Հայ խաղաղապահները Աֆղանստանում և Հայաստանի դեմ ջիհադի վտանգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 27, 2011 3:49

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտ ահաբեկիչի կողմից իրականացված պայթյունը վերահաստատեց, որ ահաբեկչությունը միայն Արևմուտքի դեմ չէ ուղղված. ահաբեկչությունը կարող է պայթել ցանկացած երկրում, ցանկացած վայրում, ցանկացած պահի:

Հայաստանն այս առումով բացառություն չէ:

2005 թ. մարտին էր, երբ Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Հաջիգ Նուրիևը հայտարարեց, թե Ադրբեջանը պետք է ջիհադ` սրբազան պատերազմ սկսի Հայաստանի դեմ` ազատագրելու «սեփական հողերը»: Ըստ Նուրիևի` միջազգային կառույցներից որևէ օգնություն չի կարելի սպասել, քանի որ նրանք շահագրգռված չեն հակամարտության «արդար» կարգավորմամբ: «Միայն մենք կարող ենք այս անպատվությունը մեր վրայից մաքրել. սրբազան պատերազմի ժամանակն է»,-հայտարարել է Նուրիևը:

Այսօրինակ հայտարարություն արվում է XXI դարում` մեր օրերում, ոչ թե 1915 թ., և նման կոչեր շարունակ հնչել են նաև դրանից հետո` ադրբեջանցի քաղաքական տարբեր ուժերի կողմից:

Հիշում եմ նաև Իրանում Հայաստանի դեսպաններից մեկի հետ զրույցս. նա տագնապով պատմեց 1990-ականների վերջերին «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության կողմից Հայաստանի դեմ ջիհադ հայտարարելու մասին որոշման մասին, ինչի ընդունմանը Իրանն էր խանգարել:

Փաստորեն, ջիհադի վտանգը միշտ եղել է ու իրականում կա:

Եվ սրա համատեքստում Հայաստանը թե’ Իրաքում և թե’ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ է իրականացրել` իսլամական ահաբեկչական խմբերի դեմ ԱՄՆ պայքարին աջակցելու համար:

2003 թ. Իրաքի նվաճումից հետո Հայաստանը Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 62 մղոն հեռավորության վրա գտնվող Ալ-Քութում տեղակայել էր 46 խաղաղապահների ջոկատ` լեհական հրամանատարությամբ: Հայաստանի կառավարությունը 2005 թ. վերջին-2006 թ. սկզբին մի տարով երկարաձգեց Իրաքում ռազմուժի տեղակայումը: Վերջապես, 2008 թ. հոկտեմբերին Հայաստանը դուրս բերեց իր զինուժը լեհական զինուժի հետ միասին:

ԱՄՆ ծովային զորաբանակների գեներալ մայոր Պաուլ Լիֆիբվրը մեծ գոհունակությամբ է խոսել մեր զինվորների առաքելության մասին. հայկական զինուժն առաջին կարգի աջակացություն էր ցույց տալիս «Իրաքի ազատության օպերացիային» տրանսպորտի, ինժեներիայի ու բժշկության ոլորտներում:

Աֆղանստանում խնդիրն ավելի զգայուն է. այստեղ 40 հայ զինվորական 2010 թ. փետրվարի 14-ից աջակցում է ՆԱՏՕ-ի գլխավորած դաշնակից զորախմբերին «Թալիբան» շարժման դեմ պայքարում: Մեր ջոկատը տեղակայված է Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության ներքո, գերմանական զորախմբի կազմում և գերմանական ուժերի հետ ապահովում է Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը:

Մայիսին Աֆղանստանում ISAF-ի կողմից իրականացվող գործողություններին մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանման 20 զինծառայող Աֆղանստանի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության կողմից պարգևատրվեց մեդալներով և պատվոգրերով` խաղաղապահ առաքելության իրականացման գործում առանձնակի ջանասիրություն ցուցաբերելու համար:

