Ո՞ւր է մեր «Հայրենիքը». հայ մանուկների հարցին պատասխան չկա

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 29, 2011 14:00

Աշխարհում մանկական հեռուստաալիքներ բացվելու վերաբերյալ լուրեր հաճախ կարելի է լսել, բայց փակվելու մասին՝ հազվադեպ: Այդ առումով  էլ Հայաստանը եզակի է: Հայաստանի միակ մանկական հեռուստաալիքը հունվարի 21-ին դադարեցրեց հեռարձակումը: Հազարավոր մանուկների հարցին` ինչո՞ւ «Հայրենիքը» չկա՝  ոչ պատասխան կա, ոչ էլ պատասխանող:

Փորձեցինք որևէ մեկնաբանություն ստանալ հեռուստաալիքի տնօրեն Արամ Հարությունյանից, սակայն երկու օր անընդմեջ մեզ ասացին, որ քաղաքում չէ և կվերադառնա երկու օրից: Ակնհայտ էր, որ նա խուսափում է մեկնաբանություն տալուց. կա՛մ չի ուզում, կա՛մ չգիտի` ինչ ասի:

Նախկին աշխատակիցներից ոմանք ասում են, որ իրենց էլ երկար-բարակ բացատրություններ չեն տրվել հեռուստաալիքի փակվելու վերաբերյալ: Աշխատակազմի մեծ մասին տեղափոխել են «Ար»: ՄՆացածին, ըստ աշխատակիցներից մեկի, «Գրանդ Քենդիի» ղեկավարությունը տեղավորել է աշխատանքի իր ընկերությունում:

«Ես երկու երեխա ունեմ և ավելի շատ տխրել եմ ոչ թե որպես աշխատող, այլ որպես մայր,-ասում է «Գիտունիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արփի Մաղաքյանը,- «Հայրենիքը» միակ ալիքն էր, որն իմ երեխաներն առանց թույտվության իրավունք ունեին ցանկացած ժամի միացնելու և դիտելու: Չնայած իմ հաղորդումը տեղափոխվել է «Ար», այսինքն` ես աշխատանքս չեմ կորցրել, բայց, միևնույն է, տխրել եմ, որ երեխաներս, ու ոչ միայն իմ երեխաները, զրկվել են ամենալավ, ամենաբարի, ամենալուսավոր ալիքից»:

«Հայրենիք TV»-ի կարգախոսը պատահաբար չէր ընտրված` «Հայրենիքը մեր ալիքն է»: Եվ որքան էլ հեռուստաալիքի ղեկավարությունն ասի, թե երեխաները սիրված հաղորդումներից ու մուլտֆիլմերից չեն զրկվի, միևնույն է, երեխաները զրկվել են ամենակարևորից` «մեր ալիքը» ասելու հնարավորությունից:

«Ի՞նչ է, հիմա երեխեքը պիտի փորփրեն բոլոր հեռուստաալիքները, գտնեն մանկական հեռուստահաղորդումներ (եթե այդպիսիք կան) և ասեն՝ սա  մե՞րն է…»,-ասում է մի ծնող,-կամ մենք արդեն պիտի անընդհատ վերահսկե՞նք, թե երեխան ինչ է դիտում, մուլտֆիլմն ինչ գովազդով է ընդհատվում կամ ինչ ֆիլմ է մտնում եթեր»:

Ըստ պտտվող լուրերի` Հրանտ Վարդանյանի առաջ մեկ հեռուստաալիք ունենալու  պահանջ է դրվել: Վերջինս էլ ընտրել է «Ար»-ը: Բնական է , որ տեղեկատվական հարթակ ունենալը կարևոր է յուրաքանչյուր ազդեցիկ մարդու համար, լինի քաղաքական-հասարակական գործիչ, թե գործարար: Բացի այդ, «Հայրենիքը» ոչ շահութաբեր հեռուստաընկերություն էր, չնայած քիչ հավանական է, որ  Վարդանյանը երկու հեռուստաալիքների միջև ընտրություն կատարելիս հաշվի է առել շահույթի գործոնը:

«Գոնե «Ար»-ի եթերը կիսեին, ասենք, մինչև ժամը հինգը «Հայրենիքն» իր լոգոյով մտներ եթեր: Երեխեքի մանկության «Հայրենիք TV»-ն էլ անցյալ չէր դառնա,- ափսոսանքով ասում է Արփին,- չգիտեմ, ասում են` Հանրայինն ուզում է մանկական ալիք բացել…»:

Մանկական հեռուստաալիքի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ներսես Հայկազյանն ասում է, որ ինքը նույնպես տեղափոխվել է «Ար». «62 տարեկան եմ, 9 տարի աշխատել եմ «Հայրենիքում», նվիրվել իմ գործին: Շատ եմ ափսոսում, ցավ եմ ապրում բոլոր երեխաների համար»,-ասում է նա:

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, համանուն հեռուստախաղի վարող Կարին Տոնոյանն ասում է, որ հեռուստաալիքի փակման հաջորդ օրը Նժդեհիկները դասի են եկել բողոքով: Դասաժամի թեման վերածվել է բուռն քննարկման: Սակայն ամենացավալին այն է, որ Տոնոյանն ադպես էլ չի կարողացել պատասխանել երեխաների հարցին` ինչու՞ փակվեց «Հայրենիքը»: «Իսկ ի՞նչ պատասխան կարող էի տալ, ասել, որ պետական այրերն այդպե՞ս որոշեցին: Ակամա երեխաները կհիասթափվեին պետությունից, պետական համակարգից,- ասում է Տոնոյանը,- եթե մենք խոսում ենք երեխաների իրավունքների պաշտպանությունից, ապա ինչո՞ւ այս դեպքում հաշվի չառանք նրանց իրավուքները, նրանց կարծիքը, այլ ընդհակառակը` վնասեցինք»: Տոնոյանն, օրինակ, կարծում է, որ կարելի էր մանկական հանրաքվե անցկացնել և որոշում կայացնելիս հաշվի առնել երեխաների կարծիքը: «Մի քանի տարի առաջ, երբ «Հայրենիքը» նախկին սովետական երկրների մեջ ճանաչվեց լավագույն մանկական ալիք, ես կարծում էի, թե այն պետական աջակցություն կստանա, բայց զարմանալի է, որ այդպիսի բան տեղի չունեցավ,- ասում է նա,- իսկ ահա մի օր էլ այն փակվեց: Եթե անգամ կլինեն մարդիկ, որոնք պատճառաբանություններ կբերեն, թե «Հայրենիքը» փակվեց, որովհետև կային ինչ-ինչ թերություններ, էլի անընդունելի է, որովհետև ստեղծածը փակելը սխալ է. կարելի է թարմացնել, վերազինել, վերակառուցել, բայց ոչ փակել»:

Կունենա՞ն հայ մանուկներն իրենց «Հայրենիքը», թե՞ կմնան այս կամ այն մասնավոր հեռուստաընկերության նախասիրությունների հույսին, որոնք հազիվ թե բխեն մանուկների շահերից, ցույց կտա ապագան: Մինչ այդ երեխաների հետաքրքրություններն ու պահանջները բավարարելու համար ծնողները ստիպված կլինեն ընտրել ծայրահեղ տարբերակներ, օրինակ` թուրքական «Չոջուխ»  մանկական հեռուստաալիքը:

Դիտվել է 2877 անգամ:
Print Friendly

Leave a Reply