“Թանկացումները մաքսային համակարգի հետ որևէ առնչություն չունեն. թե’ գնային, թե’ հարկման դաշտի, և թե’ մաքսային ձևակերպման որևէ ընթացակարգի փոփոխություն 2011 թվականի ընթացքում տեղի չի ունեցել”,-այս մասին հայտարարել են ՊԵԿ պաշտոնյաները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 27, 2011 16:16

“Թանկացումները մաքսային համակարգի հետ որևէ առնչություն չունեն. թե’ գնային, թե’ հարկման դաշտի, և թե’ մաքսային ձևակերպման որևէ ընթացակարգի փոփոխություն 2011 թվականի ընթացքում տեղի չի ունեցել”,-այս մասին հայտարարել են ՊԵԿ պաշտոնյաները` մեկ անգամ ևս շեշտելով, որ հագուստի, կոշիկի մաքսային արժեքի որոշման դեպքում “կիլոգրամ” հասկացություն գոյություն չունի
“2011 թվականին հարկման որևէ դաշտ չի փոխվել, օրենսդրական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մաքսային արժեքի որոշման գործընթացը ընթանում է այն նույն սկզբունքներով, ինչպես որ մինչ այդ էր”,- լրագրողներին վստահեցրել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Վերջինս նշել է, որ իրականում առևտրականների` թանկացումների հետ կապված վերջերս կազմակերպվող ցույցերին մասնակցող որևէ անձ մաքսային տեսակետից հայտարարատու չի հանդիսանում, այսինքն` իր գործունեությունը իրականացնում է միջնորդավորված ձևով` միջնորդ կազմակերպությունների միջոցով. “Ցանկացած միջնորդավորված գործունեություն ենթադրում է նաև շահույթ. եթե ներմուծողը անմիջապես ինքն է ներմուծում իր ապրանքը և ինքն էլ հայտարարագրում, ապա, բնականաբար, նրա ծախսերը պետք է ավելի քիչ լինեն, քան միջնորդ կազմակերպության միջոցով գործարք իրականացնելու դեպքում”,-ասել է Մաքսային հսկողության վարչության պետը:
Ցուցարարների հիմնական դժգոհություններից մեկն էլ այն էր, որ մաքսազերման գինը ապրանքի մեկ կիլոգրամի համար գրեթե կրկնակի թանկացել է: Գ. Սաղոյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ մաքսային արժեքի որոշման դեպքում կիլոգրամ հասկացություն գոյություն չունի: Մասնավորապես հագուստի, կոշիկի և նման այլ ապրանքների դեպքում չափման միավորը հատն է կամ զույգը:
Թանկացման խոսակցությունների վերաբերյալ իր պարզաբանումն է ներկայացրել նաև ապրանքների ներկրմամբ զբաղվող միջնորդ կազմակերպություններից մեկի` “Չորս ընկեր” ՍՊԸ տնօրեն Կառլեն Մկրտչյանը, ով գների փոփոխությունը պայմանավորել է ապահովագրության, տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև Թուրքիայից ապրանքի արտահանման ծախսերի ավելացմամբ, սակայն` “բարձրացել են ոչ բոլոր ապրանքների գները, մոտ 70 տոկոսի գինը նույնն է մնացել: Մի քիչ բարձրացել են հագուստի որոշ տեսականու և կենցաղային իրերի գները, իսկ մաքսազերծման առումով որևէ փոփոխություն չի եղել. ինչ գնով որ ես ապրանքները մաքսազերծել եմ մեկ տարի առաջ, նույն գնով մաքսազերծում եմ նաև հիմա”,- վստահեցրել է Կ. Մկրտչյանը:

ՊԵԿ հարկային տեսչությունների համակարգման վարչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանն էլ, ներկայացնելով այս ընթացքում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, հայտնել է. “Պարզվեց, որ անմիջական տնտեսական գործունեություն իրականացնողները, այսինքն` նրանք, ովքեր հանդիսանում են հայտարարատու, նշված ակցիային չեն մասնակցել: Դժգոհում են այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր իրենց իրական շրջանառությունները թաքցնելու, գուցե հարկերից խուսափելու և այլ պատճառներով իրենց գործունեությունն իրականացնում են միջնորդ կազմակերպությունների միջոցով”: Ինչ վերաբերում է միջնորդ կազմակերպությունների ծառայությունների թանկացմանը, ապա, ըստ Խ.Երոյանի, դրա հետ կապված այժմ ուսումնասիրություններ են տարվում:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply