ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագիր` սյունեցի դեռահասների եւ ուսանողների համար
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 26, 2011 10:52
Կապանում գործող «Երկյակ» երիտասարդական հկ-ն ընթացիկ տարվա հունվարից սկսել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Բացեք մեր աչքերը» փոքր դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակը դեռահասների եւ ուսանողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակի կանխարգելումն է:
Ծրագրի շրջանակներում Կապանի, Քաջարանի, Մեղրիի եւ Ագարակի դպրոցներից, բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններից ընտրված 160 աշակերտների եւ ուսանողների համար կանցկացվեն եռամսյա դասընթացներ` 16 հոգանոց 10 խմբերի հետ առանձին-առանձին: Դասընթացների ընթացքում, կիրառելով ինտերակտիվ մեթոդներ, մասնակիցները կտեղեկացվեն, թե ինչ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, որոնք են վարակի փոխանցման ուղիները, ինչ պետք է անել անվտանգ վարքագիծ ունենալու համար եւ այլն: Դրանք կանցկացնեն նախօրոք վերապատրաստված երկու դասընթացավարները:
Դասընթացների ավարտից հետո ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում ստեղծվելու են փոխօգնության խմբեր, որոնք էլ ապահովելու են փոխադարձ կապը եւ իրենց ստացած գիտելիքները «Հավասարը` հավասարին» սկզբունքով փոխանցելու են իրենց ընկերներին: Խմբերն ապահովվելու են անհրաժեշտ գրականությամբ: Ծրագրի շրջանակներում հկ-ի կայքում բացվելու է նոր խորագիր, որի միջոցով ցանկացողներն անանուն կարող են դիմել եւ թեմայի վերաբերյալ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծրագիրը լինելու է շարունակական:
Ի դեպ, սա նման առաջին ծրագիրը չէ, որ իրականացնում է «Երկյակ» կազմակերպությունը: «Երբ 10 տարի առաջ դարձյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը նվիրված ծրագիր էինք իրականացնում դեռահասների շրջանում, դպրոցներում հանդիպում էինք թե’ ուսուցիչների, եւ թե’ ծնողների անհանդուրժող վերաբերմունքին, իսկ այսօր պատկերն այլ է, այսօր նրանց կարծիքով վարակի կանխարգելման մասին գիտելիքներ ունենալը խիստ անհրաժեշտ է մեր երեխաներին», – «Արմենպրես»-ին ասաց «Երկյակ»-ի նախագահ Արմենակ Դավթյանը:






Facebook
Tweet This
Email This Post
