Ավետիք Իշխանյան. «Սարգիս Հացպանյանը մարտի 1-ի գործով տուժած է»

Հարցազրույց | | January 25, 2011 16:40

Հունվարի 18-21-ը Հայաստանում էր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Քառօրյա այցելության ընթացքում նա հանդիպել է նաև Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի,  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿի նախագահ Ստեփան Դանիելյանի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտից Արտակ Կիրակոսյանի և նախագահ Արման Դանիելյանի, «Զինվորի մայր» ՀԿի նախագահ Գրետա Միրզոյանի հետ: Թե ինչ հարցեր են շոշափվել, փորձեցինք տեղեկանալ Ավետիք Իշխանյանից:

Ինչի՞ շուրջ եք հիմնականում զրուցել և ինչ հարցեր էր հետաքրքրում հանձնակատարին:

-Համմարբերգը հիմնականում ուզում էր  տեղեկանալ մարտի 1-ին հաջորդած իրադարձությունների մասին: Իմ տեսակետը հետևյալն էր: Հայաստանում ամեն նախագահական ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամ է եղել, որովհետև այդ ընտրություններն  ուղեկցվում են բազմաթիվ խախտումներով: Ճգնաժամը, կախված ընտրությունից, տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի, որի ընթացքում հաստատվում է համեմատաբար խաղաղ վիճակ մինչև հաջորդ ընտրությունը: Այդ  առումով 2008 թվականը բացառություն չէր, այն տարբերությամբ, որ զոհեր եղան: Այսօր, իհարկե, նախկին լարվածությունը չկա,  բայց իշխանություն-ընդդիմություն լարվածությունը պահպանվում է: Եվ հասարակությունը պահանջում է 10 զոհերի պատասխանը: Ովքե՞ր են այդ զոհերի պատասխանատուները, կամ ո՞վ պիտի տա դրա պատասախանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռևս պարզ չէ: Այդ գործով 8 հոգի ձերբակալված կա:

Ո՞ւմ մասին հատկապես խոսք եղավ:

-Ես խոսեցի Սարգիս Հացպանյանի մասին, որովհետև համոզված եմ, որ իշխանությունները նրան կներկայացնեն որպես ոչ մարտի 1-ի գործով ձերբակալված, սակայն, իմ համոզմամբ, այդպես չէ:  Նա համակրում էր ընդդիմությանը, և մինչ  նրան սուտ մատնության հոդվածով դատապարտելը բազմիցս ձերբակալելու փորձեր են եղել: Ես համոզված եմ, որ Հացպանյանի ձերբակալությունը մարտի 1-ի հետ է կապված, և նրա նկատմամբ հատուկ վրեժխնդրություն կա,  որովհետև, բացի սուտ մատնությունից, ուրիշ ոչ մի հոդված չկա: Իսկ այս ամբողջ ընթացքում  նրան որևէ կերպ չեն ներկայացրել վաղաժամկետ ազատման. 3,5 տարին դաժան պատիժ է դրա համար:

Ուրիշ ի՞նչ հարց բարձրացրիք:

-Ես անդրադարձա նաև հավաքների ազատությանը: Միակ խնդիրը, որ Հայաստանում կա, Ազատության հրապարակում անցկացվելիք հավաքներն են, որ չեն թույլատրում: Ես ասացի, որ իշխանությունը որպես մերժման պատճառ երկու փաստարկ է բերում, մեկը ստորգետնյա կայանատեղու առկայությունն  է, որին կխանգարի հավաքը, մյուսն էլ այն է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից  Մատենադարանի տարածքը Ազատության հրապարակին համարժեք տարածք է: Բայց այստեղ սկզբունքային հարց կա. Ազատության հրապարակում հավաքը չարտոնելը ընդդիմության համար պարտություն է, իշխանության համար՝ հաղթանակ:

Հելսինկյան կոմիտեն 2010 թ. ուսումնասիրություն է հրապարակել` «Կրոնի ազատությունը Հայաստանում»: Խոսվե՞ց այդ մասին Համմարբերգի հետ:

-Այո, իհարկե: Ինձ անհանգստացնում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի վիճակը: Ինչքան տեղյակ եմ, պատրաստվում են փոփոխություններ կատարել այդ օրենքում, բայց մինչև հիմա սայլը տեղից չի շարժվել: Այս պահի դրությամբ Հայաստանի ՔԿՀ-ներում 70 Եհովայի վկա կա, որոնք  հրաժարվում են ծառայել բանակում:

Համմարբերգը հետաքրքրվել է նաև բանակում տիրող իրավիճակի մասին: Եղա՞ն որոշակի առաջարկություններ:

-Ես առաջարկեցի բանակում տուժածների համար ստեղծել հատուկ պաշտպան և բողոքողների համար ինչ-որ մեխանիզմ, քանի որ, ըստ օրենքի, բանակում տուժածին հանրային պաշտպան չի հասնում, իսկ սովորաբար  բանակում տուժում են սոցիալապես անապահով խավի մարդիկ, որոնք բավարար միջոցներ չունեն փաստաբան վարձելու համար: Առաջարկեցի նաև բանակի սպաների համար մարդու իրավունքներին վերաբերվող  դասընթացներ անցկացնել:

Դիտվել է 3157 անգամ:
Print Friendly

Leave a Reply