Գեղամ Խանդիլյանը ջազի սիրահար էր

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 1, 2009 19:39
dsc_87841

«Որոգայթ»-ի դերասաններ Հարություն Մովսիսյանը և Գեղամ Խանդիլյանը

Հովոն (Հարություն Մովսիսյան), նստած մահացած Գեղամի ու Գարիկի նկարների դիմաց, արտասվում էր: Ահա այսպես իրական կյանքում ողբերգությունը մտավ նաև «Որոգայթ» սերիալ, որից դուրս մնացին մոտ 2 տարի հայ հանդիսատեսին գերած Գարիկի ու Գոքորի կերպարները:

«Մինչև հիմա Ավստրալիայից, ԱՄն-ից զանգում ու ցավակցում են,- տխուր հոգոցով պատմում է Գեղամի մայրը՝ Աննա Խաչատրյանը, -ասում են, որ Գեղամն իրենց համար դարձել էր ընտանիքի անդամ, որ իրենց ընտանիքում սուգ է»:
Իսկ ինչպիսի՞ն էր Գեղամ Խանդիլյանը (ի դեպ Գեղամը Խանդիլյան է, ոչ թե Ղանդիլյան, ինչպես հրապարակվել էր տարբեր լրատվամիջոցներում) «Որոգայթից» դուրս՝ իրական կյանքում:

«Ինքը կյանքում հենց այնպես էր, ինչպես տեսել եք կինոյում, -ասում է Գեղամի քույրը՝ Դիանա Խանդիլյանը, -իսկ սցենարն անգիր չէր անում, այլ մի հատ աչքի էր անցկացնում, որովհետև տեքստը գրված էր հենց նրա համար»:
Կինոյից դուրս Գեղամը եղել է աստվածավախ անձնավորություն ու ամեն անգամ տանից դուրս գալուց առաջ խաչակնքվել է ննջարանում փակցված Քրիստոսի նկարի առջև:

Դիանան ասում է, որ եղբայրը սիրում էր լավ հագնվել, ընդ որում հագնվել է առանձնահատուկ ոճով: «Ինքը կարող էր իր շորերը պատվիրել, որպեսզի այն լիներ միայն իրենը ու չկրկնվեր», -ասում է Դիանան: Ննջասենյակի պահարանում այժմ էլ կոկիկ դասավորված են Գեղամի կոստյումները, երկարաճիտ կոշիկները, «Rich» և «Dolce Gabbana» ակնոցները:

Գեղամը շատ է սիրել շներ: (Հենց հիմա Գեղամենց տանը կան դալմատին ցեղատեսակի երկու շուն` 10 տարեկան մայրը ձագի հետ): «Մի անգամ Սեբաստիայի մայրուղով գիշերով անցնելիս նկատել է, որ փողոցի կենտրոնում մի շուն կուչ եկած նստած է, -հիշում է տիկին Աննան, -կարկտախառն անձրև, ամբողջ երթևեկությունը կանգնեցրել, շանը վերցրել, տարել, դրել է անվնաս մի տեղ՝ շենքերի մուտքերից մեկում»:

Հոկտեմբերի 14-ին նա կդառնար 35 տարեկան: Տիկին Աննան ասում է, որ Գեղամը եղել է թմբլիկ, աշխույժ, ընկերասեր երեխա: Հաճախել է Չարենցի անգլիական թեքումով դպրոցը, իսկ ավարտել՝ Մալաթիայի սպորտդպրոցի ծանրամարտի ու բոքսի դասարանները:
«Ինքը դեռ 16-17 տարեկանից «Դվին» ու «էրեբունի» հյուրանոցներում, Կինոյի տանը կազմակերպում էր շոու դիսկոտեկներ, -ասում է Դիանան, -ու երբեք կինոյի կամ դերասան դառնալու մասին չի մտածել»:

7 տարեկանում մահացել է Գեղամի հայրը, և նրան ու Դիանային պահել է մայրը:
Աննա Խաչատրյանը ջազ երգչուհի է, 70-ականներին երգել է Երևանի էստրադային տարբեր բեմերում, աշխատել է Լևոն Մալխասյանի հետ Մելիք Մավիսակալյանի ջազ օրկեստրում: Երկար տարիներ երգել է Մոսկվայի «Ռոմեն» գնչուական երգի թատրոնում:
Հենց մորից էլ Գեղամը ժառանգել է սերը դեպի երաժշտությունը: «Գեղամը երաժշտությամբ ապրում էր, -ասում է Դիանան, -մեքենայի մեջ, քնելուց, ամոթ չլինի ասելը՝ նույնիսկ տուալետ գնալուց երաժշտությունը նրա հետ էր: Ասում էր` երաժշտությունն ինձ էներգիա է տալիս»:

Գեղամը երազում էր գնալ ԱՄՆ ու անձամբ տեսնել Ջեյմս Բրաունին: Ընդհանրապես Գեղամը մեծացել էր Ամերիկա գնալու երազանքով. «Ես 2000թ. Պրոսպեկտի վրայի 6 սենյականոց տունս ծախել եմ, որ ինքը գնա Ամերիկա, -ասում է մայրը, -գնացել գտել էր Բրաունի տունը, հեռվից նայել էր, չէին թողել տուն մտնի»:
Գեղամը որոշել էր մեկնել ԱՄՆ և հետագա կյանքը դասավորել այնտեղ: «Ինքն ուզում էր մի կյանք ստեղծել, որտեղ կարող էր շփվել իր ջազային կուռքերի հետ ու ապրել այդ բոհեմում, -ասում է Դիանան, -Լոս-Անջելեսի հայ համայնքը հրավեր էր ուղարկել եղբորս, որը ճակատագրի հեգնանքով ստացվել էր հենց ավտովթարի օրը ու երևի մինչև հիմա Ամերիկայի դեսպանատանն է»:

Գեղամի մականունը Ջեյմս էր: Ջազի մեծ սիրահար էր: Նրա կուռքերն էին Ջեյմս Բրաունը, Ալ Ջերոն, Բենսոնը, Մայլս Դեյվիսը: «Երբ Մայլս Դեյվիսը մահացել էր, եղբայրս տան պատին փակցրել էր սև ժապավենով կապած Մայլս Դեյվիսի նկարը», -տխրությամբ հիշում է Դիանան:
Իսկ կինոյում Գեղամը հայտնվել է շատ պատահական: Սկզբում հրավիրել են կազինոյի համար գովազդային հոլովակում նկարահանվելու, որից հետո Շանթ հեռուստաընկերությունը հրավիում է խաղալու «Վերվարածներ» սերիալում: «Ինքը դեռ «Վերվարածներից» ճանաչում ձեռք բերեց, -ասում է տիկին Աննան, -ու մեծից փոքր սկսեցին երկրպագել Գոքորին»:

d0b1d0b5d0b7d0b8d0bcd0b5d0bdd0b8-1

Գեղամն ու Սուսաննան.«Իմ ուրախությունն ու երջանկությունն իմ Գեղամի հետ գնաց»

«Իսկ երկրպագուներին սկիզբ ու վերջ, մեծ ու փոքր չկար, -պատմում է Դիանան, -քանի անգամ է հեռախոսի համարը փոխել, մեկ ա իմանում ու նորից զանգում էին»:
«Նույնիսկ 13-14 տարեկան դեռահաս աղջիկներ քանի անգամ եկել են մեր տուն, իմ ականջով եմ լսել, որ ախպերս ասել ա.«Աղջիկ ջա’ն, ես քեզ պապա եմ գալիս», -ասում է Դիանան:

Գեղամն ամուսնացած չի եղել: «Դագաղը տան մեջ դրած, էդ վիճակի մեջ՝ 4-5 աղջիկ եկել ու ինձ ասել են, թե Գեղամն իրենց մատանի ա նվիրել, -հեկեկալով պատմում է տիկին Աննան, -հիմա ինչ ասեմ ես էդ աղջիկներին»:
Քույրն ասում է, որ այդպիսի մի աղջիկ էլ Աննա Սարգսյանն է, որ «Անկախի» 8-րդ համարում հպարտանում է, թե Գեղամն իրեն մատանի է նվիրել և խոստացել ամուսնանալ: Դիաննան ասում է, որ եթե Աննան սիրում է Գեղամին, ապա ինչո՞ւ է հեռախոսային խոսակցությունը ձայնագրել:

Դիանան ասում է, որ եղբայրը շատ խաթրաշահ անձնավորություն էր: «Ինքը չէ բառը չգիտեր: Բոլորին նվերներ էր անում` փափուկ խաղալիքներ, հուշանվերներ, -պատմում է Դիանան, -ասում էր, քու’ր, եթե ուզում ես մի բանի հասնել, ոչ ոքի չէ պիտի չասես»:
Իսկ Գեղամի ընկերուհին Սուսաննա Հարությունյանն էր, ով Գեղամի մոր ու քրոջ հավաստմամբ, նեղ պահերին նրա կողքին է եղել:
«Լինում ա էնպես, որ մեկին գտնում ես ու հասկանում, որ գտար քո երկրորդ կեսին: Էդ ես ու Գեղամն էինք, -ասում է Սուսաննան, -էս իմ կյանքն էլ իմը չի. իմ ուրախությունն ու երջանկությունն իմ Գեղամի հետ գնաց»:

Գեղամը, կարծես կանխատեսելով իր մահը, հաճախ հարցրել է Սուսանին` ես որ մեռնեմ, ի՞նչ ես անելու: Իսկ Սուսանը կեսկատակ պատասխանում էր` Գեղա’մ ջան, տենց բան չի լինի: Իսկ որ Գեղամը էլի էր կրկնում, ասում էր` Գեղա’մ ջան, քառասունքդ չլրացած գալու եմ մոտդ:

Դիտվել է 6349 անգամ:
Print Friendly

Leave a Reply