Ստորագրվել է երեք վարկային համաձայնագիր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 26, 2011 14:27

Այսօր  ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ստորագրեցին ՀԲ երկրի գործընկերության ռազմավարության զարգացման քաղաքականության վարկային 2009-12թթ փաթեթի երեք վարկային համաձայնագրեր` “Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիրը”, “Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիրը” և “Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինան­սավորում (APL-2)”-ը:

“Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի” շրջանակներում ՀՀ կառավա­րության կողմից իրականացվել են ՀԲ-ի հետ համաձայնեցված մի շարք նախապայմաններ`  աղքատության կրճատման և տնտեսության խթանման ուղղությամբ, որի արդյունքում ՀԲ-ն ՀՀ կառավարությանը տրամադրելու է 25 մլն դոլարին համար­ժեք բյուջե­տային վարկ, որից 21 մլն-ը արտոնյալ պայմաններով (20 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, 0,75 տոկոս), իսկ 4-ը առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

“Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի” համար կհատկացվի 24 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ` մրցակցային էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների նորարարության առկա խոչընդոտները վերացնելու` բազային ենթակառուցվածքները հզորացնելու և նպաստավոր միջավայր ստեղծելու նպատա­կով: Ծրագիրը բաղկացած է երեք մասերից. Էլեկտրոնային հասարակության ենթակառուց­վածք­­ների զարգացում, ձեռնարկությունների նորարարության խթանում և ծրագրի կառավա­րում: Վարկը տրամադրվում է առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

“Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինան­սա­­վորում (APL-2)” ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել ՀՀ առողջապա­հության նախարարության կարողությունները` համակարգի ավելի արդյունավետ կառավար­ման համար, ընդլայնել ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահ­պան­ման համակարգը և ընտրված մարզերում արդիականացնել առողջա­պա­հական ծառայությունների մատուցման ընտրված ցանցերը/ենթակառուցվածքները` բնակ­չութ­յանն առողջապահական ավելի մատչելի, որակյալ և կայուն ծառայություններ մատու­ցելու համար: Ծրագրի իրականացման համար հատկացվելու է 19 մլն ԱՄՆ դոլարին համարժեք  գումար: Վարկը տրամադրվում է առևտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply