Քարին տակի հերոսամարտի վերհուշը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 28, 2011 17:56

Արցախյան գոյամարտի տարեգրությունում 1992 թ. հունվարի 26-ը  նշանավորվեց   Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի հերոսամարտով և տարեգրություն մտավ որպես Քարին տակի հերոսամարտի օր:

Հունվարյան ցրտաշունչ այդ օրը ողջ Ստեփանակերտը շունչը պահած սպասում էր այդ գյուղից եկող լուրերին, հերոսամարտի ելքին: Ինչ-որ չափով այդ մարտից էր կախված նաև Ստեփանակերտի լուսաբացը. փոքրիկ գյուղը կդիմանա՞ նենգ, մեծաթիվ թշնամու հուժկու հարձակմանը:

Հունվարյան ցրտաշունչ այդ օրը  թշնամին մի քանի հարյուր զինվորով, սպայական փորձառու կազմով, զինտեխնիկայով լայնածավալ հարձակում է իրականացնում՝ փակելով գյուղ մտնող բոլոր ճանապարհները: Գյուղը չորս կողմից  շրջապատում են՝ ցանկանալով բնաջնջել իրենց ամենից շատ անհանգստացնող քարինտակցիներին: Սակայն մեկ մարդու պես ոտքի կանգնեց հերոս ժողովուրդը: Մեծ ու փոքր, մահն աչքների առաջ, անհավասար մարտի ելան  ադրբեջանական ոհմակի դեմ և ութժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս եկան: Այնքան դիմադրեցին, որ մինչև ատամները զինված հակառակորդը մեծ կորուստներով  փախավ Քարին տակից՝ մեկընդմիշտ մոռանալով այդ գյուղի անունը:

Քարինտակցիների հավաստմամբ, թշնամին մարտադաշտում թողեց 150 դիակ: Գյուղն էլ կորուստներ ունեցավ: Անմահացավ 22 մարդ, բայց ողջ գյուղն է հերոս՝ այր ու կին, ինչպես, օրինակ` գյուղում ծնված Նարինե Առաքելյանը: Նա գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում մասնակցել է մարտական գործողություններին և  հունվարյան այդ մարտում հերոսաբար զոհվել: Ադելա Աբաղյանը նույնպես գյուղի ինքնապաշտպանական ջոկատի անդամ էր,  որտեղ մարտնչում էր նաև ամուսինը: Վիրավոր ամուսնուն մարտադաշտից հանելու ժամանակ է զարկվում Ադելան… Այդ հաղթանակի ճանապարհին զոհվեցին նաև Անուշավան Հարությունյանը, Կարեն և Վաղարշակ Առուշանյանները, Նորայր Մանասարյանը: Չորս մատաղ կյանք փշրվեց մեկ օրում:

Իմանանք նաև հետմահու 1-ին աստիճանի «Մարտական խաչի» արժանացած Ալյոշա Վարդանյանի հերոսական սխրանքի մասին: 1991 թ. սեպտեմբերի վերջին նա միայնակ փրկեց գյուղը: Գնդացիրը միշտ Խաչենի բարձունքում էր պահում, որտեղից էլ մահ էր սփռում Շուշիի ստորոտում դարանակալած թուրք ոհմակների վրա: Դա գյուղը հսկող գլխավոր պահակակետն էր, որն էլ շրջապատել էր հակառակորդը: Ալյոշան, տեղից տեղ ցատկելով, գնդացրից ու ավտոմատից հնձում է թշնամուն: Իսկ վերջինս էլ կարծելով՝ իր դեմ հսկա ջոկատ է կռվում, թողնում է բարձունքը:

1992 թ. հունվարյան այդ օրը  քարինտակցիները լիակատար հաղթանակ են տանում: Եվ այդ հերոսամարտը, կարելի է ասել, մեր շատ ազատամարտիկների հետագա սխրագործությունների փորձաքարը դարձավ: Մի քանի անգամ գերազանցող և լավ զինված ելուզակների ատամները փշրվեցին թույլ ու անօգնական թվացող, բայց իրականում հերոս գյուղի մատույցներում:

Սկզբում հակառակորդը, չուզենալով կորուստներ տալ, Շուշվա բարձունքից վայրագություններ էր անում, այրվող մեծ անվադողեր, տակառներ և այլ իրեր  գլորում դեպի գյուղ, ռմբակոծում, բայց այդպես էլ չի հաջողվում բնակիչներին հնազանդեցնել:

Գյուղի ազատագրումից տարիներ հետո եմ եղել այնտեղ, դեռ պահպանվում էին թուրքի ավերիչ հետքերը: Անգամ փորձել են Շուշիի ժայռը պայթեցնել ու գյուղը թողնել ժայռի տակ, վկան՝ ժայռի տակ փորված անցքերը:

Հիշեցնեմ, որ Քարին տակը Շուշիի քերծերից ներքև՝ Կարկառ գետի ձախ ափին ծվարած այն արծվաբույնն է, որի այգիների բերք ու բարիքով ապրելով, հացն ուտելով` թուրք խուժանն ուզում էր հողին հավասարեցնել Շուշիից 2 կիլոմետր հեռավորությամբ, հնագույն անցյալ ունեցող այդ բնակավայրը:

Ի դեպ, Շուշիի շրջանն ամենափոքրն է ԼՂՀ-ում: Սակայն գյուղական 8 համայնք ունեցող այս փոքրիկ շրջանը պատմաճարտարապետական 150 հուշարձան ունի: Շրջանի հերոսական բնակավայրերն են՝ Բերդաձորը, Հին և Մեծ շեները, Եղցահողը, Ծաղկաձորը, Կանաչ Թալան, Խերխանը և իհարկե, Քարին տակը: 1988-1992 թթ. ադրբեջանական հրոսակները Շուշիի շրջանի հայկական բոլոր գյուղերը, բացառությամբ Քարին տակի, ավերել են, իսկ բնակիչներին բռնի տեղահանել: 1992 թ. բոլորն ազատագրվել են և վերաբնակեցվել:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 3910 անգամ:
Print Friendly

Leave a Reply