Իսկ արդեն դեկտեմբերի սկզբին հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի խաղաղության ծրագրի հետ համագործակցության շրջանակում Աֆղանստանում կրկնապատկել իր զինվորականների թիվը: Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի նիստում, հայտնել էին իրենց պատրաստակամությունը Աֆղանստանում հայ զինվորականների թիվն ավելացնելու կապակցությամբ, ինչն էլ, բնականաբար, ողջունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլոդիո Բեյսոն Ռիոն:

Վստահաբար կարելի է պնդել, որ հայ զինվորները խոհեմ են գտնվում իրենց առաքելության մեջ, և ուղղորդվում են Հայաստանի պաշտպանության նախարարի  խորհրդով. «Առաքելությունն իրականացնելիս հիշեք, որ դուք աֆղան ժողովրդի հյուրն եք, և ձեր առաքելությունը նրանց պաշտպանելն է, եղեք աչալուրջ և միշտ կշռադատեք ձեր քայլերը մեքենա վարելիս, մարդկանց հետ շփվելիս, օգնություն տրամադրելիս և ընդհանրապես ծառայություն իրականացնելիս: Ձեր գործողությունները փորձեք գնահատել աֆղան ժողովրդի աչքերով»: Այդուհանդերձ, միայն այն փաստը, որ նրանք ծառայում են Աֆղանստանում, պայքարում են Թալիբանի կամ Ալ-քաիդայի դեմ, գործում են «Աֆղանստանում առաքելությունը զինված հակամարտություն» սահմանած գերմանական հրամանատարության ներքո ու ISAF-ի շրջանակներում, բարձրացնում է Հայաստանի դեմ ահաբեկչության կամ ջիհադի վտանգը:

Անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները:

Առաջին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) 2001 թ. դեկտեմբերի 20-ին (1386 բանաձևով) հաստատած և Աֆղանստանի պատերազմում 2001-ից մինչ օրս ընդգրկված ISAF-ի սկզբնական նպատակն է եղել ապահովել Քաբուլի և շրջակա տարածքների անվտանգությունը Թալիբանից, Ալ-քաիդայից և ահաբեկչական համարվող այլ խմբավորումներից:  Իսկ 2003 թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի ԱԽ-ն մեծացրեց ISAF-ի առաքելությունը` ընդհուպ Աֆղաստանի ողջ տարածքում գործողությունների ազատությունը: 2006-ից ISAF-ը ավելի ինտենսիվ հարձակողական գործողությունների է մասնակցել Հարավային Աֆղանստանում. այս միտումը շարունակվել է 2007 թ. և 2008 թ.:

Երկրորդ` Բունդեստագի մանդատով գործող գերմանական զինուժին (որի հրամանատրության ներքո է գործում հայկական ջոկատը) թույլատրված չէ մասնակցել Թալիբանի դեմ ռազմական գործողությունների, բայց գերմանական զորքերը «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության ներքո գործող դաշնակցային զորքերի հետ վարել են սեփական ռազմական գործողությունները Հյուսիսային ու Հարավային Աֆղանստանում, որի հետևանքով զոհվել է շուրջ 650 մարդ (ահաբեկիչ կամ ահաբեկչության աջակից կամ աֆղան քաղաքացի): 2010 թ. Գերմանիան համաձայնել է ուղարկել լրացուցիչ 850 զինվորներ: Այս ընթացքում գերմանական զորքերն ունեցել են ավելի քան 50 զոհ ու 160 վիրավոր:

Իսկ 2009 սեպտեմբերի 4-ին Կոնդուզի օդային բախման պատճառով, որի հետևանքով զոհվել է շուրջ 100 քաղաքացի, Գերմանիան հոկտեմբերին արդեն սահմանեց Աֆղանստանում գերմանական զինուժի տեղակայվածությունը` որպես «զինված հակամարտություն միջազգային իրավունքի պարամետրերի շրջանակներում», որը թույլ է տալիս գերամանական զորքերին գործել առանց ռիսկի` Գերմանիայի գործող օրենսդրության համաձայն:

