Քաղաքապետարանի աշխատակցին բռնել են կաշառք ստանալու պահին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 25, 2011 0:22

Քիչ առաջ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Երեւանի ժամանավոր պահման վայր տեղափոխեցին Երեւանի քաղաքապետարանի աշխատակցին, ում բռնել էին կաշառք ստանալու պահին:
Նշված աշխատակիցը Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի Գեոդեզիայի բաժնի առաջին կարգի մասնագետ, 28-ամյա Ռուստամ Ռուբենի Մաթեւոսյանն է: Այսօր՝ հունվարի 24-ի կեսօրին նրա աշխատասենյակում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները ձերբակալել են 10.300 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու պահին: Նա կաշառքն ստացել է Երեւանի բնակիչ Ա. Հայրապետյանից:

Ռուստամ Մաթեւոսյանը այդ գումարի դիմաց պետք է Հայրապետյանին օգներ, որպեսզի Քանաքեռ–Զեյթուն համայնքի Կորեայի ձորի Մանկական թաղամասում 1000 քմ ապօրինի զավթված հողակտորը չափագրեր եւ օրինականացներ:

Բացի այդ, Երեւանի Մանուկյան փողոցում զավթած հողակտորը նույնպես չափագրելու, փաստաթղթեր ձեւակերպելու, դրանց հիման վրա քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը նույն անձին հանձնելու համար Ռ.Մաթեւոսյանը նրանից պահանջել եւ ստացել է 800 ԱՄՆ դոլար կաշառք։

Նախաքննության շահերից ելնելով Հայրապետյանի մնացած տվյալները չենք հրապարակում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քօրի 311 պրիմ հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից դրամի գույքի նկատմամբ իրավունքի կամ արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով կաշառք ստանալը):

Ստեղծված նյութերն ուղարկվել են Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply