Մեր գոյատևման անփոխարինելի երաշխիքը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 28, 2011 11:26

Հայաստանի բանակի օրը հատուկ նշանակություն կստանա իրեն կապված իրադրություններու ընդհանուր նկատառումներով։ Ավելորդ չէ անշուշտ անառարկելի տեսության վերընդգծումը, թե՝ բանակը տվյալ երկրին, պետության, ժողովուրդին անվտանգության անփոխարինելի երաշխիքն է և իբրև այդպիսին ազգային արժեհամակարգի կարևորագույն հիմնադրույթներեն մեկը։  Հայրենիքին և ժողովուրդին ծառայելու ամենահիմնական ու ամենաազդեցիկ ուղին, ազգի շարունակականությունը ապահովող կարևոր ու առաջնային բաղադրիչներեն մեկը։

Հիմա, Հայաստանի բանակին մասին։ Ռազմական առումով փորձագիտական վկայությունները կշարունակեն հաստատել, որ շրջանային մակարդակի վրա հայոց բանակը կհատկանշվի իր մարտունակությամբ, մարտական պատրաստվածության բարձր որակով։ Ազրբեջանական կողմը, գիտակցելով այս իրականության, դժվար հաշվի կնստի իրողության հետ և ներքին սպառումներու շարժառիթներե մղված թափ կու տա ռազմաշունչ հռետորաբանության։ Պատերազմի վերսկսման հավանականության մասին անդադար խոսելով` պաշտոնական Բաքուն ինքնահակասական շղթայի մեջ կհայտնվի՝ նկատի ունենալով իր իսկ ստորագրած միջազգային փաստաթղթերը, ուր արցախյան հակամարտության լուծման համար կբացառվին ռազմական գործողությունները և կգերադասվի խաղաղ ճանապարհը։

Հարցը դուրս կու գա հռետորաբանական սահմաններեն և կհասնի հրադադարի խախտումներու հերթական շարքի։ Հրադադարի միակողմանի խախտումներու շարքը, սակայն, ազրբեջանական կողմին համար նոր դիրքերու նվաճումի չի հանգիր։ Ազրբեջանցի դիպուկահարներու սադրանքներու սահմաններու մեջ մնացող գործողություններ են անոնք, որոնք դիրքերու գոյավիճակին վրա որևէ ազդեցություն չեն ունենար և ավելիով կհամոզեն հետևողները, որ երկար ժամանակե ի վեր տեղի ունեցող այս պատահարները  կմեկնարկվին ազրբեջանական հասարակական շուկայի ներքին սպառումներուն համար։

Ի հարկե չեն պակսիր հայկական բանակին պատասխան գործողությունները։ Հայկական կողմն իր բարձրագույն մակարդակով հստակացուցած է, որ արցախյան հակամարտության կապված դեպքերու ընթացքը ազրբեջանական հարձակողապաշտության հետևանքներու նկատառումով պետք է ընկալել։ Հայկական բանակի արձանագրած առաջխաղացքի բացատրությունը դեպքերու պատճառահետևանքային բացատրություններով կպարզվի։

Այժմ, բանակի ներքին ոլորտ։ Հայոց բանակի տարբեր զորամասերուն և նույնինքն հակառակորդի հետ շփման գիծերու դիրքերուն վրա պատահածները անշուշտ խորապես մտահոգիչ են, դատապարտելի և մերժելի հաճախ։ Կիսապատերազմական վիճակի մեջ գտնվող բանակի համար հայ զինվորին բարոյահոգեբանությունը հարվածող լուրջ երևույթներ են անոնք, որոնց սրբագրումին համար կտրուկ միջոցառումներն ավելի քան անհրաժեշտ են։ Նույնքան մերժելի է, սակայն, նման պատահարներու շահարկումը ներքաղաքական առավելներ ապահովելու նպատակով։ Հասարակական ընդվզումը պատահարներուն դիմաց ավելի քան հասկանալի է։ Եղելույթներուն մասին քննարկումները պարտին նպատակ ունենալ միայն արագ սրբագրությունը այդ բոլորին։ Վերահսկողական օղակներու կանոնակարգումն ավելի քան անհրաժեշտ է  նման սանձարձակություններ կանխարգելելու համար։

Քաղաքական շահարկումի փորձը վտանգավոր խաղ է բանակի հաշվույն։ Յուրաքանչյուր նման մտադրություն հաշվի պիտի առնե հակառակորդին նպաստած ըլլալու փաստը։ Մոտեցումը երբեք չենթադրեր անշուշտ անտարբեր մնալ նման դեպքերու դիմաց։ Ընդհակառակը, պետական և հասարակական բոլոր միջոցները ամենաաարագ միջոցին ձեռնարկելով մթնոլորտի առողջացման, արմատախիլ պիտի ընեն նման երևույթներու տուն տվող պատճառները։

Հայաստանի Հանրապետությունը շրջափակող թուրք-ազրբեջանական դիրքերուն  դիմաց կանգնած է հայոց բանակը։ Մեր ազգի լինելության, գոյատևման, շարունակականության անփոխարինելի, հզոր երաշխիքը։ Մեր համազգային արժեհամակարգի կայացման համար գլխաւոր բաղադրիչը։

 Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply