Հետևողական ուշադրություն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2011 17:03

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ քննարկվեցին քաղաքապետարանում հունվարի 24-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Անդրադառնալով տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգին` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարևորեց բոլոր այն ուղղությունները, որոնք պետք է ներառվեն նոր հայեցակարգում: Մայրաքաղաքում տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ուշադրություն հրավիրվեց ավտոկայանատեղերի գույքագրման, մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեսախցիկների տեղադրման, երթևեկության նոր ժամանակացույցների մշակման, ինչպես նաև հասարակական տրանսպորտի համար երթևեկության հատուկ հատվածներ առանձնացնելու խնդիրներին: Բացի այդ, քաղաքապետը նշեց, որ ապագայում հասարակական տրանսպորտի երթևեկության գործում նախապատվությունը տրվելու է ավտոբուսներին և այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել:  Կարեն Կարապետյանը  հանձնարարեց նաև շարունակել վերահսկողությունը ավտոկայանատեղերի գույքագրման ուղղությամբ: Մինչ <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին>> ՀՀ օրենքի ընդունումը, հարկ է արգելել ապօրինի կայանատեղերի գործարկումը, իսկ օրինական գործունեություն իրականացնողների հետ կնքել կարճաժամկետ պայմանագրեր:
Անդրադառնալով բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման գործընթացին` քաղաքապետը համապատասխան կառույցների առջև խնդիր դրեց հետևողականորեն շարունակել աշխատանքը: <<Ապօրինի բացօթյա չի լինելու: Այս գիծը մենք շարունակելու ենք>>,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: Նշվեց, որ հունվարը առևտրի տեսակետից բավական անբարենպաստ ժամանակաշրջան է և, տեղափոխվելով փոքր շուկաներ, առևտրականները ժամանակ կունենան նոր միջավայրում հարմարվելու: Միաժամանակ քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել նոր փոքր շուկաներ կազմակերպելու պահանջարկի անհրաժեշտությունը:

Միաժամանակ նշվեց, որ խիստ և հետևողական վերաբերմունք է լինելու նաև ապօրինի  շինարարության և հողազավթման ասպարեզում:

Անդրադառնալով 2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին` քաղաքապետը նշեց, որ քաղաքային տնտեսության յուրաքանչյուր ոլորտի մասով պատասխանատու օղակը պետք է հստակ պատկերացում ունենա իր առջև դրված խնդիրների և անելիքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում համակարգված աշխատի գործարար միջավայրի հետ:
Մեկ անգամ ևս շեշտելով Երևանի հանրակրթության զարգացման նոր հայեցակարգ ներդնելու անհրաժեշտությունը` հանձնարարվեց այն դիտարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:  Քաղաքապետը հանձնարարեց նաև ուսումնասիրություններ ներկայացնել, թե որքանով են դպրոցների տնօրենները համապատասխանում դպրոցի ղեկավարման իրավունքի և տնօրենի պաշտոնի նկարագրի պահանջներին:
Հանձնարարվեց խիստ վերահսկողություն սահմանել նախադպրոցական հաստատություններում սննդի կազմակերպման ուղղությամբ:
Քաղաքապետը ուշադրություն հրավիրեց վարչական շրջանների ղեկավարներին վերապահված լիազորությունների հարցին` հատկանշելով, որ այն կիրարկման մեջ դնելուց հետո ակնկալվելու է թե’ մեծ պատասխանատվություն և թե’ արդյունավետ աշխատանք: Կարեն Կարապետյանն առաջարկեց վարչական շրջաններից յուրաքանչյուրում ստեղծել ժամանցային, գործարար և մշակութային ուղղվածությամբ փոքր կենտրոններ` վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարելով ներկայացնել համապատասխան առաջարկներ:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply