ՀՀ բնապահպանության նախարարությունը կշարունակի համագործակցել միջազգային կառույցների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 10:47
Հայաստանը բնապահպանության ոլորտում կշարունակի համագործակցել այնպիսի գլոբալ եւ միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են` Համաշխարհային բանկը, ԱՄՆ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը`UNEP:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը, համագործակցությունները կշարունակվեն նաեւ ՄԱԿ-ի զարգազման ծրագրի` UNDP, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի` UNECE, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության` ՏՀԶԿ/OECD, ԵԱՀԿ, Եվրամիություն, Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, Գլոբալ բնապահպանական հիմնադրամի եւ այլ օտարերկրյա պետությունների հետ:
Համագործակցությունները կշարունակվեն նաեւ միջազգային կոնվենցիաների եւ նախաձեռնությունների շրջանակներում: Ըստ Հ. Մկրտչյանի` շարունակվելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող` 2011 թ-ին նախատեսված միջոցառումների իրականացումը, ինչպես նաեւ ձեռնարկվելու են քայլեր ՀՀ-ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի մշակման ուղղությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարության ներքո, այս տարվա ընթացքում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվելու են մեկ տասնյակից ավելի ազգային եւ տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր, այդ թվում` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ,նաեւ` մի շարք այլ նոր նախաձեռնություններ:
«Պլանավորվում է հոլանդական լիցենզավորված կազմակերպության եւ Համաշխարհային բանկի միջոցով իրականացնել «Արտանետումների չօգտագործված քանակների գնահատման եւ լիցենզավորման ծրագիր», որը հնարավորություն կտա ապահովել միջազգային դրամաշնորհային ներդրում բնապահպանության ոլորտում»,-տեղեկացրեց Հասմիկ Մկրտչյանը:






Facebook
Tweet This
Email This Post
