Իրանական շաբաթ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 27, 2011 14:39

Իրանական ներքաղաքական խմորումները հանգեցրին նրան, որ արդեն գործադիրի ղեկավար Ահմադինեժադը ուղղակի բարձրաձայնեց իր ղեկավարած կառավարության ծրագրերը խոչընդոտողների անունները:

Արտաքին քաղաքական անցուդարձերում, սակայն, կրկին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ զարգացումներն էին` ստամբուլյան բանակցությունների շրջանակներում:

***

Ներքաղաքական ՙդիմառնության՚ ձեւային ու բովանդակային պատկերն այժմ այնպիսին է, որ հակառակ անցյալին` նախագահ Ահմադինեժադը բացեիբաց հայտարարում է իր գլխավորած կառավարության տնտեսական թե քաղաքական ծրագրերի հակառակորդների անունները, որոնք ոչ այլ ոք են քան` երկրի ու պետության կարեւորագույն ատյաններն ու կառույցները գլխավորողները.-

ա – Օրենսդիր իշխանության (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանի

բ – Դատական իշխանության նախագահ Սադեղ Լարիջանի (առաջնի եղբայրը եւ ուղղակիորեն հոգեւոր առաջնորդի նշանակածը),

գ – Ու վերջապես նախագահի դասական հակառակորդ համարվող (Ահմադինեժադի առաջին շրջանի նախագահական ընտրությունների մրցակից թեկնածու) եւ խորհրդարանի ու Պահապան խորհրդի միջեւ օրենսդրական տարակարծություններն վերահսկող-լուծող պետական կարեւոր ատյան հանդիսացող ՙերկրի ու համակարգի նպատակահարմարությունը ճշտորոշող ժողովի՚, ինչպես եւ ՙԲանիմացների ժողով՚-ի (հոգեւոր-կրոնականներով համալրված) նախագահ Հաշեմի Ռաֆսանջանի…

Այս վերջնի դեմ, սակայն, կառավարամետների վերջին ամիսների ընթացքում հարձակումները` իրեն ուղղակիորեն եւ անուղղակի` իր զավակների գործունեությունները պախարակելու ճամբով, երեւի հունից հանեց հանրահայտ ու հեղինակավոր դեմքին, որն էլ դեռ հունվարի սկզբներին բաց նամակով հակադարձեց կառավարամետ ծայրահեղականներին, վերջիններիս վերագրելով ՙհոգեւոր խավին ու հայտնի կրոնավորներին վարկաբեկելու՚ վտանգավորությունը…

Գործադիրի տնտեսական (բանկային) ու հասարակա-քաղաքական բուն քաղաքականությանն ու ծրագրերին, սակայն, օրենսդրական թե դատական դրսեւորումների տեսքով ընդդիմացողներն էին նաեւ նույնինքն խորհրդարանը, որն մշտապես էլ արգելակող ուժ է հանդիսացել կառավարությանը` տարբեր օրենքների մշակման գործում, ինչպեսեւ` դատական ատյանը, որն ըստ Ահմադինեժադի` ներգրավված է եղել այն հարցերում, որոնք առնչակից չեն եղել տվյալ ոլորտին: Զորօրինակ` Կենտր. բանկի նախագահի պաշտոնազրկման կամ նշանակման հանգամանքները:

Հատկանշականը, սակայն, պետական համակարգում հակոտնյա դրսեւորումների այսպես ասած` ՙդիրքավորումներն՚ են. մեկ կողմից` օրենսդիր, դատական եւ Ռաֆսանջանիի գլխավորած վերոնշյալ կառույցներն են, իսկ մյուս կողմում` ողջ գործադիր համակարգն ու արմատական-կառավարամետ հակումներով հայտնի` այաթօլլահ Ջաննաթիի գլխավորած ՙՍահմանադրական օրենքի Պահապան խորհուրդ՚-ը, որն իր հերթին լիազորված է վավերացնել կամ չվավերացնել խորհրդարանի ընդունած օրենքները, որի դեպքում էլ միջամտում է Ռաֆսանջանիի գլխավորած ատյանը` ՙՀամակարգի նպատակահարմարությունն ճշտորոշող ժողովը՚: Իսկ եթե վարչա-իրավական կամ կրոնական (շարիաթ) հարթությանց վրա տարակարծություններն ինքնին անվիճարկելի լուծման են հանգում, այդպես չի կարելի ասել եռյակ ուժերի միջեւ քաղաքական հաշվարկներով պայմանավորված տարակարծությունների դեպքում: Ահավասիկ, այդ վերջին տարաձայնությունները թվում է, թե հենց այդպիսի երանգ են ընդունել, քանզի խորքում 2009-ի նախագահական հետընտրական գործընթացների ազդեցությունն են կրում, հատկապես այաթ. Ռաֆսանջանիի մասով, որով էլ փորձեր են կատարվում նրան ընդմիշտ հեռացնել երկրի քաղաքական բեմից, ինչպես որ նույն թվականից ի վեր մեկուսացված է ՙՈւրբաթօրյա կրոնա-քաղաքական՚ աղոթապետական հանգամանքից:

Ինչեւէ, նախագահ Ահմադինեժադի ինչպես միշտ համարձակ քայլը` քննադատական նամակով խորհրդարանին դիմելն ու թվարկած բարձրաձայնումները, չեն կարող վրիպել հոգեւոր առաջնորդի ուշադրությունից, որով էլ նա հաստատապես իր գործառույթից իսկ մղված` միջնորդական-վերջնագրային խոսքն ու հորդորն է կատարելու տարամետ ու հակոտնյա ուժերին, հատկապես, որ երկիրն ու համակարգը նախապատրաստվում են 1979-ի Իսլ. հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի տոնակատարություններին:

* * *

Իրանի ներքաղաքական իրադարձությունները, սակայն, երբեւէ իրենց այնպես զգացնել չեն տալիս, որպեսզի արտաքին քաղաքական ոլորտում ու մասնավորապես պետական-ազգային անվտանգության սկզբունքները խախտվեն:

Այսպես` ստամբուլյան միջուկային թեժ բանակցություններին զուգահեռ` Աբուդաբիում դիվանագիտական պայքարում մեծ հաղթանակ ապահովեց նույնինքն խորհրդարանի խոսնակ Լարիջանին` Էմիրությունների իր ՙգործընկերների՚ նկատմամբ, երբ վերջիններս իբր կանխորոշել էին իրենց հյուրընկալությամբ կայացող ՙԻսլամական խորհրդարանների վեհաժողովի՚ ընթացքում վերարծարծել ՙեռյակ կղզիների՚ (Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ  եւ Աբու Մուսա կղզիներ, որոնց պատկանելությունը անիրավացիորեն իրեն է վերագրում ԱՄԷ-ն) վիճահարույց խնդիրը եւ փորձ անել` նեղը դնել իրանական պատվիրակությանը: Մի բան, որ հենց սաղմում տապալվեց Լարիջանիի կողմից, դեռեւս մինչեւ Աբուդաբի մեկնելը, որի արդյունքում` Քուվեյթի ու Կատարի պատվիրակներն իսկ Էմիրություններին հետ պահեցին հերթական արկածախնդրությունից ու անհեթեթություն թույլ տալուց…

Գալով ստամբուլյան հայտնի հանդիպմանը, որին ներգրավված էին ՙ5+1՚ խումբը ղեկավարող Եւրոմիության արտաքին հարցերի պաշտոնակատար Քաթրին Աշտոնը եւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, միջուկային հարցերի բանագնաց Սաիդ Ջալիլին, պետք է փաստել, որ բանակցային եռօրյա հանդիպումների առաջին երկու օրերին հակառակ` բացասական ու ձախորդ ընթացք ընդունեց ու այդպիսով էլ ապարդյուն ավարտվեց 3-րդ օրը: Դա, անշուշտ, պայմանավորված էր նրանով, որ ՙ5+1՚-ի գլխավոր բանագնաց Աշտոնը ՙառաջարկեց՚ իրանական պատվիրակությանը, որպեսզի առանձին բանակցություններ իրականացնի ՙ5+1՚ խմբի մեջ ներառված ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վիլիամ Բըրնզի հետ, մասնավորապես երաշխիքներ տալու համար ՙուրանի հարստացման ու փոխանակման՚ թեմայով, որն ինչ խոսք` միանշանակ մերժվեց Ջալիլիի կողմից, քանզի ըստ նրա` նախատեսված չի եղել առանձին ձեւաչափերով հանդիպում, որն էլ հենց բավարար հիմք տվեց Աշտոնին, որ բանակցությունների ավարտին հայտարարի դրանց ապարդյունության մասին,… իրանական կողմը, սակայն, այդ կեցվածքը բնութագրեց որպես ՙփախցրած կարեւոր առիթ՚` ապացուցելով եւս մեկ անգամ, որ Իրանը երբեւիցէ չի նահանջելու իր օրինական, խաղաղասիրական միջուկային տեխնոլոգիայի ձեռքբերման իրավունքից, նույնիսկ բանակցային գործընթացները անորոշ թվականի հետաձգվելու գնով: Բանակցություններ, որոնց էլ մշտապես պատրաստ է եղել իրանական կողմը` առանց նախապայմանների ու երկակի ստանդարտների կիրառման եւ որ կարեւոր է` ի հեճուկս տնտեսական թե քաղաքական շրջափակումների ու բոյկոտների սպառնալիքների…, որոնք առատորեն բարձրաձայնվեցին հետստամբուլյան բանակցություններին`  Ֆրանսիայի,  Գերմանիայի,  ԱՄՆ-ի, Անգլիայի եւ ….նույնիսկ Շվեյցարիայի կողմից:

ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply