Ի՞նչ կարելի է սպասել Տիգրան Կարապետյանի հանրահավաքներից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 25, 2011 14:09

Փետրվարի 28-ին  Մատենադարանի տարածքում Տիգրան Կարապետյանը կանցկացնի հերթական հանրահավաքը: Հունվարի 19-ի հանրահավաքի ժամանակ նա հայտարարել էր. «Եթե իշխանությունները մինչև փետրվարի 28-ը զիջումների չգնան, մենք արտահերթ ընտրություններ ենք հայտարարելու և «ոչ» ենք ասելու այս իշխանություններին»:

Ի՞նչ ֆենոմեն է սա: Կարապետյանն ասում է, որ ինքը խոսում է  ժողովրդի անունից և անձի խնդիր առաջ չի քաշում:

Տիգրան Կարապետյանի ֆենոմենը, որը դեռևս ձևավորման փուլում է, առաջացավ այն բանից հետո, երբ 2010 թ. դեկտեմբերի 16-ի ՀՌԱՀ-ի վարկանշային քվեարկությամբ կայացած հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 1-18-րդ մրցույթում ԱԼՄ հեռուստաընկերությունը լիցենզիա չստացավ: ԱԼՄ, TV-5, «Շողակաթ» ու «Հայրենիք TV» հեռուստաընկերությունները հունվարի 20-ին եթերազրկվեցին: Բացի ԱԼՄ-ից, թվարկված հեռուստաընկերությունները պարզապես չէին մասնակցել մրցույթին:

ԱԼՄ հեռուստաընկերության վերջին րոպեներն ավարտվեցին  Կարապետյանի  հանրահավաքների դրվագներով: «Առանց եթեր էլ ես ձեզ կգտնեմ ամենուր»,- խոստացավ Կարապետյանն ու նրանց «գտավ» Մատենադարանի տարածքում:

Հունվարի 19-ի հանրահավաքը բազմամարդ էր ու ձգվում էր Մատենադարանի հարթակից մինչև Պոնչիկանոցին հարող տարածք: Տիգրան Կարապետյանն անձամբ էր վարում հանրահավաքը և հիշեցնում, որ ինքը «չի ուրանա ժողովրդին», որ ինքը պատրաստ է մեռնելու հանուն նրա…

«Մենք պահանջ ենք ներկայացնելու, լուրջ պահանջ` արտահերթ ընտրությունների: Չեն անի` մենք դուրս չենք գա: Պետք լինի` ես քարի վրա էլ կնստեմ, բայց ժողովուրդը կտեսնի, որ կա՛մ պետք է մեզ սպանեն, կա՛մ պետք է արդար ընտրություններ լինեն,- ասաց նա,-  իշխանությունը չի կարող օտարված լինել  ժողովրդից: Հարգելինե՛րս, մենք ձեզ սիրում ենք, մենք միասին ենք, ոչ ոք չի կարող պառակտել մեզ»:

Հանրահավաքի վերջում նա բոլորին հիշեցրեց, որ վճռական է տրամադրված, որ գնալու է մինչև վերջ: Նրա հայտարարություններն ընդմիջվում էին «գնալու ենք մինչև վերջ առանց զիջումների» կամ  «մինչև վերջ, մինչև վերջ» վանկարկումներով…

Կարապետիչի մուտքն ու ելքը նման էր աստղային բեմելի: Նա եկավ հայտարարվածից մեկ ժամ հետո, որպեսզի հարթակ բարձրանա բազմությունը ճեղքելով: ԺԿ նախագահը բոլորին ժպտում էր, ձեռքով ողջունում  կամ գրկում համբուրում: Դեմքի նույնպիսի ինքնագոհ արտահայտությամբ էլ իջավ հարթակից:

Տ. Կարապետյանն  «Անկախին» ասաց, որ իրեն հետաքրքրում է ոչ թե իշխանափոխությունն ու արյունոտ հեղաշրջումը, այլ արդարության հաղթանակը:

«Ինչո՞ւ իշխանությունները չեն մտածում ժողովրդի մասին,- հարցնում է նա ու պատասխանում,- նրանք բողոքում են, թե կենսաթոշակային ֆոնդում փող չկա, իսկ ես ասում եմ, որ բոլոր բենզալցակայաններում աշխատող տղաները ձևակերպված չեն, գործարանների աշխատողները գրանցված չեն, հենց նույն հեռուստաընկերություններում 150-200 մարդ է աշխատում, բայց գրանցված է 15-20 հոգի, այն էլ ցածր աշխատավարձերով: Սրանք հարցեր են, որ մնում են մակերեսի վրա»:

Կարապետյանն ասում է, որ հետամուտ է լինելու այս հարցերի լուծմանը և պատրաստ է միանալու ցանկացած քաղաքական ուժի, որին հետաքրքրում է ոչ թե «աթոռի կռիվը», այլ ժողովրդի շահը: «Եթե իշխանությունները չգնան փոփոխությունների, ես պահանջելու եմ արտահերթ ընտրություններ, ընդ որում, առաջին հերթին նախագահական, հետո՝ խորհրդարանական»,- ասում է նա:

Անհայտ է, թե իշխանափոխություն չպահանջելով և համակարգային փոփոխություններ պահանջելով` ի՞նչ նկատի ունի Կարապետյանը: Ի՞նչ նպատակ է հետապնդում Կարապետյանն իր հանրահավաքներով: Ցերեկվա լույսի պես պարզ է, որ  իշխանությունները 20 օրում ոչ մի համակարգային փոփոխություններ չեն կատարի:

Փետրվարի 12-ին գումարվելու է  ԲՀԿ-ի V համագումարը, և բացառված չէ ինչ-ինչ արդյունքներ սպասելն այդ համագումարից հետո. արդեն ԲՀԿ-ին է միացել Հայաստանի առաջադիմական կուսակցությունը: Իսկ Կարապետյանը հայտարարում է, որ դեմ չէ միանալ ցանկացած ուժի, նաև՝ ՀԱԿ-ին:

ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Անկախին» ասաց, որ ՀԱԿ-ին կարող է միանալ ցանկացած ուժ կամ անհատ, ով առաջնորդվում է ՀԱԿ-ի հռչակագրում ամրագրված դրույթներով և պայքարում է իշխանության բռնապետության դեմ:  ԺԿ-ի մասին Մուսինյանն ասաց, որ դժվարանում է որևէ բան ասել. «Կանցնի որոշ ժամանակ և կերևա հետագա անելիքը, այս պահին դատողություններ անել չի կարելի»:

Հանրահավաքի մարդկանցից մի մասը եկել էր  հանրահավաքի ոչ Կարապետյանի համար.  մարդկանց մի գանգված կա, որ միշտ  գալիս է հետաքրքրությունից դրդված:  Սակայն այդքան մեծ զանգվածի առկայությունն անհասցե հանրահավաքում ցույց է տալիս, որ մարդիկ նոր անուն են փնտրում: Կարապետյանն այդ անունը չէ: Եվ դժվար է կապել այս խմորումները 2013 թ. նախագահական ընտրությունների  հետ: Այն ավելի շուտ ներքաղաքական վերադասավորումների շարքից է:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply