ԼՂՀ տնտեսությունը թվերով. 2010-ի արդյունքները
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 15:11
2010 թվականին ԼՂՀ հարկային մարմնի կողմից հավաքագրվել են ավելի քան 21 միլիարդ 505 միլիոն դրամ հարկային եկամուտներ, տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ. գերազանցվել է ինչպես պլանավորված տարեկան, այնպես էլ նախորդ տարվա ցուցանիշը: Հարկային ծառայությունում եկամուտների հավաքագրման արդյունքների ապահովումը բացատրում են 2008 թվականից սկսված միջոցառումների անընդհատությամբ եւ հետեւողականությամբ: 2010թ. շարունակվել են հարկային վարչարարության օրենսդրական կատարելագործումը, հարկային հսկողության, հանրային իրազեկման, հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման եւ հարկային մարմնի արդիականցման ուղղությամբ աշխատանքները:
Հունվարի 25-ին տեղի ունեցած խորհրդակցությունում, որին մասնակցել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, ամփոփվել են ոչ միայն 2010-ի արդյունքները, այլեւ` նոր տարվա անելիքները:
ԼՂՀ հարկային ծառայության պետ Ա.Բալայանը արձանագրում է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ խոշոր հարկատուների բյուջե մուտքագրած գումարները նվազման միտում ունեին, 2010թ. վեց հարկ վճարողների մուտքագրած գումարները աճել են մոտ 34 տոկոսով: Ստվերի կրճատմանն ուղղված կարեւոր միջոցառում է դիտարկվում առանց փաստաթղթավորման գործարքների կրճատման նպատակով կատարվող քայլերը: Հարկայինը փաստում է, որ նման գործարքների թիվը կրճատվել է, բայց եւ խոստովանում, որ հատկապես առեւտրի ոլորտում կատարված քայլերը գրեթե անարդյունավետ էին: Անցած տարի ստեղծվել է նոր վարչություն` ստուգումների համակարգման ու հաշվառման նպատակով, փոխվել է ստուգումների պարբերականությունը. դրանք նախաձեռնելիս հնարավորություն է ստեղծվել հաշվի առնել նաեւ ռիսկայնությունը:
2010-ին կատարվել են օրենսդրական փոփոխություներ, որոնց նպատակը, ըստ ծառայության պետի, եղել է համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացումը, հարկումից խուսափելու սողանցքների վերացումը, հարկման հիմնարար սկղբունքների ապահովումը: Օրենսդրական մի շարք նախաձեռնություններ ուժի մեջ են մտել արդեն ս.թ. հունվարի մեկից: Հարկային վարչությունների ղեկավարները արդեն իսկ խոսում են նոր օրենքների մշակման անհրաժեշտության մասին:
2010-ին առաջին անգամ տնտեսվարող սուբյեկտի ղեկավար աշխատողը դատարանի առաջ է կանգնել ու ազատազրկման ենթարկվել հարկերից խուսափելու համար: Անպարտաճանաչ հարկատուների պատճառով առաջին ատյանի դատարան դիմել են յոթանասուն անգամ, քառասունվեց վճիռ է կայացվել, հարուցվել է վեց քրեական գործ: Եղել են նաեւ վարչական վարույթներ:
Վարչապետ Արա Հարությունյանը անդրադարձավ այն դժգոհություններին, որ կային երկու տարի առաջ, երբ հարկատուների հետ աշխատանքում եւ համակարգում արատավոր երեւույթների դեմ պայքարի հարցում պետությունը ստիպված էր նոր գործելաոճ ընտրել: Վարչապետը կարծում է, որ արդեն 2010 թվականին, այսպես ասած խաղի նոր կանոններին դաշտը հարմարվել է, ահազանգեր կառավարություն պակասել են: Պայքարի միջոցառումները պետք է զուգակցվեն հանրային իրազեկման աշխատանքների մակարդակի բարձրացման, հարկատունների հետ կապի բարելավման, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործընթացների, նաեւ կադրային խնդիրների լուծման հետ: Կառավարության ղեկավարը տեղյակ է այդ ուղղությամբ կատարված քայլերին: Հարկային ծառայության պետն էլ իր հաշվետվության մեջ նշեց, որ բախվել են ստուգողների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքերի: Ատեստավորումների ընթացքում պարզվել է, որ ծառայողներից ոմանք պահանջվող գիտելիքներ չունեն: Այդ խնդիրների վերացումը կառավարության ղեկավարը նշեց առաջնահերթություների շարքում: Պետական բյուջեի մուտքերի ապահովումը կարեւոր է, բայց ինքնանպատակ չէ` ասաց նա:
Հարկային պետական ծառայության տարեկան աշխատանքը գնահատելով` վարչապետ Արա Հարությունյանը գոհունակություն հայտնեց բյուջետային մուտքերի ապահովման եւ պլանների գերակատարման կապակցությամբ, ապա եւ հարկային ծառայողներից պահանջեց իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել կարգապահ պաշտոնյա:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
