Գերակա խնդիրներ ` հայկական սպորտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 26, 2011 16:37

Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում կնճռոտ  բազմաթիվ խնդիրներ կան: Եվ ահա, մեր երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հույժ հրատապ խնդիրներ առանձնացրեց, որոնց լուծումների մասին հազիվ թե առաջիկայում հեշտորեն պատասխաններ գտվեն: Նախ, բանախոսն անդրադարձավ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հայեցակարգի մշակմանը, նաև ներկայացվեց, թե այն ինչպես է պատրաստվում իրականացվել: Անթաքույց հայտնվեց, որ  տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին աջակցության կարգով ֆինանսավորման հայեցակարգ  մշակելու անհրաժեշտությունը վաղուցվանից է օրակարգային դարձել: Դրա բացակայությունը հանգեցրել է կազմակերպությունների ոչ արդյունավետ ֆինանսավորմանը, որը  բացասաբար  է անդրադարձել ոլորտում իրականացվող աշախատանքներին: «Այդ հայեցակարգը պետք է լինի հնարավորինս պարզ, թափանցիկ և մեծամասնության կողմից ընդունելի: Դրա իրականացումը կհանգեցնի այն բանին, որ բնագավառը առաջընթաց ունենա, մրցունակություն առաջանա: Հայեցակարգ մշակելիս հաշվի կառնվեն միջազգային փորձը և Հայաստանի օրենսդրությունը»,-ասաց նախարարը: Ի դեպ, Հայաստանի կառավարությունից հատկացվող ֆինանսները բավարար չեն ծառացած բոլոր հարցերը լուծելու համար: Համեմատության կարգով հայտնվեց, որ հարևան Վրաստանում սպորտի պետական կառույցն իր կարիքները հոգալու համար 5-6 անգամ ավելի շատ ֆինանսավորում է ստանում: Փաստորեն,մեր երկրում հաշվի են առնվում եղած հնարավորությունները և աշխատում են են այդ սահմաններում տեղավորվել: Ցավով հայտնվեց, որ նախարարությունը չունի աչքի ընկած մարզիկներին որպես խրախուսանք տրամադրելու գումարներ: Դրանք հանձնվում են ՀՀ նախագահի և  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Այդուհանդերձ, հույս հայտնվեց, որ Հայաստանում, ֆինանսական խնդիրների բարելավման հետ մեկտեղ, հնարավոր է, որ այդ նպատակով հիմադրամ ստեղծվի: Նշվեց նաև, որ 2011-ին լուրջ ուշադրություն է դարձվելու ՀՀ նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպմանը և անցկացմանը: Ու եթե նախորդ տարվա համեմատ 2010-ին այդ ստուգատեսի մասնակիցների թիվը կրկնապատկվել և հասել էր 347-ի, ապա սպասվում է, որ այս տարի մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը երեք անգամ ավելի շատ կլինի և կանցնի 1000-ից: Գնահատական տրվեց, որ դա գերատեսչության ամենահաջողված ծրագրերից է և այդ մրցույթը Հայաստանում մեծ մասսայականություն է վայելում: «Անկախի» երեք հարցին, նախարարը յուրովի պատասխանեց: Նախ, հետաքրքրում էր, թե ինչը չի բավարարում ֆինանսավորման կատարման ներկայիս սկզբունքից, ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել այն 31 մարզաձևերի ֆեդերացիաները, որոնք աջակցության կարգով ֆինանսավորվում են: Արդյոք, նպատակահարմար չէ՞ր լինի, որ այդ մարզաձևերի ֆեդերացիաների միջոցառումների օրացուցային միասնական ծրագիրը հրապարակվեր, որպեսզի պարզ լիներ, թե ինչի հիման վրա է կառավարությունը ֆինանսավորում և ինչ նպատակով են ծախսվում տրամադրվող փողերը: Հետաքրքիր էր, թե նախարար վստա՞հ է, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման ժամանակ տեղերում կարող են չարաշահումներ, հավելագրումներ չլինեն, կամ էլ` ընտանիքի տարբեր անդամներն իրար քիչ ծանոթ լինեն, այսինքն մեկնարկի դուրս գան հավաքական ընտանիքներ: Եվ այս պարագայում խիստ կասկածելի է, որ ոչ թե շուրջ 1000 ընտանիք մասնակցի 2011-ի այդ մրցույթին, այլ թեկուզ դրա կեսը: Նախարարը կրկին հայտնեց, որ ֆինանսավորման հարցում գլխավոր նախապայմանը պետք է լինի պարզությունը, թափանցիկությունը, և եթե որևէ մարզաձևի ֆեդերացիա 10 անգամ ավելի շատ փող է ստանում, քան մյուսը, ապա դա պայմանավորված է այն բանով, թե տվյալ մարզաձևի ֆեդերացիան միջազգային ստուգատեսներից ինչպիսի ավարով է վերադառնում : «Քանի որ ֆինանսները սահմանափակ են, ստիպված ենք շատ փող տրամադրել այն ֆեդերացիաներին, որոնք արդյունավետ են աշխատում: Նշանակություն է տրվում նաև այն բանին` մարզաձևն օլիմպիակա՞ն է, թե՞ ոչ»,- ասաց նա: Իսկ այն , որ Հայաստանում սնկի նման աճում են տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները, ՀՀ արդարադատության նախարարություն էլ  անխտիր որպես հասարակական կազմակերպություններ գրանցում է նորաստեղծ մարզական ֆեդերացիաներին, արտասովոր  չհամարվեց: դա այն դեպքում, երբ  արդեն մեր երկրում միայն արևելյան մարտարվեստի տարբեր ձևերի մի քանի տասնյակ ֆեդերացիա կա: Կատարվածը նախարարն օրնաչափ համարեց, ժողովրդավարության հետևանք, թեև խոստովանվեց, որ  չարաշահումներից խուսափելու համար, դժվար է վերահսկողություն իրականացնելը: Տարբերակներից մեկն այն համարվեց, որ համանման մարզական կազմակերպությունները միավորվեն, խորհուրդներ ստեղծեն, այդ դեպքում հնարավոր է, որ դրանք ավելի շատ բանի հասնեն: Օգտվելով առիթից հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու մեր երկրի բռնցքամարտիկների ճակատագիրը, քանի որ այս տարի աշխարհի առաջնություն անցկացվելու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մեդալներից բացի խաղարկվելու են նաև 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Որոշվել է, մերոնք մասնակցելո՞ւ են այդ ստուգատեսին, թե՞ ոչ: «Առայժմ վաղ է այդ մասին խոսելը: Եթե մարզիկներ են Բաքու մեկնելու, նրանց համար վատ պայմաններ են լինելու, անվտանգության երաշխիքներ չեն տրվելու, ապա  չգնալը ճիշտ կարող է համարվել: Վերջնականորեն այդ հարցին դեռ պատասխան չկա: Դա կազմակերպիչներից է շատ բանով կախված, թե ինչ պայմաններ կառաջարկվեն: Անցյալ տարի մեր երիտասարդ բռնցքամարտիկների համար Բաքվում ոչ այնքան լավ պայմաններ էին ստեղծվել և դա անդրադարձավ արդյունքների վրա»,- ասաց Պետրոսյանը:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply