Երիտասարդության խնդիրներն ուսումնասիրելու համար Արցախում կանցկացվի սոցիոլոգիական հետազոտություն
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | January 26, 2011 11:20
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կանցկացնի սոցիոլոգիական հետազոտություն` պարզելու համար տեղի երիտասարդության խնդիրները, քաղաքական հայացքները եւ կրթության, ազատ ժամանցի կազմակերպման հնարավորությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Տիգրան Աթանեսյանը, Արցախի հինգ շրջաններից արդեն ստացվել են հարցախույզի իրականացմանն օժանդակելու համար դրական պատասխաններ: «Ներկա փուլում մենք Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններից արձագանքի ենք սպասում, որից հետո կանցնենք հաջորդ փուլին»,-ասաց նա` հավելելով, որ բուն հարցախույզը կանցկացվի ամենաքիչը 1000 մարդու միջեւ եւ ԼՂՀ բոլոր շրջաններում:
Նախարարության կողմից նախատեսվում է 2012-14 թթ. Արցախի երիտասարդական քաղաքականության ռազմավարություն մշակել, որը հիմնված կլինի նաեւ այս սոցիոլոգիական հետազոտության արդյունքների վրա: Տիգրան Աթանեսյանի տեղեկացմամբ` ներկայումս նախարարությունը մեկ այլ մոնիթորինգ է իրականացնում, որը եւս կնպաստի երիտասարդական խնդիրների վերաբերյալ ընդհանուր պատկեր ստանալուն: «Նախարարությունն աշխատանքային խմբեր է կազմել, որոնք պետք է ուսումնասիրեն շրջանների մշակութային կյանքի ապահովման առանձնահատկությունները:
Այդ աշխատանքային խմբերում կլինեն նաեւ մեր վարչության ներկայացուցիչները, ովքեր կուսումնասիրեն շրջանների երիտասարդության խնդիրները»,-ասաց Տ. Աթանեսյանը: Այս ուսումնասիրության իրականացման համար կազմվել է երեք հարցից բաղկացած հարցաշար, որով պարզ կդառնա մասնակից երիտասարդի սեռը, ամուսնական կարգավիճակը, զբաղմունքն ու խնդիը: Մոնիթորինգն անցկացվելու է 16-30 տարեկանների միջեւ:






Facebook
Tweet This
Email This Post
