովքեր կարծում են ու նաև քարոզում, որ կարելի է անգամ ադրբեջանցիներին ու թուրքերին փոխել, քաղաքակիրթ դարձնել: «Սա շատ սխալ քաղաքականություն է և վտանգ է պարունակում հայկական պետականության համար»: Հոգեբանը նշում է, որ հայերը պետք է ամուր կանգնեն ազգային հիմքի վրա:

Նալչաջյանը  քաղաքական տհասության հետևանք է համարում այն գործիչների արարքները, որոնք թշնամի երկրի հետ բարեկամության կոչեր են անում, փոխայցելություններ կազմակերպում:

Էթնոհոգեբանի գնահատմամբ` ներկա պայմաններում հայկական քաղաքականությունը թույլ է.«Երբ գործ ունենք ագրեսիվ հարևանի հետ, մեր խաղաղասիրությունը կարող է ընկալվել որպես թուլության նշան, նրանք սխալ կհասկանան մեր դիրքորոշումը: Պետք է մոբիլիզացնել հանրությունը, պատրաստել, որ ամեն վայրկյան պատրաստ լինեն պայքարի հանուն հայրենիքի»:

Դիտվել է 3774 անգամ:
Print Friendly

Leave a Reply