ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո նախագահ Սարգսյանը կմեկնի Ռուսաստան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 2, 2009 21:18

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 31-ին Ղրղզստանում մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը ռազմաքաղաքական դաշինքի պատմության մեջ 2-րդ ոչ պաշտոնական հավաքն է:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի գրասենյակը, հանդիպmանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները: Ռուսաստանը և Ղրղզստանը հուշագիր են ստորագրել` Ղրղզստանում լրացուցիչ ռուսական զորակազմ տեղակայելու վերաբերյալ:

ԻսսիԿուլի մերձափնյա «ՌուխՕրդո» մշակութաազգագրական կենտրոնում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու եւ միջազգային անվտանգության հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տեղեկատվական քաղաքականությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Բակիեւն ասել է, որ բաց եւ կառուցողական երկխոսություն է ծավալվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության` մասնավորապես կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ: ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ընդգծել են համակարգված տեղեկատվական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Նրանք նաեւ պայմանավորվել են ԻսսիԿուլի ափին երիտասարդական կենտրոն հիմնելու մասին:

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին Բակիեւի կողմից ՀԱՊԿ երկրների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:

Ղրղզստանից Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզ, որտեղ ներկա կգտնվի Օրենբուրգում «Ազգային գյուղ» հայկական մշակութային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply