Հայաստանում կիրականացվի անասնապահության զարգացման 5-ամյա ծրագիր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | հունվարի 25, 2011 20:13

Առաջիկա հինգ տարիների ընթացքում` մինչև 2015-ը,  Հայաստանի վեց մարզերի 50 համայնքներում կիրականացվի Համայնքների գյուղատնտեսական կառավարման և մրցունակության ծրագիրը, որի նպատակն է խթանել անասնապահության զարգացումը և այն վերածել եկամտաբեր զբաղմունքի:

Հնգամյա ծրագրի արժեքը 20 մլն դոլար է, որից 15,5 մլն-ն Համաշխարհային բանկի տրամադրած վարկն է: Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներում:

Այսօր էրեբունի պլազայում ծրագրի առավելություններն ու թերություններն էին քննարկում Գյուղատնտեսության նախարարության, Հանրային խորհրդի, Համաշխարհային բանկի և այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  նշում է, որ ծրագրի նպատակն է անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներում ստեղծել որակյալ խորհրդատվական բազա, բարեկարգել արոտավայրերը, նպաստել անասնապահության արդյունավետության բարձրացմանը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ նշում է, որ գյուղատնտեսության ոլորտը ՀԽ-ի ուշադրության կենտրոնում է ստեղծման պահից ի վեր: Մանուկյանի  խոսքով` գյուղատնտեսությունը պետք է զարգացնել ոչ միայն որպես բիզնես, այլև պահպանել արմատները, որի վրա պետությունն է հիմնված: «ՀԽ-ն կողմ է ծրագրին: Հասարակական քննարկումների միջոցով կարելի է հասնել նրան, որ այն ընդունելի լինի բոլորի համար»,- ասում է Մանուկյանը:

Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանն ասում է, որ արդեն իսկ պատրաստ են փորձնական ծրագրեր հինգ գյուղերի համար: Առաջիկա երեք տարիներին նախատեսվում է գյուղերից յուրաքանչյուրին 240 հազար դոլար տրամադրել: Ծրագրին 5 տոկոս համագինանսավորմամբ կմասնակցեն նաև համայնքները:

Խաչատրյանը նշում է, որ ծրագիրը չորս հիմնական բաղկացուցիչներից է կազմված. Համայնքներում արոտավայրերի կառավարման համակարգի ստեղծում, գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում, մրցակցային դրամաշնորհներ, ծրագրի իրականացում և մոնիտորինգ:

Խաչատրյանի խոսքով`  ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում ստեղծել «արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, որոնք էլ կզբաղվեն արոտավայրերի արդյունավետ օգտագործմամբ:  Խաչատրյանը, կարևորելով արոտավայրերի ճիշտ օգտագործումը անասնապահության զարգացման գործում, նշում է, որ ներկայումս Հայաստանում արոտավայրերի 50 տոկոսը էռոզիայի է ենթարկված, իսկ հեռագնա արոտավայրերն էլ չեն օգտագործվում ջրարբիության խնդիրների պատճառով:

Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցման գրասենյակի տնօրենը նշում է, որ 2004-ից ի վեր Հայաստանում անասնապահության ոլորտում  աճ չի գրանցվել, մինչդեռ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ավելացնել անասնապահության արտադրողականությունը, կնպաստի արոտավայրերի բարելավմանը, կբերի համայնքերի բյուջեի եկամուտների ավելացման ի հաշիվ վարձակալական հողերի օգտագործման:

Նախնական տվյալներով`  ծրագրում կընդգրկվի 22 հազար ֆերմերական ընտանիք, 132 հազար հա արոտավայր: Նախատեսվում է, որ ամեն տարի ֆերմերները կստանան 10 մլն դոլարի լրացուցիչ արդյունք:

Քննարկմանը ներկա Տավուշի Մարզպետ Արմեն  Ղուլարյանը, սակայն, առաջարկեց ծրագիրն իրականացնելուց հաշվի առնել, որ ծրագրի իրականացումից հետո էլ պետք է գյուղացիները շարունակեն զարգացնել անասնապահությունը: Ուստի, ըստ մարզպետի, կարևոր է դրա համար նպաստավոր պայմանների ստեղծումը` դեպի սարավանդներ տանող ճանապարհների բարելավում, սարում կաթը պահելու կամ իրացնելու պայմանների ստեղծում: Նա ասում է, որ Տավուշում կան անգամ սեզոնային սարավանդներ, որոնք չեն օգտագործվում վատ ճանապարհների ու ջրի բացակայության պատճառով:

Դիտվել է 2684 անգամ:

Leave a Reply