Պատշաճ աղբահանությունը` առաջնահերթ խնդիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 25, 2011 17:20
Երևանի սանմաքրման և աղբահանության ընդհանուր իրավիճակին ծանոթանալու նպատակով ճանաչողական այցով Երևանում գտնվող գերմանական <<Բեքեր>> ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
Ընկերության նախագահ Հուբերտ Արմբրուստը քաղաքապետին ներկայացրեց իրենց կողմից մայրաքաղաքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Այցի շրջանակում գերմանական ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների սանմաքրման ընկերությունների աշխատանքին, ինչպես նաև այցելել Նուբարաշենի աղբավայր:
Երևանի քաղաքապետն ընդգծեց ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների կարևորությունը. <<Երևանի աղբահանության կազմակերպման ամբողջական պատկերի մասով մեզ հատկապես անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Դա թույլ կտա ավելի հիմնավոր և արդարացված առաջարկներ ակնկալել ինչպես բազմաբնակարան շենքերում աղբահանության աշխատանքների կազմակերպման, այնպես էլ ժամանակակից աղբամանների տեղադրման առումով>>,- նշեց Կարեն Կարապետյանը:
<<Բեքեր>> ընկերության ներկայացուցիչները հավաստիացրին, որ կշարունակեն ուսումնասիրությունները մայրաքաղաքում և ամփոփ կներկայացնեն Երևանում աղբահանությունն արդյունավետ կազմակերպելու առաջարկները:





Facebook
Tweet This