Իսկ հայկական զինուժի առաքելությունը հենց այդ օդային բախման օջախում գտնվող Կոնդուզի օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկության իրականացումն է, անցակետերի վերահսկողությունը, հնարավոր սպառնալիքների բացահայտումը և գերմանական հրամանատարությանը զեկուցելը:

Թեև գերմանական ահազանգով ամերիկյան F-15E հրթիռն էր խփել Թալիբանի կողմից առգրավված 2 բենզատարները, որի հետևանքով էլ զոհվել էին այդ քաղաքացիները, այդուամենայնիվ, Գերմանիան 2010 թ. հունիսին հայտարարեց, որ կվճարի 5000-ական ԱՄՆ դոլար 100 զոհերի ընտանիքներին` որպես բարոյական (ex gratia) փոխհատուցում:

Ամեն դեպքում, այդ փոխհատուցումը չմեղմացրեց սրված իրավիճակը. դրությունը Կոնդուզի շրջանում կարելի է գնահատել իրական սպառնալի: Սա, բնականաբար, վերաբերում է ոչ միայն գերմանական, այլև հայկական զինուժին:  Այլ կերպ ասած, ահաբեկչական կազմակերպությունները քաջատեղյակ են գերմանական հրամանատարության ներքո գործող հայակական զինուժի վերը նշված կամ ISAF-ի համար կարևոր առաքելության մասին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից ողջունված «առաքելության իրականացման գործում ցուցաբերած առանձնակի ջանասիրության» մասին:

Այս պարագայում մեզ չպետք է հետաքրքրեն ԱՄՆ խաղաղապահ առաքելության նպատակները. թմրանյութերի թրաֆիքինգի դե°մ են պայքարում, թե° նպաստում, ապահովում են աֆղանական ժողովրդի անվտանգությո°ւնը, թե° հակառակը: Գնահատական տալը մեր խնդիրը չէ, կամ դա չէ մեզ ավելի մտահոգողը: Մեզ հուզող կամ վերաբերող խնդիրն այն է, որ հայ խաղաղապահներն աջակցում են ԱՄՆ-ին ու Գերմանիային ջիհադի կամ ահաբեկչության դեմ պայքարում:

Իսկ Աֆղանստանում ռազմական գործողությունները դեռևս ավարտված չեն: Թեև ՆԱՏՕ-ի 3 պետություններ հայտարարել են զորքերի դուրսբերման պլանների մասին (Կանադան` 2011 թ., Լեհաստանը` 2012 թ., ՄԹ-ը` 2015 թ.), իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, թե Աֆղանստանում ռազմական գործողությունները կավարտի 2011 թ. հուլիսի կեսերին, այնուամենայնիվ, դուրսբերման ժամկետները հիմա երկարաձգվել են մինչև 2014 թ.:

Այսինքն` ենթադրվում է, որ հայ խաղաղապահները դեռ շարունակելու են աջակցել միջազգային ուժերին:

Առաջադրված հարցը` Հայաստանի դեմ ջիհադի հնարավոր գործադրումը ահաբեկչական խմբավորումների կողմից, արմատական է և շատերի կողմից կարող է համարվել ոչ տեղին, թերևս այն թեզով, թե Հայաստանն այդքան նշանակալի ազդեցություն չունի միջազգային գործընթացների վրա ևն: Բայց երբեք չի կարելի թերագնահատել վտանգներն ու սպառնալիքները: Հայաստանը քրիստոնյա պետություն է և շրջապատված է մուսուլմանական երկրներով, որոնցից երկուսի հետ իրական հիմնախնդիրներ ունի ու դրանով հանդերձ, աջակցում է եվրո-ատլանտյան ուժերին ահաբեկչության դեմ պայքարում:

2010 թ.  փետրվարին` CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, խոսելով Ալ-քաիդայի ցանցի մասին, նշել է, որ միջազգային ահաբեկչական խմբերի ձեռքում եղած զանգվածային ոչնչացման զենքերը (WMD) ամենամեծ սպառնալիքն են ԱՄՆ-ի դեմ, նույնիսկ ավելի մեծ, քան միջուկային Իրանի սպառնալիքը, ապա ավելացրել է, որ «ցավոք, դա շատ նպատակասլաց, խելացի ահաբեկիչների խումբ է, ովքեր միշտ հնարավորություններ ու խոցելի կողմեր են փնտրում»:

Անթույլատրելի է, որ Հայաստանը դառնա այդ «հնարավորություններից» մեկը: Այսինքն` հնարավոր է, որ Հայաստանը դառնա «լավագույն օբյեկտը», որի դեմ ահաբեկչական հարձակումով ահաբեկչության հեղինակները կարողանային «message» ուղարկել ԱՄՆ-ին կամ Գերմանիային: Այլ կերպ ասած, Հայաստանը կարող է դառնալ թիրախ` որպես Թալիբանի քաղաքականության զոհ: (Այս առումով, լրացուցիչ գործոնի դեր կարող է կատարել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, որի հողատարածքն իր չափերով ամենամեծերի շարքում է աշխարհում):

Հարկ է նշել, որ Ալ-քաիդայի ցանցի մեջ մտնում են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են «grassroots ջիհադիստները»: Սրանք անհատներ են կամ փոքր խմբեր, որոնք գործում են ողջ աշխարհում` առաջնորդվելով ջիհադի գաղափարախոսությամբ, հնարավոր է` ունեն քիչ կամ ոչ մի կապ ահաբեկչակման խմբերի հետ, բայց կարևորը` գործում են նույն առաքելությամբ: Ջիհադիստների այս խումբն ունի թերևս ավելի մեծ հնարավորություններ, այսինքն` կարող է ավելի հեշտությամբ սահմանել թիրախը ու խոցել, քանի որ, ի տարբերություն Ալ-քաիդայի անդամների, կարողանում է ավելի ազատորեն տեղաշարժվել:

Հատկանշական է, որ ռուսական հատուկ ծառայություններին պատկանող օրերս բացահայտված փաստաթուղթը վկայում է, որ «Դոմոդեդովոյի» ահաբեկչության հեղինակները հնարավոր է` Ռուսաստան են թափանցել Թուրքիայի, Իրանի և Վրաստանի տարածքով: Այս երեք երկրներից Հայաստան ներթափանցումը, ակնհայտ է, որ դժվար չէ: Իսկ եռամսյակի կտրվածքով, հսկիչ սահմանային կետերով Հայաստան է գալիս ավելի քան 250 հազար մարդ:

Եվ մենք ոչ մի ուշադրություն չենք դարձնում այն մարդկանց, ովքեր լուսանկարում են Երևանի մետրոպոլիտենը, ոչ ոք չի էլ մոտենա ու հարցնի` ինչու, ով եք: Նույն կերպ անտարբեր ենք Հյուսիսային պողոտայում գնված բնակարանների տերերի նկատմամբ:

Ահաբեկիչը կարող է, ասենք, արաբ չլինել և միանգամայն այլ էթնիկական ու ազգային պատկանելություն ունենալ:

Առհասարակ ահաբեկչության վտանգը մեզանում թերագնահատված է:

Պետք է հասկանանք, որ ահաբեկչական հարվածը մի քանի օրում տեղի չի ունենում. այն ռազմավարական կամ երկարաժամկետ նախագծում է ենթադրում. 5-10 տարի կամ ավելին:

Ուստի պետք էր երեկվանից արդեն մտածել թե’ խաղաղապահ առաքելության սահմանների, և թե’ առհասարակ Հայաստանի անվտանգության ապահովման մասին:

Դիտվել է 2845 անգամ:
Print Friendly

Leave a Reply