Այսօր Հայոց բանակի տարեդարձն է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 28, 2011 12:51

Հայաստանի 3-րդ Հանրապետության  ազգային բանակն այսօր դառնում է 19 տարեկան.

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

«Այսօր մեր ժողովրդի բոլոր հատվածները հպարտությամբ են արտասանում «Մեր անունն է հայկական բանակ» նախադասությունը: Այդ բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է:

Բոլորը գիտեն, որ մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, և այդ ճակատը Հայոց բանակն է` բառի և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով:

Ինչպես մեր շատ եկեղեցիների հիմքում սրբերի մասունքներն են, այդպես էլ հայոց բանակի հիմքում մեր նահատակ ընկերների աճյուններն են. խնկելի անուններ, որոնցով այսօրվա տոնը կրկնակի է սրբանում»,- Հայոց բանակի տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայոց բանակի տարեդարձի առթիվ Հայաստանում երեկվանից անցկացվում են տոնական միջոցառումներ։ Այսօր ժամը 11.00-ին ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմն ու ազատամարտիկները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգելու հայոց բանակի համար զոհված մարտիկների հիշատակը։ Ազգային բանակի տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները կավարտվեն այսօր երեկոյան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք տոնական համերգով:

Դիտվել է 8282 անգամ:
Print Friendly

Leave a Reply