«Շահող կտրոն»
վիճակախաղի բոնուսներով տրամադրվել է 250 մլն. դրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 3, 2009 14:11

nk114Հուլիսի 30-ի դրությամբ Երևանի ու մարզերի հարկային տեսչությունները Պետական եկամուտների կոմիտեի հայտարարած «Շահող կտրոն» վիճակահանության չշահած կտրոնների համար ապրիլ-մայիս-հունիս եռամսյակի համար տրամադրել են 14.620 միջնորդագիր` շուրջ 250 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Օվսաննա Շեկոյանն օրերս վճարվող բոնուսային կարգի համաձայն ստացել է 18.500 դրամ: «Մոտ 200 կտրոններով 300.000 դրամի առևտուր էի արել,-ասում է Օվսաննան,- բայց ընկերուհիս՝ Մարգարիտան, ավելի շատ ստացավ. 300 կտրոն՝ 500.000 դրամ առևտրաշրջանառության դիմաց 25.000 դրամ»:

Ըստ կառավարության որոշման՝ ապրիլի 1-ից յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում վիճակահանությունում չշահած կտրոնների համար հաջորդ եռամսյակին կտրամադրվեն կատարած գնումների գումարի համար սահմանված բոնուս:

Բոնուսները տրամադրվում են սկսած 50 կտրոնի դեպքում՝ նվազագույնը 100.000 դրամ շրջանառության համար՝ 2500 դրամ: Իսկ առավելագույնը սահմանված է 1000 կտրոնի համար՝ 6մլն. դրամ շրջանառությամբ, 200.000 դրամ:

Ընդ որում, շրջանառության գումարը պետք է ներկայացված լինի կտրոնների պահանջված չափով: Օրինակ,100.000 դրամ շրջանառությամբ մեկ կամ մի քանի կտրոնը բոուսային վճարման ենթակա չէ, այն պարտադիր պետք է լինի 50 կտրոնով:

Քաղաքացիները կտրոնները (բոլոր կտրոնների վրա պետք է լինի դիմողի ստորագրությունը և դասավորված լինի` ըստ ամիսների) անձնագրով ներկայացնում են տարածքային հարկային տեսչություններ և ստանում համապատասխան միջնորդագիր` բանկից գումարը ստանալու համար:

ՀԴՄ կտրոններով անցկացված հինգերորդ` հուլիսի 7-ի վիճակահանության արդյունքում 933 շահողի տրամադրվել է շուրջ 8 մլն դրամ: Հուլիսի 30-ի դրությամբ 5 000 դրամ է շահել 859 քաղաքացի, 20 հազար դրամ` 65, 50 հազար դրամ` 5 քաղաքացի և 7 թվի համընկնմամբ 500 հազար դրամ՝ 4 քաղաքացի:

Դիտվել է 4214 անգամ:
Print Friendly

Leave a Reply