ՀԴՄ շահումներ` հերթագրումով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 26, 2011 17:47

Վանաձորում 600 մարդ արդեն հերթագրվել է ՙԱրարատ՚ բանկում.

կհասնի` չի հասնի:

Հունվարի 15-ին կայացավ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ՀԴՄ կտրոնների եռամսյակային խաղարկությունը: Սակայն ՀԴՄ կտրոններով շահած վանաձորցիներին հունվարի 18-ին հիասթափություն էր սպասում: ՙԱրարատ՚ բանկի Վանաձորի մասնաճյուղում, որ շահումներ հատկացնող միակ բանկն է, քաղաքացիների հերթ էր: Պարզվում է` ՀԴՄ կտրոններով շահած 600 մարդու արդեն հերթագրել էին, և նոր հերթագրում անել չէին ցանկանում: ՙ600 մարդ արդեն հերթագրել ենք, մինչև հունվարի 31-ն էլ չենք հասցնի էդքանին սպասարկել,- հայտնեց բանկի պաշտոնյան և մխիթարանքի կարգով ավելացրեց,- եթե ժամկետը երկարաձգեն, կարող է էլի հերթագրենք՚,- և խորհուրդ տվեց որպես ՙայլընտրանք՚ դիմել ՙՀայփոստի՚ բաժանմունք:

Իսկ բանկ եկածներն արդեն եղել էին ՙՀայփոստում՚ և գրավոր մերժում ստացել, քանի որ այնտեղ գրություն էր փակցված. ՙՀԴՄ չի վճարվում՚: Երբ ՙԱրարատ՚ բանկի ներկայացուցչի պատասխանը փոխանցեցինք հարկային ծառայության թեժ գիծ, զարմացան, թե ինչպե±ս կարող են մինչև հունվարի 31-ը չհասցնել սպասարկել 600 մարդու. ՙ600 մարդու 2 օրում շատ հանգիստ կարող են ճանապարհել՚: Նաև հավաստիացրին, որ հունվարի 19-ից ՙՀայփոստի՚ բաժանմունքներում էլ կսկսեն շահումներ տրամադրել. ՙԵթե հանկարծ ՙՀայփոստն՚ էլ չվճարի, խնդրում ենք մեզ տեղյակ պահել՚:

Հունվարի 19-ի դրությամբ էլ ՙՀայփոստի՚ Վանաձորի բաժանմունքում շահումներ չէին վճարում: Հետաքրքիր է, թե ինչու՞ միայն մեկ բանկի է իրավունք վերապահված ՀԴՄ  կտրոններով շահումներ տրամադրել: Չէ՞ որ նախկինում այդ գործառույթները նաև այլ բանկեր էին կատարում (ՎՏԲ, ԱԳԲԱ, Կոնվերսբանկ): Մեկ բանկում կենտրոնացումը նպաստում է հերթերի կուտակմանը: Չի բացառվում, որ խորհրդային տարիների նման այս համակարգում էլ  սկսվի հերթն առաջ գցելու համար ՙմարդ մեջ գցելու՚, ծանոթ գտնելու և բարեխոսելու (մեծ շահումների դեպքում` միգուցե ՙմաղարիչ՚ անելու) արատավոր ավանդույթը, մանավանդ որ հունվար ամսում ընդամենը 2 աշխատանքային շաբաթ է սահմանված շահումներ ստանալու համար` մինչև հունվարի 31-ը:

…Ի դեպ, հունվարի 21-ից ՙՀայփոստի՚ Վանաձորի կենտրոնական բաժանմունքում, ի վերջո, սկսվեց ՀԴՄ շահած կտրոնների գումարների բաշխումը, բայց այստեղ էլ, ինչպես ՙԱրարատ՚ բանկում, մարդկանց նախապես հերթագրում էին վաղ առավոտից: Իսկ կեսօրից հետո եկածներին ժամը 16-ն անց 30-ին արդեն խորհուրդ էին տալիս հաջորդ օրը գալ` իրենց հետ ունենալով անձնագրի պատճենները` ըստ ՀԴՄ կտրոնների քանակի, և նույն քանակով ծրարներ:

ՙԺողովուրդ, էսօր էլ չենք սպասարկելու, թող մարդ չսպասի, վաղն առավոտից եկեք, հլա դեռ մեր աշխատողներն էլ չեն ստացել իրենց շահումները՚,- հայտարարեց բաժանմունքի աշխատակիցը, որ նաև նոր եկածներին ավելացրեց ցուցակում: ՙԷս ի՞նչ բան է, հերթագրում են, բայց հերթի համարն էլ չեն ասում՚,- դժգոհում էր տարեց մի կին, որ նաև կոչ էր անում ավելի շատ աշխատակիցների ներգրավել այդ գործում. ՙՀետաքրքիր է, ինչու՞ է մի աշխատող սպասարկում, չեն կարո՞ղ մի քանի աշխատողի հանձնարարել էս գործը՚: Տարեց կինը  նաև հավաքվածներին խորհուրդ տվեց բողոքով դիմել Հարկային` գումարների բաշխման ժամկետը երկարաձգելու պահանջով. ՙՈ՞նց կարելի է էսքան կարճ ժամանակ տալ: Հունվարի 31-ից հետո արդեն չեկերը կորչում են, ով էդ ընթացքում ստացավ` ստացավ՚:

Ինչպես երևում է, մարդիկ շատ ակտիվորեն չեկ են հավաքել: Վանաձորցի տիկին Գոհարը, օրինակ, որ ՙԱրարատ՚ բանկում էր հերթագրվել գումար ստանալու, մեր հետ զրույցում ասաց, որ քաղաքի տարբեր խանութներից է առևտուր անում և 15 շահած չեկ ունի:

Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է 2990 անգամ:
Print Friendly

Leave a Reply